ԱՆԻՍԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ. ԵՐԵԿՙ ԱԼԲԱՆԱԿԱՆ ԿԻՆՈԱՍՏՂ, ԱՅՍՕՐՙ ԳՐՈՂ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ալբանական կինոյի երբեմնի աստղ Անիսա Մարգարյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 4-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, հայ հոր եւ ալբանուհի մոր ընտանիքում: Չնայած նրա վաղ դրսեւորված գեղարվեստական ձիրքերին, հատկապես դերասանության եւ գրականության ոլորտներում, աղջիկը որոշել է մասնագիտանալ բժշկության մեջ: Դպրոցն ավարտելուց հետո անեստեզիոլոգիա է սովորել Տիրանայի համալսարանի հիվանդանոցում: 1990-ի վերջին արտագաղթել է Ֆրանսիա, որտեղ աշխատում է որպես շտապ օգնության բժիշկ եւ ֆիզիոպաթոլոգիայի ու դիետիկ սննդառության դասախոս: Կինոյում Անիսան իր առաջին դերը կատարել է 16 տարեկանում, իսկ 18-ում գլխավոր կինոդերակատարման համար արժանացել է լավագույն դերասանուհու մրցանակին: Իր վերջին երկու ալբանական ֆիլմերում նա ոչ միայն գլխավոր դերակատարուհի էր, այլեւ սցենարի հեղինակը: Ֆրանսիա տեղափոխվելուց հետո մասնակցել է եւս երկու կինոնկարիՙ խաղալով դրվագային դերեր «Հեռու բարբարոսներից» (1993 թ., ֆրանս-բելգիական-իտալական արտադրություն) եւ «Պառկել առյուծների մոտ» (1994, անգլիական արտադրություն) ֆիլմերում: 2017-ին Անիսա Մարգարյանին Ալբանիայի Հանրապետության նախագահ Բույար Նիշանին շնորհել է Մեծ վարպետի կոչումՙ «ի ճանաչումն եւ գնահատումն առանձնահատուկ եւ տաղանդավոր այն արվեստագետի, որն իր հիշարժան կինոդերերով ու մեկնաբանություններով, ինչպես նաեւ մայրենի ալբաներենով գրված իր գրական պատմություններով դարձել է Ալբանիայի գեղարվեստական եւ մտավոր վերնախավի ամենանշանավոր դեմքերից մեկը»: Ժամանակին Անիսա Մարգարյանի մասին գտածս ժլատ տեղեկությունները ներառել էի իմ «Հայերը համաշխարհային կինոյում» գրքում (2004) եւ Ալբանիայի հայ համայնքի պատմության վերաբերյալ փոքրիկ ուսումնասիրությանս մեջ: Այսօր, սոցիալական ցանցերի շնորհիվ, հաջողվեց կապվել նրա հետ, եւ Անիսա Մարգարյանն ընդառաջեց հայ մամուլին հարցազրույց տալու առաջարկիսՙ նշելով, որ դա պատիվ է իր համար եւ որ «ինձ համար դա շատ բան է նշանակումՙ որպես Ցեղասպանությունը վերապրած հայի դուստր»... - Հարգելի Անիսա, խնդրում եմ նախ պատմեք ձեր հայկական արմատների մասին: - Հայրսՙ Հակոբ Մարգարյանը, ծնվել է 1898-ին, Օսմանյան կայսրության հայաբնակ Աֆիոն-Կարահիսար քաղաքում: 1915 թվականի օգոստոսին, ընդամենը 17 տարեկան հասակում, օսմանյան կառավարությունը նրան իր ընտանիքի հետ միլիոնավոր այլ հայերի պես բռնի հանել է իրենց տնից եւ ուղարկել Դեր Զոր սիրիական անապատը: Հորս ծնողներն ու հայրական տատը մահացել են այդ տխրահռչակ մահվան երթի ժամանակ: Աստծո ողորմությամբ Հակոբը, նրա երկու քույրերն ու եղբայրը ողջ են մնացել Ցեղասպանության սարսափներից: 1921 թվականին հայրս փախել է Հալեպից եւ վերադարձել Թուրքիաՙ Կոստանդնուպոլիս, որտեղ նա որպես օգնական աշխատել է մի հայ ատամնաբույժի մոտ: Հինգ տարի անց նա տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքըՙ ատամնաբուժություն ուսանելու: Ավարտելով ուսումըՙ 1931-ի մարտին հայրս ճամփա է ընկել Ադիս Աբեբաՙ Եթովպիա, որտեղ նա պիտի աշխատեր որպես ատամնաբույժ, սակայն չգիտես ինչու փոխել է իր նպատակակետը ու նստել է Ալբանիա մեկնող նավը: Սկզբում որպես Կարմիր խաչի աշխատող նա գործել է Ալբանիայի հարավ-արեւելքում գտնվող Կորչա քաղաքում, իսկ 1932-ի փետրվարին բացել է սեփական ատամնաբուժական կլինիկան Տիրանայում, որտեղ աշխատել է մինչեւ 1948 թվականըՙ Ալբանիայի կոմունիստական կառավարության կողմից մասնավոր ձեռնարկությունների ազգայնացման տարին: Այդ թվականից մինչեւ թոշակի անցնելը 75 տարեկանումՙ նա դասավանդել է Տիրանայի հանրային կենտրոնական ատամնաբուժարանում: Հայրս ամուսնացել է երկու անգամ: Առաջին անգամ 1934-ինՙ հայուհի Եվգենյա Կոկանյանի հետ: Վերջինիս մահից հետո, 1961-ին, նա ամուսնացել է մորսՙ ալբանուհի Եվդոկիա Միմայի հետ, մասնագիտությամբՙ հաշվապահ, որը նրան երկու զավակ է պարգեւելՙ ինձ ու եղբորս, որն ինձնից փոքր է չորս տարով: Երկուսս էլ կրում ենք մեր հայրական տատիկ-պապիկի անունները` Անիսա եւ Մարգար: Հայրս մահացավ Տիրանայում, 1980-ի օգոստոսի 15-ին, 82 տարեկան հասակում... - Ալբանիայի հայության պատմությունն ուսումնասիրելիս տեղեկացա, որ 1938-ին Ալբանիայի թագավոր Զոգ I-ը «Սկանդերբեգ» մեդալն է շնորհել ատամնաբույժ Հակոբ Մարգարյանին եւ գինեկոլոգ Մոգին Փոթուրլյանին: Ինչպե՞ս կբնութագրեք ձեր հոր դերը ալբանական բժշկության պատմության մեջ: - Առաջին անգամ է, որ լսում եմ այս մեդալի մասին, շնորհակալ եմՙ ինձ տեղյակ պահելու համար: Հայրս երբեք չի պատմել այդ մասին: Միգուցե ռեժիմի վրեժխնդրության հանդեպ ունեցած վախն էր պատճառը կամ այն, որ նախկին թագավոր Զոգ I-ի տված բարձր պարգեւները կոմունիստական կառավարությունն անվավեր է ճանաչել: Ինչ վերաբերում է ալբանական բժշկության պատմության մեջ նրա դերին, հայրս համարվում է ալբանական ատամնաբուժության հիմնադիրը: 1952-ին նա բացել է ատամնաբուժական առաջին լաբորատորիան Ալբանիայում, որտեղ բուժում էին հազարավոր հիվանդների, ինչպես նաեւ վերապատրաստվում էին ալբանացի երիտասարդ ատամնաբույժների սերունդներ: - Ձեր հայրը ձեզ եւ ձեր եղբորը սովորեցրե՞լ է հայերեն: - Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ մայրս նախքան իմ ծնվելը սովորել է հայերենՙ ելնելով հորս հանդեպ ունեցած սիրուց: Այսպիսով, ես սովորել եմ երկու ծնողներիս հետ խոսել եւ գրել հայերեն: Նույնը եւ եղբայրս: Հորս հետ ունեցած ամենաթանկ հիշողություններից է մեր երկարատեւ հայերեն զրույցները: Կյանքի վերջին տարիներին ժամանակը նրա համար արդեն դադարել էր: Անցյալն ու ներկան միավորվել էին: Նա ինձ պատմում էր իր երջանիկ մանկության մասին: Բայց զարմանալիորեն իմ հորաքույրերն ու հորեղբայրը մնում էին իրենց նույն տարիքումՙ նախքան թուրք զինվորների կողմից տնից քշվելը, իսկ Հակոբը մեծացել էր ու ընտանիք էր կազմել Ալբանիայում: Այս ամենը ինձ համար շատ ցավալի էր: Ինչ-որ իմաստով, կարծես նա ինձ հետ էր տանում Աֆիոն-Կարահիսար, եւ ես հորաքույրերիս ու հորեղբորս հետ խաղում էի նրանց տան բակում, որտեղ, եթե ճիշտ եմ հիշում, կար մի ծիրանենի ու մի նռնենի: - Ալբանիայի փոքր հայ համայնքը հիմնականում բաղկացած էր արհեստավորներից, վաճառականներից եւ բժիշկներից: Կոմունիստական ռեժիմից հետո հայերի զգալի մասը հեռացավ Ալբանիայից: Ի՞նչ եք հիշում Տիրանայի հայ համայնքի կյանքից: - Հատկապես հիշում եմ անվերջ փոխայցելությունները, խնջույքները լողափում կամ Տիրանայի մերձակա գյուղերում, հայկական Սուրբ Ծնունդը, Սուրբ Վարդանի տոնը եւ Ապրիլի 24-ի ոգեկոչումը: Երբեք չի եղել պաշտոնական արարողությունՙ ի հիշատակ Ցեղասպանության հայ նահատակների: Չնայած Ալբանիայի կառավարությունը կարեկցող վերաբերմունք ուներ հայ համայնքի նկատմամբ, նա երբեք չի ընդունել կամ դատապարտել 1915 թվականի թուրքական ցեղասպանությունը: Միակ ցեղասպանությունը, որի մասին խոսում էինք Ալբանիայում, երկրորդ աշխարհամարտի ընթացքում նացիստների կողմից հրեաների ցեղասպանությունն էր: Ահա թե ինչու ինձ հաճախ հրեական ծագում էին վերագրում: - Դերասանական կարիերան սկսել եք վաղՙ 16 տարեկան հասակում: Ինչպե՞ս սկսվեց: - Ճիշտ է, առաջին կինոդերս կատարել եմ, երբ ընդամենը 16 տարեկան էի: Բայց ութ-ինը տարեկանից բեմ եմ բարձրացել դպրոցի թատերախմբի հետ: Մասնակցել եմ նաեւ գրական մրցույթներիՙ ասմունքելով եւ ներկայացնելով գեղարվեստական տեսարաններ: Ինձ նկատել եւ հայտնաբերել է ալբանացի հայտնի կինոռեժիսոր Գեզիմ Էրեբարան 1978-ի մարտին: Նա իր օպերատորի ուղեկցությամբ շրջում էր Տիրանայի ավագ դպրոցներումՙ դերակատարուհիներ փնտրելով իր «Կարմիր ժապավեններով աղջիկները» ֆիլմի համար: Մի օր նրանք մտան մեր դասարանը: Կինոբեմադրիչը խնդրեց տեքստ կարդալ, իսկ օպերատորը լուսանկարեց ինձ: Մեկ շաբաթ անց ինձ հրավիրեցին կինոստուդիաՙ առաջին փորձնական նկարահանումներին: Երեք օր անց, երկրորդ նկարահանումների ժամանակ ինձ փորձեցին ֆիլմի երկրորդ կարեւոր դերիՙ Դուրատայի համար, որն էլ եւ շահեցի: - Ենթադրում եմ, որ ձեր դերասանական կարողությունները ժառանգել եք ձեր մոր հորեղբորիցՙ հայտնի թատերական դերասան Պրոկոպ Միմայից: - Այո, կարծում եմՙ արտիստական ձիրքերս ինձ անցել են իմ մայրական կողմից: Միմաները, որոնց ավագ որդին էր Պրոկոպը, արվեստագետների ընտանիք էինՙ բառի իրական իմաստով: Պատանեկության տարիներին մայրս որպես երգչուհի-պարուհի հանդես է եկել Ալբանիայի պետական ժողովրդական համույթի կազմում: Նրա ավագ քույրը Օպերայի երգչախմբի ալտերից էր, իսկ ավելի ուշՙ երգեցողության ուսուցչուհի: Իհարկե, ընտանիքի ամենահայտնի անդամն իմ մեծ մորեղբայրն էրՙ Պրոկոպ Միման (1920-1986): Թատրոնի ականավոր դերասան եւ բեմարվեստի ուսուցիչ էր, որը հետմահու արժանացավ «Ազգի պատիվ» բարձր կոչմանը: - Ալբանիան տասնամյակներ շարունակ մեկուսացված երկիր էր, նույնը կարող ենք ասել ալբանական կինոյի մասին: Ցավոք, ես ոչ մի ալբանական կինոնկար չեմ դիտել. միակ բացառությունը խորհրդա-ալբանական 1954-ի արտադրությունն էՙ «Ալբանիայի մեծ զորավար Սկանդերբեգը», որտեղ, ի դեպ, հայ ականավոր դերասան Վահրամ Փափազյանը կատարել է օսմանյան սուլթանի դերը: Խնդրում եմՙ պատմել ձեր կինոդերերի մասին: - «Կարմիր ժապավեններով աղջիկները» պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մի խումբ ալբանական դպրոցականների մասին, որոնք հրաժարվում են դպրոցում ֆաշիստական հիմնը երգելուց եւ ըմբոստանում են զավթիչների դեմՙ հանուն երկրի ազատագրման: 1980-ին ինձ ընտրեցին Ալբանիայի երկու մեծագույն ռեժիսորներից մեկիՙ մոսկովյան ՎԳԻԿ-ի շրջանավարտ Վիկտոր Գյիկայի «Ցանկացած սեզոնի» ֆիլմի գլխավոր հերոսուհուՙ Զանայի դերակատար: Կինոնկարի գործողությունները տեղի են ունենում համալսարանում, ներկայացնում է երկու ուսանողներիՙ վոլեյբոլ խաղացողի եւ թավջութակահարի սիրո պատմությունը: Հաջորդ ֆիլմսՙ «Գարունը մենակ չի գալիս», որի սցենարի համահեղինակն էի, նկարահանել է Ալբանիայի մեկ այլ հիանալի ռեժիսորՙ Պիրո Միլկանին: Հերոսուհիսՙ Իրենան, երիտասարդ ֆիզիկոս է, որը բացահայտում է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ: Կինոնկարը զարգացնում է վերահաս մահվան հետ առերեսման հոգեւոր, փիլիսոփայական եւ մարդկային կողմերը: Այն Ալբանիայի 8-րդ կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին: 1990-ին Պիրո Միլկանին ինձ նկարահանեց «Երիտասարդության գույները» ֆիլմում, որտեղ նույնպես սցենարի հեղինակն էի: Սա պատմում է մի խումբ դպրոցականների մասին, որոնք հանդիպում են 20 տարի անց: Ֆիլմը երկու տարբեր սերունդների մտահոգությունների եւ ձգտումների մասին էՙ Ալբանիայում ամբողջատիրական ռեժիմի ավարտի համատեքստում: - Դուք նաեւ գրող եք, չափածո եւ արձակ գործերի հեղինակ: Ինչի՞ մասին է գրում Անիսա Մարգարյանը: - Իմ մասնակցությունը ալբանական կինոյում որպես դերասանուհի եւ սցենարիստ, վաղուց արդեն անցյալում է, բայց ես շարունակում եմ գրել: Դերասանությունից հետո գրականությունն իմ մյուս մեծ կիրքն է: Ես սկսեցի բանաստեղծություններ հրատարակել 20 տարեկանում: Իմ սիրած գրական ժանրը պատմվածքն է: Առաջին պատմություններս տպագրվել են ալբանական գրական ամսագրերում, որոշ նմուշներՙ երիտասարդ ալբանական տաղանդների եւ ալբանացի բժիշկ գրողների ժողովածուներում: 1999-ին հրատարակեցի առաջին գիրքսՙ «Հիշողությունների դահիճը» պատմվածքների ժողովածուն: Այն կրում է ինքնակենսագրական մի պատմության վերնագիրը, որտեղ համառոտ շարադրված է հայրիկիս տխուր փորձառությունը: Երկրորդ գիրքսՙ «Ապրիլի 15 օր» վեպը, վերջերս է լույս տեսել Ալբանիայում: Այն ամբողջատիրական ռեժիմի վերջին 15 օրվա գրական տարեգրությունն էՙ պատմված մոգական ռեալիզմի ոճով: Գիրքը հիմնականում ոգեշնչված է այն իրողություններից, որոնք ես անձամբ տեսել եմ Ալբանիայում պրոլետարիատի բռնապետության ներքո: Ես կասեի, որ իմ գրականությունը քննում եւ արտացոլում է իմ իսկ հիշողությունները: Ինձ համար շատ կարեւոր է ընտանիքի եւ հավաքական հիշողության պահպանումն ու փոխանցումը սերնդեսերունդ: Մենք երբեք չպետք է մոռանանք մեր ծագումը, լեզուն եւ ավանդույթները: Մեր անցյալն այն հիմքն է, որի վրա մենք կառուցում ենք մեր ներկան ու ապագան: - Կապ ունե՞ք ֆրանսահայ համայնքի հետ: - Ֆրանսիա ժամանելուն պես, ես, բնականաբար, մտերմացա տեղի հայ համայնքի հետ, ինչը ինձ շատ օգնեց բնակության թույլտվություն ստանալու հարցում: Ես նրանց հավերժ երախտապարտ կլինեմ: Իմ ամուսնության վկաները երկու հայ ընկերներ են, որոնք ինձ համար իսկական ընտանիքի անդամներ են դարձել: Ես հնարավորինս մասնակցում եմ հայ համայնքի մշակութային եւ կրոնական միջոցառումներին, հատկապես ապրիլի 24-ինՙ Ցեղասպանության ոգեկոչման արարողություններին: - Ֆեյսբուքի ձեր պրոֆիլի ծածկույթի լուսանկարը ցույց է տալիս մի խումբ հայ երեխաների Հալեպի մանկատան բակում: Դուք օգտագործո՞ւմ եք սոցիալական լրատվամիջոցները` մարդկանց տեղյակ պահելու Հայոց ցեղասպանության մասին: - Իմ ֆեյսբուքյան պրոֆիլն արտացոլում է ինձ համար թանկ երկու իրողություններՙ հիշել եւ հարգել 1915-1920 թվականներին իմ նախնիների ու բոլոր հայ զոհերի նահատակությունը եւ հարգել, պահպանել ու զարգացնել իմ մայրենի լեզունՙ ալբաներենը: Ամեն տարի ապրիլի սկզբին ես թարմացնում եմ ֆեյսբուքյան պրոֆիլիս նկարըՙ ընկերներիս ուշադրությունը սեւեռելով հայ բնակչության նկատմամբ օսմանյան կոտորածների փաստի վրա, եւ ամեն ապրիլի 24-ին ես հրապարակում եմ Ցեղասպանությունից փրկված հորս պատմությունը: - Կպատմե՞ք ձեր ներկայիս գեղարվեստական նախագծերի մասին: - Իրականում հիմա աշխատում եմ երեք նախագծի վրա: Պատրաստում եմ գիրքՙ ինքնակենսագրական պատմություններով, որոնք ներկայացնում են Սառը պատերազմի տարիներին Տիրանայում հայ-ալբանական ընտանիքի առօրյան: Արդեն սկսել եմ գրել իմ երկրորդ վեպըՙ դարձյալ մոգական ռեալիզմի ոճով: Վերջապես, գրում եմ «Ցանկացած սեզոնի-2» սցենարը, որտեղ կրկին հանդիպելու են համալսարանական նախկին ուսանողները: Կցանկանայի մեկ անգամ էլ նշել եւ շեշտել իմ հայ-ալբանական խառը ծագումը: Սովորաբար որեւէ խառնուրդ դրսեւորվում է ավելի լավ տարբերակով, եթե դա հնարավոր է, ծնողների լավագույն առաքինություններով ու հատկանիշներով: Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում անողոքաբար եւ մշտապես փորձել եմ հպարտության աղբյուր լինել ծնողներիս համար եւ լավագույնս արտացոլել նրանց եզակի մարդկայնությունը, մեծ իմաստությունը, բացահայտված տաղանդները, չիրականացված երազանքները ու ամենակարեւորըՙ նրանց անմահ հիշողությունը, որ փորագրված է իմ սրտում ու հոգում, եւ հույս ունեմ ու աղոթում եմ, որ այս թանկագին ծնողական ժառանգությունս կկարողանամ փոխանցել իմ զավակներին` Նոյեմիին եւ Կարպիս կրտսերին: Ինչպես 2016 թվականի գրականության Նոբելյան դափնեկիր Բոբ Դիլանն է մի ժամանակ գրել. «Կյանքն օվկիանոս է, բայց այն ավարտվում է ափին»: Այդպես էլ ես կցանկանայի լողալ իմ գեղարվեստական ներկայացումների եւ ստեղծագործականության անսպառ ալիքներովՙ վայելելով այնքան ժամանակ, որքան որ դրանք տեւեն... Շնորհակալությո՛ւն: |