RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2020-01-16 21:14:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2323, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԻՆԱ ԳՅՈՒՐՋՅԱՆ

ՆԱԶԵՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող

(1954-2019)

Մի քանի տարի առաջ, 2014 թ. Ամանորի նախօրեին, ես հարցազրույց ունեցա Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի 70-90-ական թթ. առաջատար մենապարուհի Մարինա Գյուրջյանի հետ: Հաջորդ տարի նա ծանր հիվանդացավ, եւ ահա 2019 թ. վերջին, հազիվ բոլորած իր 65-ամյա հոբելյանը, հեռացավ մեզնից... Նրա հիշատակին նվիրված սույն հոդվածում հարմար գտա հատվածներ բերել վերոհիշյալ հարցազրույցից:

Սովորաբար շատ աղջիկներ մանկուց երազում են դառնալ պարուհի կամ դերասանուհի: Սակայն Մարինան (կամ, ինչպես սովորոբար նրան անվանում էին, Լոլան) բալետի արվեստով չէր հետաքրքրվում, սովորում էր Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում եւ հաճախում Հրանտ Շահինյանի մարմնամարզության դպրոցը: Մի օր դպրոց այցելեց Պարարվեստի ուսումնարանի դասավանդողների մի խումբ` պարային տվյալներով օժտված երեխաներ հայտնաբերելու նպատակով: Մարինայի տվյալները համապատասխանում էին, եւ նրան առաջարկեցին ուսումը շարունակել Պարարվեստի ուսումնարանում:

Մեր պարարվեստի ուսումնարանը բազում տարիների ընթացքում պատրաստել է բարձր մակարդակի պարող-պարուհիներ: Ուստի Մարինան մեծ հարգանքով էր վերաբերվում, իսկ հետագայում հիշատակում իր դասավանդողներինՙ Սիլվա Հովնանյանին, Ժասմենա Բաբախանյանին, Ելենա Սամուրղաշյանին, Վիկտոր Բորիսովին, Մարատ Մուրադյանին եւ, իհարկե, Մաքսիմ Մարտիրոսյանին:

«Ուսումնարանն ավարտելուց հետո,- պատմում էր Մարինան,- մեկ տարի ես աշխատեցի Սպենդիարյանի անվան թատրոնում, իսկ 1973 թ. ես եւ իմ համադասարանցի Ալբերտ Միրզոյանը (որն այժմ աշխատում է արտասահմանում որպես բալետի դասատու-փորձավար) մեկնեցինք Լենինգրադՙ Վագանովայի անվան աշխարհահռչակ պարարվեստի ուսումնարանում կատարելագործվելու: Հիշում եմ, թե ինչպես ընդունելության քննությանը ջանք էինք թափումՙ ցույց տալ մեզ լավագույն մակարդակով, իսկ հաջորդ օրը սրտատրոփ մտանք ուսումնարան, որպեսզի իմանանք մեր ճակատագիրը: Ես չէի հանդգնում մոտենալ, իսկ Ալբերտ Միրզոյանը «հերոսաբար» իրեն զննել ստիպեց ընդունվածների ցուցակը: Եվ հանկարծ ես նկատեցի, որ Ալբերտի դեմքը սկսեց հետզհետե ավելի ու ավելի կարմրել (նա սովորաբար շատ զուսպ էր արտահայտում իր զգացմունքները): Ես հասկացա, որ մենք ընդունված ենք: Անչափ մեծ էր մեր ուրախությունը: Վագանովայի անվան պարարվեստի ուսումնարանը մի կախարդական աշխարհ է. թե՛ ընդհանուր հեքիաթային գեղարվեստական մթնոլորտի, թե՛ դասավանդման եւ թե՛ ուսուցիչների եւ աշակերտների շփման առումով: Ես սովորում էի դասական պարի հանրահռչակ մասնագետ Ելենա Տյունտինայի դասարանում, իսկ բնութագրական պար ինձ դասավանդում էր Մարիինյան թատրոնի փայլուն պարուհի Իրինա Գենսլերը: Լենինգրադի ուսումնարանի դասերը շատ «ծանր» էին, տեխնիկայի տեսակետից հագեցված: Թե՛ Տյունտինան, թե՛ Գենսլերը, թե՛ այլ մասնագիտական առարկաներ դասավանդողները իսկույն սկսեցին «աշխատել» մեր կատարողական ոճի, պետերբուրգյան պարարվեստի հիմունքներիՙ տեխնիկայի, դրվածքի եւ շարժումների կատարման «վերանայման» եւ պետերբուրգյան բալետի ավանդույթների ընկալման վրա: Դա, իհարկե, շատ ծանր պրոցես էր: Բայց ես համառորեն աշխատում էի կատարել բոլոր ցուցումները եւ ուղղել «թերի» կողմերը:

Իսկ դասարանից դուրս մեր դասատուներն անչափ ուշադիր էին մեր նկատմամբ, մարդամոտ, հաճախ հրավիրում էին իրենց տուն: Մի ծիծաղելի դեպք պատահեց մեզ Իրինա Գենսլերի տանը: Նա եղել էր Չինաստանում, ուստի իր աշակերտներին ցանկացավ հյուրասիրել չինական կանոններով պատրաստված փլավ: Եվ, ի զարմանս մեզ, պատառաքաղների կամ գդալների փոխարեն որպես սպասք մատուցեց չինական փայտիկներ: Ինչպե՞ս գործածել դրանք: Ի վերջո, մեր «հմտության» հետեւանքով ողջ փլավը հայտնվեց հատակին: Իսկ Գենսլերը շատ հանգիստ ասաց. «Իսկ այժմ մենք կզբաղվենք փլավը հատակից հավաքելով»:

Մենք, իհարկե, մասնակցում էինք ուսումնարանի համերգներին եւ ներկայացումներին, որտեղ մեր փորձավարներն են եղել Նատալյա Դուդինսկայան եւ Կոնստանտին Սերգեեւը: Մի խոսքով, Լենինգրադում անցկացրած այդ մեր տարին մինչեւ հիմա հիշում եմ որպես հրաշք»:

Լենինգրադից վերադառնալուց հետո Մարինա Գյուրջյանը անմիջապես դարձավ մեր թատրոնի մենապարուհի: Հենց այդ ժամանակ մեր հանրահայտ պարող եւ այդ ժամանակվա գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը բեմադրում էր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը, որը, ինչպես գիտենք, մինչեւ օրս չի իջնում մեր բեմահարթակից: Մարինան անմիջապես ստացավ Նունեի դերը:

«Ուզում եմ պատմել հակիրճ մի դրվագ «Գայանեի» նախապատրաստման հետ կապված: Երբ արդեն ավարտվում էր բեմադրական ընթացքը, Երեւան եկավ Արամ Խաչատրյանն ինքը եւ մասնակցեց փորձին: Նա ուշադրությամբ նայեց եւ ասաց. «Գիտե՞ս, Վիլեն, լավ է ստացվել»: Հետո մոտեցավ դաշնամուրին եւ սկսեց ինքը նվագակցել: Նա կատարեց երկու համար, մեկը կարծեմ «Փշատի ծառն» էր, իսկ մյուսըՙ «Սրերով պարը»: Դա մի խելագար պահ էր: Ինչպե՜ս էր նա ողջ մատներով խփում դաշնամուրին: Մենք ե՛ւ ոգեւորված էինք, ե՛ւ մնացել էինք ապշած: Հետո նա եկավ նաեւ առաջին ներկայացումներին, եւ մինչեւ օրս հիշում եմՙ ինչպես էի լաց լինում, որ իմ Նունեի կատարման ընթացքում դահլիճում գտնվում է այնպիսի հանճար, ինչպիսին Արամ Խաչատրյանն էՙ այդ բալետի երաժշտության հեղինակը: Դա անմոռանալի հիշողություն է` շփում այդ մեծագույն կոմպոզիտորի հետ:

Սպենդիարյանի թատրոնում Մարինան պարեց 1973-ից մինչեւ մոտավորապես 90-ականների կեսը: Ինչպես եւ հիմա ընդունված է ու շատերն են ասում` դա մեր բալետի «ոսկեդարն» էր: Սա վերաբերում է թե՛ բալետային թատերախմբի կազմին, թե՛ տաղանդավոր եւ իր յուրօրինակ դեմքն ունեցող առաջատար պարող-պարուհիներին, թե՛ մեր խաղացանկին, որը տարեցտարի լրացվում էր դասական ու ժամանակակից հետաքրքրական բեմադրություններով: Մարինա Գյուրջյանին բախտ է վիճակվել աշխատել մեր եւ խորհրդային այլ հանրապետությունների, Մոսկվայի ու Լենինգրադի բալետմայստերների հետ: Ամեն մեկը յուրահատուկ էր իր ոճի մեջ ե՛ւ որպես բեմադրող, ե՛ւ որպես ստեղծագործող: Հայ բալետմայստերներիցՙՙ Վիլեն Գալստյանի, Աշոտ Ասատուրյանի, Մաքսիմ Մարտիրոսյանի, իսկ եկածներից` այնպիսի մեծ եւ տաղանդավոր բեմադրողների, ինչպիսիք էին Նատալյա Դուդինսկայան, Գեորգի Ալեքսիձեն, Նատալյա Ռիժենկոն եւ, իհարկե, Լյուդմիլա Սախարովան, որի ղեկավարությամբ նա նախապատրաստեց Մաշայի դերը Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետում:

Մարինա Գյուրջյանը որպես պարուհի օժտված էր մեծ թռիչքով, լավ պտույտներով եւ ընդհանուր առումովՙ բարձր մակարդակի բալետային տեխնիկայով: Հանդես է եկել բազում բալետների գլխավոր դերերումՙ «Պախիտա», «Դոն Կիխոտ», «Գայանե», «Շոպենիանա», «Սատանայի ջրաղացը», «Մավրի Պավանան», եւ այլ բազմազան դերեր դասական եւ ժամանակակից բալետներում:

Անշուշտ, կատարման տեխնիկական որակը կարեւոր է, սակայն նա տպավորվել է իր ժամանակի հանդիսատեսի հիշության մեջ որպես «ուրույն» ոճի դասական պարուհի: Իսկապես, Մարինան այսպես կոչված «քնարական» ոճի պարուհի չէր: Իսկ ինչպես արձագանքել է ժամանակի մամուլը, նա կերտել է աչքի ընկնող, երբեմնՙ էքստրավագանտ, երբեմնՙ ճակատագրական հերոսուհիների, ինչպիսիք էին Էգինանՙ Խաչատրյանի «Սպարտակում» Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, Բարոնուհի Շտրալըՙ Խաչատրյան-Հովհաննիսյանի «Դիմակահանդեսում»ՙ Ռիժենկոյի եւ Սմիրնով- Գոլովանովի բեմադրությամբ, չարաճճի Լիզանՙ Գերոլդի «Լիզա եւ Կոլեն»ՙ Վինոգրադովի բեմադրությամբ, Ավազակուհինՙ Մանսուրյանի «Ձյունե թագուհին»ՙ Գալստյանի բեմադրությամբ, եւ նույնիսկ «խարդախ» ու չար կերպարներ` Ուրշուլենՙ Վյաչեսլավ Գանելինի «Սատանայի ջրաղացը» (Վ. Բրազդիլիսի բեմադրությամբ) եւ Լիկեյոնՙ Ռավելի «Դափնիս եւ Քլոյե» (Ասատուրյանի բեմադրությամբ) բալետներում: Ամեն դեպքում նա ձգտել է ճիշտ մարմնավորել բալետմայստերի մտահղացումը եւ միաժամանակ սեփական խորը ապրած երանգ տալ այս կամ այն հերոսուհուն:

Նա թատրոնը թողեց 1996 թ., այսինքնՙ առաջին բեմելից 22 տարի հետո: Դա ուշ չէ, գուցե մի քիչ շուտ, քան սովորաբար տեւում է պարուհու բեմական կյանքը: «Մի օր, 1996 թվականին մտա թատրոն ու հանկարծ միանգամից հստակ զգացի, որ այլեւս չեմ ուզում պարել: Մտա այն ժամանակ թատրոնի ղեկավարի պաշտոնը գրավող Տիգրան Լեւոնյանի մոտ եւ հայտնեցի նրան, որ դուրս եմ գալիս թատրոնից: Նա դեմ էր, սակայն ես պնդեցի»:

Դրանից հետո արդեն բազում տարիներ Մարինա Գյուրջյանը դասական պար էր դասավանդում մեր Պարարվեստի քոլեջում (մինչեւ 2010-ըՙ ընդմիջումներով), Նանե Թոփալյանի «Նանե» պարային խմբում եւ «Արինա Արարատյանի պարի թատրոն» համույթում: Երբեմն բեմադրում էր պարային համարներ:

«Վերջում կցանկանայի նշել,- ասաց Մարինան,- որ ես համարում եմ, որ կայացել եմ կյանքում, կայացել որպես պարուհի, իսկ դա շատ կարեւոր է: Քանի որ այժմ դեկտեմբեր ամիսն է, կցանկանայի բոլորին մաղթել ուրախ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Եղեք մարդամոտ, ակտիվ մասնակցեք կյանքի իրադարձություններին, ուշադիր եղեք ձեր մոտիկների նկատմամբ, շրջապատեք ձեզ լավ ընկերներով: Մի խոսքով` ապրեք լի կյանքով: Եվ սլացեք մի՛շտ առաջ, մի՛շտ առաջ... Խոստանում եմ` մենք հաղթանակով դուրս կգանք»:

Ահա այդպիսինն էր Մարինա Գյուրջյանըՙ ուրույն ոճի պարուհի եւ մարդ, մարդամոտ, հյուրընկալ, ակտիվ, ուշադիր մոտիկների, ընկերների, հարեւանների հանդեպ, միշտ շրջապատված մարդկանցով, որը մինչեւ կյանքի վերջին օրը ձգտում էր ապրել լիակատար կյանքով ու դիմադրելով անողորմ հիվանդությանը...

Աստված հոգին լուսավորի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ