ՍՊԱՐՏԱԿ ԽԱՉԱՆՈՎ. «ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՆՈՐ ՆԱԽԱԳԾՈՎ...» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Ադրբեջանում ծնված, Հայաստանում եւ Ուկրաինայում ապրած, այժմ ֆիննական կղզում բնակվող երիտասարդ քանդակագործ Սպարտակ Խաչանովը անցած տարվա սկզբին հայտնվել էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` իր ստեղծագործության եւ պետության անհանդուրժողականության բախման հետ կապված սկանդալային պատմության պատճառով... Այս եւ այլ հարցերի մասին մենք զրուցում ենք ստորեւ ներկայացվող հարցազրույցում... - Սպարտակ, առաջին անգամ քո մասին կարդացի ոչ ավելին, ոչ պակաս, «Վաշինգտոն փոստ»-ում, թե ինչպես ուկրաինացի ազգայնականների պատճառով ստիպված ես եղել հեռանալ Ուկրաինայից Ֆինլանդիա: Ըստ քեզՙ այս միջադեպը քեզ համար անուղղակի փիար չդարձա՞վ: - 2018 թվականի դեկտեմբերի 19-ին ես սկսեցի իմ նոր նախագիծըՙ «Ֆալլոսների շքերթը»: Դա հակապատերազմական նախագիծ էր, երգիծանք ընդդեմ ողջ աշխարհի ռազմական շքերթների եւ հատուկ չէր ներկայացնում որեւէ կոնկրետ բանակ ու պետություն: Նախագիծը ցուցադրվեց Գեղարվեստի եւ ճարտարապետության ազգային ակադեմիայում, երբ ես չորրորդ կուրսի ուսանող էի: Մեզ առաջարկեցին ազատ թեմա, եւ ես իմ աշխատանքները ցուցադրեցի ակադեմիայի կենտրոնական դահլիճում: Ցուցահանդեսը, որն ուներ 100 մետր երկարություն, դուր չեկավ դիզայնի բաժնի դասախոս Վլադիմիր Խարչենկոյին, որը կամավոր էր եղել Ուկրաինայի արեւելքի պատերազմում: Նա որոշեց, որ դա ծաղր է ուկրաինական բանակի հասցեին, սպառնաց ու վիրավորեց ինձ, եւ երբ հասկացավ, որ ես չեմ պատրաստվում հանել այն, սկսեց ջարդուփշուր անել, նաեւ ակադեմիա կանչեց իր ընկերներին` «C-14» նեոնացիստական խմբին, որը սպառնաց սպանել ինձ: Այս պատմությունը դուրս եկավ ակադեմիայի եւ Ուկրաինայի սահմաններից, իմ մասին իմացան աշխարհի շատ երկրներում, ուստիեւ, ամենայն հավանականությամբ, դա փիար դարձավ Ուկրաինայի ողջ հնացած կրթական համակարգի համար, որտեղ դեկանները 30 տարի հետ են մնացելՙ Ֆիդել Կաստրոյի ու այլ դիկտատորների պես: Այսպիսով, ես նախ իմ սեփական փորձից իմացա, որ Ուկրաինայում չկա խոսքի ազատություն, եւ նեոֆաշիստական կազմակերպությունները իրենց կուրատորի տեղ են դրել ու որոշում են, թե որն է արվեստը, իսկ որըՙ ոչ: Նրանք կարող են գալ բուհերՙ նկարչական ցուցահանդեսի ու ամեն ինչ ոչնչացնել: Դժգոհությունն իմ աշխատանքից ու դրա ոչնչացումն առաջին դեպքը չէր վերջին հինգ տարիների ընթացքում: Իսկ Ուկրաինայի քաղաքացիները պատերազմի պատանդներ են. մեզ թույլ չեն տալիս արտահայտել մեր կարծիքը, մենք պարտավոր ենք լռել: - Իսկ հիմա ինչպե՞ս ես ապրում Ֆինլանդիայում: Կապեր ունե՞ս տեղի արվեստագետների հետ: - 2018-ի փետրվարի 1-ին ես ժամանեցի Հելսինկի, հաստատվեցի Սուոմենլինա կամ Սվաբորգ կղզումՙ մի նախկին ռազմական ամրոց եւ համակենտրոնացման ճամբար, որն այժմ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո: Երեք ամիս ապրել եմ Հելսինկիի արվեստագետների միջազգային ծրագրի կեցավայրում: Այս ընթացքում մեկնել եմ Բեռլինՙ մասնակցելու գերմանացի եւ ուկրաինացի նկարիչների խմբային ցուցահանդեսին, նվիրված ապակոմունիզացիային, ցուցադրվել եմ Հելսինկիի արվեստի թանգարանում եւ «Արկադիա» միջազգային գրախանութում: Իմ մուտքի արտոնագրի սպառվելուց հետո երեք ամիս ապրել եմ Բուլղարիայումՙ «Ռադար» կեցավայրում, որտեղ ցուցադրվել եմ Սոֆիայի «Անդերգրաունդ» պատկերասրահի «Ժամանակակից արվեստի շաբաթ» նախագծի շրջանակներում: Վերադառնալով Ֆինլանդիաՙ մեր կղզում կնոջսՙ Անաստասիայի հետ մշակեցինք «Օլիմպիական խաղեր. վերաբեռնում» լուսանկարչական նախագիծը, որն անցյալ սեպտեմբերին ցուցադրվեց Ֆինլանդիայի Խաղաղության Կոմիտեի գրասենյակում եւ «Միիմալա-2» ցուցասրահում: Նոյեմբերին մասնակցել եմ «Վտանգի ենթարկված արվեստագետներ» ցուցահանդեսին Հելսինկիում` «Վանդակ» ձայնային ինստալացիայով, նվիրված սպիտակ եւ կարմիր ֆինների միջեւ քաղաքացիական պատերազմին: Մտադրություն կա այն ցուցադրել նաեւ Սուոմենլինա կղզում, որն Առաջին աշխարհամարտից հետո ամենամեծ համակենտրոնացման ճամբարն էրՙ 13300 բանտարկյալներով: Նոյեմբերին մասնակցել եմ նաեւ «Հելսինկիի արվեստագետների միջազգային ծրագրի Արվեստանոցի բացում. աշուն, 2019» ցուցահանդեսինՙ «Պանթեոն» ինստալացիոն նախագծով: Այժմ աշխատում եմ քաղաքական սատիրայի ոճի «Պատրաստված է Երկիր մոլորակում» խաղարկային կարճամետրաժ ֆիլմի վրա` Հելսինկիի Շարժվող մարդկանց եւ պատկերների ակադեմիա ընդունվելու համար, միաժամանակ նաեւՙ պլաստիլինե կերպարներով մի կարճ անիմացիոն ֆիլմի վրա, որը կոչվում է «Մահվան հաղթարշավը»: Այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ արվեստագետների, բեմադրիչների, դերասանների, երաժիշտների, գրողների, լրագրողների Ֆինլանդիայից եւ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաեւ ֆինն քաղաքական գործիչների ու շատ այլ հետաքրքրական մարդկանց: - Դու ապրել ես տարբեր մշակութային միջավայրերում: Քո կարծիքով, ինչպե՞ս կարող է ժամանակակից արվեստում արտահայտվել այն, ինչը կոչվում է ազգային առանձնահատկություն: - Ժամանակակից արվեստը` քանդակագործություն, ինստալացիա, նկարչություն, լուսանկար, վիդեո եւ քանդակ, արվեստի լեզուներից մեկն է, որոնցում ազգային հասկացությունը կարծես թե ջնջվում է: Հելսինկիի նկարիչների համայնքը բաղկացած է տարբեր ազգություններից, իսկ նրանց արվեստում հուզող թեմաները համընդհանուր ենՙ էկոլոգիա, գաղթեր, գենդերային պատերազմ, եւ յուրաքանչյուր ժամանակակից արվեստագետ, անկախ ազգությունից, արտացոլում է այս ամենը: Որպես արվեստագետ ես ինձ նույնացնում եմ այն բժշկի հետ, որը հիվանդին ախտորոշում է, բայց չի բուժում: Ես ուղերձ եմ հղում հասարակությանը, եւ ինձ համար կարեւոր է դիտողի վրա իմ աշխատանքի հուզական ազդեցությունը: Դրանով հանդերձ, ես չեմ միջամտում այդ «երկխոսությանը», այլ մնում եմ որպես կատարվածի դիտող: Իսկ իմ աշխատանքներում ազգային առանձնահատկությունն արտացոլվում է իմ թեմաների մեջ: - Խաչանով ազգանունն այժմ Ռուսաստանում հայտնի է թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ Կարեն Խաչանովի շնորհիվ: Ազգակա՞ն եք: - Խաչանով ազգանունն այժմ հայտնի է նաեւ Ուկրաինայում, իսկ Ֆինլանդիայումՙ լսելով: Խաչանովը Հայաստանում հազվադեպ ազգանուն է, այնպես որ ամեն ինչ կարող է լինել: - Դու Բաքվի հայերից ես, որոնք հայտնի իրադարձությունների պատճառով այսօր բնակություն են հաստատել ամբողջ աշխարհում: Ստացվում է, որ գաղթական ես դարձել երկրո՞րդ անգամ: - Ես ծնվել եմ 1984-ին Բաքվում: 1988-ին, Սումգայիթի ջարդերից հետո, ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստանՙ Կապան, որտեղից մայրս էր: Այն ժամանակ ես չորս տարեկան էի: Այնուհետեւ ծնողներս ու եղբայրս մեկնել են Ուկրաինա, եւ ես տատիկիս ու պապիկիս հետ մնացել եմ Կապանի Վաչագան գյուղում: 1991-ին ծնողներս ինձ տարել են Ուկրաինաՙ Դոնեցկի մարզի Սնեժնոե քաղաք: Պատերազմը մանկուց հետապնդել է ինձ: Ֆինլանդիայում ես քաղաքական ապաստան չեմ հայցել: Ավելի շուտ, ես երրորդ անգամ եմ դարձել գաղթական... - Ի՞նչ հիշողություններ ունես պատմական հայրենիքից: - Մանկությանս լավագույն ու ամենաջերմ հիշողությունները... Երբ իմացա, որ ինձ ուզում են Ուկրաինա տանելՙ ծնողներիս մոտ, ես փախա տատիկ-պապիկիցս ու թաքնվեցի սարերում, մինչեւ որ քեռի Մարտինը գտավ ինձ ու խոստացավ, որ մենք կգնանք ծնողներիս տեսնելու ու կվերադառնանք: Ես հավատացի նրան, բայց այդպես էլ այլեւս չվերադարձա: Ես նույնիսկ մի փայտե արձան եմ պատրաստել, որը կոչվում էր «Խաբեցին ու տարան», նաեւ գրել եմ մի կարճամետրաժ ֆիլմի սցենարՙ այս հիշատակի մասին: Եթե հնարավոր լիներ անցյալ վերադառնալ, ես ամեն ինչ կանեի, որ մնայի այնտեղ, բայց դա ինձանից չէր կախված: Ես սիրում եմ Հայաստանը, այն իմ հայրենիքն է: - Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում Խարկովում դու հանդես եկար այդ թեմայով նախագծով... - 2013-2016 թվականներին ես աշխատել եմ Հայոց ցեղասպանությանը նվիրված քանդակների մի նախագծի վրա: Այդ ընթացքում քանդակներ եմ ստեղծել տարբեր նյութերից` փայտ, մետաղ, բրոնզ, քար, խեցեղեն, փրփրաբլոկ... 2014-2015 թվականներին աշխատել եմ Հայոց ցեղասպանությանը նվիրված մի նախագծի վրա, երկուսը վերնագրված էր «Գաղթականը» (փայտից ու բրոնզից), երրորդըՙ «Կյանքի անիվը»: 2014-ին մասնակցեցի Խարկովի հայ համայնքի կազմակերպած Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված հուշարձան ստեղծելու միջազգային մրցույթին: Ես ներկայացրի իմ «Կյանքի անիվի» պլաստիլինե էսքիզը ու գրավեցի երկրորդ տեղը: 2015-ին Խարկովի հայ համայնքից ինձ առաջարկեցին մասնակցել «Մեկը միլիոնուկեսից»ՙ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսին «Բուզոկ» պատկերասրահում: Ես հաճույքով մասնակցեցի, ցուցադրեցի վերոնշյալ «Գաղթականը» քանդակներս: Իսկ «Կյանքի անիվը», պատրաստված մետաղից, փայտից ու քարից, դարձավ իմ դիպլոմային աշխատանքը Խարկովի գեղարվեստի քոլեջում, որը ես պաշտպանեցի գերազանց գնահատականներով եւ արժանացա կարմիր դիպլոմի: - Դու երկար ժամանակ չես եղել Հայաստանում: Ու չնայած հիմա աշխարհագրականորեն ավելի հեռու ես Հայաստանից, մտադիր չե՞ս վերադառնալ որեւէ նախագծով: - Հաճույքով, եթե ինձ առաջարկեն մասնակցել նախագծերի կամ կազմակերպվի իմ անհատական ցուցահանդեսը: Ես միմիայն կողմ եմ, եւ ուրախ կլինեմ հայրենիքում հանդես գալ նոր ստեղծագործական նախաձեռնություններով... |