RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 10-01-2020



ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2020-01-09 20:50:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1674, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՅՑ ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ԵՎ ՈՐՏԵՂԻՑ

Պավել ՖԻՆՆ

Չգրված վեպ

Ռուս հայտնի սցենարիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Պավել Ֆինն իր «Բայց ովքեր ենք մենք եւ որտեղից (չգրված վեպ)» ինքնակենսագրության մեջ (2017) մի քանի էջ նվիրել է Հայաստանում անցկացրած մանկության մի քանի տարիներին (որոնց ընթացքում ռուսական թատրոնում որպես դերասան 1949-1953 թթ. աշխատել է հայրըՙ Բորիս Ֆիլիպովը), ինչպես նաեւ իր հետագա ուղեւորությանը Հայաստան:

Ֆիննը ռուսական մի քանի հայտնի ֆիլմերի սցենարի հեղինակ է («Անգլուխ ձիավորը», «Մաշայի եւ Վիտյայի ամանորյան արկածները», «Մցինյան գավառի լեդի Մակբեթը»): Նա դասավանդում է Մոսկվայի սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն դասընթացներում:

Ներկայացնում ենք Պավել Ֆիննի գրքիՙ Հայաստանին վերաբերող հատվածները:

Ա.Բ.

Կյանքիս գլխավոր քաղաքները սրանք ենՙ Երեւան, Ռիգա, Լենինգրադ, դե բնականաբարՙ Մոսկվան:

Ինձ համար չկան օտար քաղաքներ, բոլոր քաղաքները հարազատ են:

Կուզենայի, որ վեպումՙ չգրվածում, ուրիշ քաղաք լիներ, ո՛չ Երեւանը: Բայց նրա հոտերը եւ թառամող տերեւների գույնը, ամեն ինչ այնտեղից եմ փոխառել, այնտեղի փողոցներում եւ ծառուղիներում, այն բակերում, որպեսզի ամեն ինչ խառնեմ նույն անոթի մեջ, հիշողությունների տարօրինակ եփվածքում:

.....

Երեւանը մանկությանս ամենավառ տպավորությունն է, որի հետքերը ձգվեցին ողջ կյանքովս մեկ:

Ինձ հմայում եւ մինչեւ հիմա իմ մեջ կարոտ է հարուցում հարավային քոչվորային կյանքը, հյուրանոցը, թատրոնի կուլիսները, դերասանական խեւ ու կռվարար ցեղը, 49 թիվը, խինինային երկինքը, ծովախոզուկը, որ երկարացնում է «երջանկությունը»...

Երեւանը պարզապես հուշ չէ: Երեւանն իմ էքզիստենցիալ գոյության որոշակի տիրույթ է, մոգական տարածություն, ուր իմ հոգին մշտապես վերադառնում էՙ երեւի ինքս իմ մասին հնարավորինս շատ բան իմանալու:

Վեպն, ըստ էության, սկսեց առաջանալ հոգին այդ ճամփորդությանն ուղարկելու ցանկությունից:

Այդ կյանքն ինքնին, դրա խայտաբղետությունն ու գույները, դրա չտեսնված սրընթացությունն ու երանգը, այդ ամենը մնացել են իմ Սաշկայի կերպարում: Ամենաուժեղը, ամենակարեւորը, որ եղել է նրա կյանքում, ինչը որ կերտել է նրան, թեկուզեւ մոռացվել, ջնջվել, գունաթափվել է տարիների ընթացքում, բայց կերտել է նրան:

Ես որոշեցի, որ Բորիսը վեպում եւս, ինչպես կյանքում, կլինի Բորիս:

***

Մայրիկի հետ պատրաստվում ենք մեկնել Երեւան:

Խորթ հայրսՙ Բորիսը, արդեն գնացել է, նա աշխատանքի է ընդունվել Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն: Առաջարկություն կար նաեւ գնալ Հեռավորարեւելյան նավատորմՙ Սովգավան: Բայց նա ընտրեց Երեւանի թատրոնը: Այնտեղ գլխավոր ռեժիսորը նրան ծանոթ վախթանգովցի էրՙ դերասան եւ պոետ Անատոլի Միրոնովիչ Նալը: Վերջերս գնեցի նրա բանաստեղծությունների գիրքը, Կուզմինի նախաբանով....

Նալը ապրում էր Երեւանում, սարի վրա, կնոջ ու ինձ հասակակից դստեր հետ: Վերջինս հիմա բանաստեղծ է ու հայտնի երգահանի կին: Երեւանյան ժամանակներից հետո ես նրան տեսել եմ արդեն հասուն տարիքում, միայն մեկ անգամ....

***

Ընդմիշտ կորած լույսը, այդ գերող 49 թվականին, իմ կյանքի առաջին հեռավոր ճամփորդությանՙ Մոսկվա-Երեւան ուղեւորության անկրկնելի, սպիտակակապտավուն, ավազի նման ցրված գիշերային լույսը:

Մետաղյա կոպերի ներքո գտնվող, ցածրանիստ, կաթնակապտավուն կայարանի լույսերը:

Վագոնից վագոն անցնող միջանցքի ուռուցիկ, ճռնչացող, ոտքերի տակ անընդհատ շարժվող մետաղը, ուռուցիկ հարթակի վրայի հավասարակշռությունը եւ վախը, որ վագոնները ուր որ է կանջատվեն: Եվ շոգեքարշի հոտըՙ յուղոտ, մաշկին կպչող, ծխի ու այրուքի հոտը, որը երկար մնում է մազերի մեջ ու վերնաշապիկի վրա, եւ այդ ամենը դարձնում է քթով, թոքերով, մաշկով, հոգով եւ հիշողությամբ զգալի իրականություն...

Հատկապես հիշում եմ գնացքների, ռեստորանների մետաղյա կաթսաներով, նրբերշիկի հաստ կլորակներով կարմիր բորշչը:

Դրա համար չէ՞ր նաեւ, որ հիշեցի 49-ի Երեւանի ճանապարհը, քանի որ խցիկի վերին դարակին պառկած Գայդար էի կարդում: Մի մեծ միհատորյակ, իսկ դրա մեջՙ «Չուկն ու Գեկը»: Իսկ այնտեղ գրված էր, իհարկե, իմ մասին. «Առաստաղի լամպը մարած էր, մինչդեռ Գեկի շուրջն ամեն ինչ լուսավորված էր կապտավուն լույսովՙ ե՛ւ անձեռոցիկով ծածկած սեղանի վրա ցնցվող բաժակը, ե՛ւ դեղին նարինջը, որն արդեն կանաչ էր թվում, ե՛ւ մայրիկի դեմքը, որն օրորվելով ամուր-ամուր քնած էր»:

Նարինջՙ նարնջագույն, վստահ չկար, բայց մետաղյա բաժակակալի միջի բաժակը, հավանաբար Կրեմլով կամ Իլյա Մուրոմեցով, իսկապես ցնցվում էր, ինչպես բազում-բազում անգամներ ցնցվելու եւ գդալով զրնգալու էր իմ բոլոր ճամփորդությունների ժամանակ: Եւ այդ սքանչելի եւ վախեցած մայրը, եւ այդ գիշերային լամպըՙ ավելի շուտ երկնագույն, քան կապտավուն, որը ողջ կյանքիս ընթացքում ինձ հանգիստ չի տալիս...

***

Այսօր ինձ թվաց, որ ես հիշեցի իմ այն զգացողությունը, երբ ինը տարեկանում, առաջին անգամ, աշնանային ոսկե եւ վարդագույն Երեւանում ուտում էի շաքարի փոշի արած, կպչուն ռահաթ լոխումը, որով Բորիսը դիմավորել էր մեզ կայարանում: Ոչ թե համային զգացողությունը հիշեցի, այլ իրականըՙ հարավային, լեռնային, ջրային, օդային զգացողությունը, զգացողությունը երջանկության եւ արտասովորության, նորության, կյանքի ծավալի, որտեղ ես կենտրոնում եմ: Ինչպես Արեւը:

Մրգային ամիսների ամփոփումն էր, խուրման պայթում ու հալվում էր, գինին էժան էր, անունները գեղեցիկ էին ու մի տեսակ բարեհամբույր ու արեւելյանՙ Ոսկեվազ... Վերնաշեն...

Ուրվագծերՙ գրված վեպից.

«Կայարանում Բորիսը դիմավորում է նրանց Լեվաշովի հետ, որը նույնպես դերասան է, Բորիսից մեծ, եկել է Կինեշմի քաղաքից, որի մասին նա խոսում էր ասես դրախտի մասին: Այնտեղ նա աշխատում էր հայտնի գավառական դրամատիկական թատրոնում: Նա լքել էր նաեւ քաղաքը դժբախտ սիրո պատճառով: Երկու ուրախ, սրամիտ, զվարթ-գինովցած դերասաններ, չափավոր սանձարձակ, դիմավորում էին մոսկվացի երիտասարդ կնոջն իր տղայի հետ, մեկ ուրիշ քաղաքում: Եւ մայրիկի ցանկությունն էր Սաշկային ցույց տալ, որ այս կյանքը լավն է:

Հյուրանոցըՙ կարծես թե կահավորված սենյակներով, ուր «մեկ ընտանիքի» պես ապրում են դերասաններ եւ զինվորականներ: Այստեղ ապրում էին նաեւ կրկեսի դերասաններ, եւ մի անգամ անմիջապես հյուրանոցի դռներին մոտեցան ֆայտոնով գնչուներՙ վանդակների մեջ թռչուններով, այդ ողջ բազմագույն թափահարող ու բղավող կրկեսային-գնչուական խենթությամբ: Տղաները, որոնք միշտ վազվզում էին այդ բակում եւ որոնցից Սաշկան վախենում էր, ցնցված էինՙ տեսնելով թե նա ինչ ազատ ու հանգիստ շփվում էր կարմիր վերնաշապիկով գնչուների հետՙ ինչպես ծանոթների: Նրան հաճելի էր աչքի պոչով տեսնել, որ տղաները նախանձում են իրեն»:

Մի շատ մեծ համար էին տվել խորթ հորս, միգուցե նույնիսկ ինչ-որ զինվորական հրամանատարի շրջանցելով: Բորիսը սկանդալիստ է, եւ բացի այդ, նա ի վերջո գլխավոր դերակատարն է, նրանից է կախված խաղացանկը, նա հատուկ հրավիրված է գլխավոր դերեր խաղալու, դրա համար նա կարող է կամակորություն անել, դնել իր պայմանները: Այդ պատճառով ես դեռ սովորում եմ ոչ սովորականՙ «ռուսական» դպրոցում, հայկական մինիստրների եւ փոխմինիստրների երեխաների հետ միասին:

Դասղեկըՙ տղամարդանման Եվդոկիա Ստեպանովնան, ծնողական ժողովին բողոքում էր, որ առավոտյան առաջին դասին անհնար է դաս անել: Հայ երեխաների վրայից հայկական նախաճաշի հոտ է գալիս, ու բացի այդ, նրանք հանգստափչում են: Երեւի ծնողները խոստացել էին միջոցներ ձեռնարկել: Զանցանքի համար նա քանոնով ուժեղ հարվածում էր երրորդ դասարանցիներին: Ինձ, ճիշտն ասած, երբեք չի խփել: Ես մոսկվացի էի:

***

«Սեւան» հյուրանոցի եռահարկ մասնաճյուղը գտնվում էր բակում. ձախ գնայիրՙ բաղնիքն էր, աջՙ փուռը: Բաղնիքի եւ փռի հոտերը խառնվում էին բակով մեկ: Բաղնեպանի ու հացթուխի քրտինքի, բաղնիքի ու փռի շոգի հոտ էր գալիս: Այստեղ առավոտյան աղաղակով ներխուժում էին խենթ տղաները: Նրանք ընկույզ ու մածուն էին վաճառում: Եվ ես ահավոր վրդովվում էի, որ նրանք հետեւում էին խորթ հորս «Сирун дядя» բղավելով, որը, կարծածիս հակառակ, նշանակում է «Գեղեցիկ հոպար»:

Առաջին Երեւանից տասներեք տարի անց հեռուստատեսային նկարահանող խմբով գնալով այնտեղՙ ես գտա այն բակը, որտեղ գտնվում էր մեր փոքրիկ հյուրանոցըՙ հոտերով: Հացի եւ գոլորշու, փռերի ու բաղնիքների: Այդ հոտը պահպանվել էր այստեղ օդի մեջՙ բոլոր այս տարիների ընթացքում սպասելով իմ գալուն: Գուցե անմիջապես դրանից հետո անհետացավՙ կատարելով իր գործը: Ինչպես եւ արդեն վաղուց անհետացել էր հենց հյուրանոցը, եւ բակն ու հարակից շենքերը: Դրանում ես համոզվեցի իմ հաջորդ այցելությունների ժամանակ: Իսկ ընկույզ եւ մածուն ծախող տղաների բղավոցն այդ ժամանակ արդեն օդում չկար:

Բղավող քարերի պետությունՙ

Հայաստա՛ն. Հայաստա՛ն:

Օսիպ Մանդելշտամ

***

Ինչո՞վ է զբաղվում մայրիկը Երեւանում: Նա չունի մասնագիտություն: «Կողքից փող էր աշխատում»: Գրամեքենայով թատրոնի համար տեղացի հեղինակների ահավոր երկերն ու խաղացանկի դերերն էր տպում....

Երիտասարդ, սպիտակ Զոյան, հյուրանոցի մեր հարեւանուհին, փոխգնդապետ Վլադիմիր Ստեպանովիչի կինը, երեկոյան ինձ ուղարկեց մոտակա դեղատունՙ հանքային ջուր բերելու: Եվ ես բուլվարով հետ եմ վազումՙ մթությունից հուսահատ վախեցած, «երիցս» քառատրոփՙ կրծքիս սեղմած «Արզնիի» կանաչ շիշը, եւ քաջության համար Թեմուր եմ խաղում: «Հրամանատարի աղջիկը փորձանքի մեջ է», «Հրամանատարի կինը վտագի մեջ է»:

Անցել է 65 տարի, իսկ ես լսում եմ, թե ինչպես եմ վազում մթության մեջ... Հայաստանում...

***

Երաժշտություն: Ինչպիսի՞: Սպայի տնիցՙ նռան նման ամբողջովին ճաղատ գլխով Այվազովսկիի ժառանգի դիրիժորական փայտիկի ներքո: Կանաչ շքերթային համազգեստով ու գեներալի ոսկեգույն ուսադիրներով եւ ոսկեգույն գոտիով նա հրամայում էր երաժշտությանը:

Օդի գույնը այս կյանքի գույնն էր: Կանաչ, ինչպես այն օրը, երբ մեզ դպրոցում ճիճվաթափելու համար հինա կերցրին: Այո, այդ ժամանակ երկինքը կանաչ էր:

Ճանապարհը դպրոցից տուն եւ դպրոց տանող ճանապարհը: Քարերի վրա քարշ եկող, ծանծաղած, ձմեռային, ծվեն-ծվեն եղած Զանգուն: Թատրոնը, վերանորոգման հոտը: Մեր սենյակը հին «Սեւանում»: Եւ մայրիկի գրամեքենան: Եւ Նոր տարին: Եւ դերասանների դեմքերը: Եւ «Ջերմուկի» կամ «Արզնիի» շշերի փոշոտ, կանաչ ապակին, որոնք ես բերում եմ անկյունի դեղատնից: Եւ սարերի վրայի լույսերը, որոնք մինչեւ հիմա ինձ ընկերաբար աչքով են անում:

«Պաշկայի համար էլ տաբատ եմ գնել, քանի որ մի օր առաջ ծնկներին այնպիսի հսկա ծակերով էր եկել, որ ստիպած էի հաջորդ օրը դպրոց չուղարկել ու նորը գնել: Կոշիկները դեռ նույնն է հագնում»: Մայրիկի նամակը Երեւանից:

Շատ տարիներ անց, սցենարիստների եւ ռեժիսորների բարձրագույն կուրսերից աշակերտներիսՙ Վահրամ Գալստյանի եւ Արման Չիլինգարյանի հետ, պիտի փնտրեմ դպրոցս: Բոլորը, չգիտես ինչու, տարբեր կերպ են ասում, թե որտեղ է այդ Չկալովի դպրոցը: Վերջապես Վահրամը գտնում է:

Բժշկական ինստիտուտը, կամուրջըՙ այն ժամանակ փայտե, իսկ հիմաՙ մետաղե. գետը, որն այն ժամանակ ծփում էր քարերի վրա, իսկ հիմա թաքնվել է ասֆալտի տակ. ճանապարհըՙ այն ժամանակ հասարակ, նեղ, իսկ հիմաՙ պողոտա: Եւ ինքըՙ դպրոցը, որն ասես վեր է բարձրացել ճանապարհից եւ իմ հիշողությունից:

Երեք հարկ, հին պատեր, մերկ միջանցքներՙ Չկալովի անվան: Իսկ ավելի առաջ կոչվել է Բերիայի անվամբ: Մեզՙ Վահրամին, Արմանին եւ ինձ, այդ ամենը պատմում է պահակը, սպիտակամորուս մի ծերուկ, որն ինձանից չորս տարի փոքր է: Գետը, պարզվում է, Զանգուի վտակն է, վաղուց չկա, այն գետնի տակ է, չկա եւ կամուրջը...

***

Գալիս եմ Երեւան որպես «Ոսկե Ծիրան» փառատոնի ժյուրիի անդամ: «Ռոյալ թյուլիփ» հյուրանոց: Փոքրամարմին Շառլ Ազնավուրն անսպասելիորեն անցնում է թեւատակիս մոտով լուսա- եւ կինոխցիկներին ընդառաջ: Հյուրանոցը «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ է, Աբովյանի վրա: 49-ին, երբ ես առավոտյան այս փողոցով քարշ էի գալիս դպրոց, այն կարծեմ Ստալինի անվան էր:

....Մի՞թե իննամյա տղան, որը ձմեռային խստաշունչ առավոտյան Սիս ու Մասիսի (նույն ինքըՙ Արարատ) եւ հրապարակում մայող մաքիների մոտով, Ստալինի անվան պողոտայով վախով Բերիայի անվան դպրոցն էր գնում, նույն ինքըՙ ես եմ, որին այժմ այստեղ անվանում են «варпет»:

Ես կանգնած եմ նախկին Ստալինի անվան փողոցում գտնվող հյուրանոցի մոտ, սպասում եմ Ռոմա Բալայանին ու նրա Նատաշային, որպեսզի գնանք հերթական ճաշկերույթին: Մոտովս մի մտավորական հայ մարդ վզափոկով դալմատին է ման տալիս, իսկ նա ատամներով դեղին ծաղիկներով զամբյուղ է տանում:

Այստեղ անպայման պետք է Մանդելշտամ կարդալ: Եվ ես կարդում եմ: Իմ մշտական սովորության համաձայնՙ ինքս ինձ: Բարձրաձայն: Հյուրանոցի համարում:

Ախ, Էրիվան, Էրիվան: Թռչո՞ւն է քեզ նկարել,

Թե՞ առյուծ է ներկել, մանկան պես, մատիտներով գունավոր:

Ախ, Էրիվան, Էրիվան: Ոչ թե քաղաք, այլ ընկույզ շիկացած,

Քո մեծբերան փողոցների բաբելոններն եմ սիրում կոր:

Ես խառնաշփոթ կյանքս, ինչպես մոլլան իր Ղուրանը, թքոտեցի,

Ժամանակս սառեցրի ու տաք արյուն չթափեցի:

Ախ, Էրիվան, Էրիվան, ինձ այլեւս ոչինչ պետք չի...

Եւ ինչպե՞ս եսՙ հիմարս, առաջ գլխի չէի ընկնում: Պուշկինի Երաշտահավը եւ Մանդելշտամի Երաշտահավը տարբեր թռչուններ չեն, նույնն են: Հենց նրանՙ պուշկինյան ծովից այն կողմ լուռ ապրողին էր ուզում Երեւանում տեսնել երեկվա արեւի երկրպագուն:

Ո՛չ, եսՙ պալատ-ռեստորանում ճաշկերույթին նստածս եւ «պատվավոր պրոֆեսորի» խաղալիքային կոչում ստացողս, պատրանքների ունայն որսորդս, Մանդելշտամի ժառանգորդը չեմ...

Վերջապես ամեն ինչ ավարտվում էՙ ունայնությունը, որկրամոլությունը, արբեցողությունը, դիտումները:

Իսկ այս փառատոնի ամենամեծ ուրախությունն իմ թարգմանիչ Մաշան էՙ Մարիամը: Նա ժպտում է, ինչպես մեր սիրելի թոռնիկ Մանկան, բայց միայն թե հայեցիՙ ինձ մոտենալով շողում է, թռչկոտում է, առնում է իր գլխարկի հովարի տակ:

Կմոռանա, կմոռանա...

Ռուսերենից թարգմանեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 10-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ