RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2013-02-15 > #020, 2013-02-16 > #021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-19 00:34:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2066, Տպվել է` 81, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ԸՆՏՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Րաֆֆիին եմ ընտրել, բայց մեկ էՙ չի անցնելու»

Հիմնական տպավորությունը, որը ստացա երեկվա մեր ընտրողներից, դա նրանց որպես պարտավորվածություն ընտրատեղամասեր ներկայանալն էր: Եկել էին ընտրությանՙ արդեն իմանալով, որ նախագահը, մեկ է, արդեն ընտրված է, եւ իրենց ձայնը դեր չի խաղալու: Բայց քվեարկել էին, որովհետեւ դա ՀՀ քաղաքացու պարտականությունն է: Իրենց պարտականությունն իրենք կատարում են, սակայն հույս չունեն, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանի նախագահը նույնպես կառաջնորդվի նույն սկզբունքով, այսինքն` կկատարի ժողովրդի հանդեպ իր ունեցած պարտականությունները: Ընտրատեղամասերի առջեւ իմ հանդիպած ընտրողների մեծամասնությունը մտածում էր հենց այսպես` հուսահատված ենք եկել ընտրության, սակայն չգալ էլ չէինք կարող: Փոքր-ինչ համաձայն չեմ հուսահատություն բառին, քանի որ եթե ժողովուրդը գնում է ընտրության, ուրեմն դեռ հուսահատված չէ, ավելի ճիշտ է հուսահատությունը փոխարինել անորոշություն բառով, որովհետեւ մեր ընտրողների մեջ իրենց ապագայի, իրենց երկրի ապագայի հանդեպ ունեցած անորոշության զգացումն է ստիպում մտածել, որ իրենց ձայնը դեր չի խաղալու:

«Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի նախագահը» հարցիս մեծամասնության պատասխանը հետեւյալն էր` 7 թեկնածուներից եւ ոչ մեկը չունի այն որակները, որոնք անհրաժեշտ են նախագահին, եւ արժանիքներըՙ նախագահ դառնալու համար: Ամեն դեպքում, ընտրողները, ստիպված, թե հոժարակամ, երեկ կատարեցին իրենց ընտրությունը: Օրինակ` Սոնյա տատիկը , որին հանդիպեցի 4/29 ընտրատեղամասից դուրս գալիս, ընտրության էր եկել ձեռնափայտով, ձեռքն էլ սրտին դրած, ասաց. «Րաֆֆիին եմ ընտրել, բայց մեկ էՙ չի անցնելու»: Նույն ընտրատեղամասի առջեւ հանդիպեցի նաեւ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանին , որը ընտրության եկել էր կեսօրին, քանի որ նախորդ ընտրության ժամանակ դիտավորյալ ուշ երեկոյան էր եկել ընտրելու ու տեսել, որ իր փոխարեն մեկ ուրիշն արդեն քվեարկել է: «Բոլոր այս թեկնածուներն էլ ոչինչ չեն անելու, ուղղակի քաղաքացիական պարտք է, կատարում եմ: Բացի դրանից` եթե չգայի, հնարավոր է` իմ փոխարեն մեկ ուրիշը քվեարկեր իր ուզած ձեւով: Մեր արյան մեջ այդ կեղծելու բանը կա. ազնիվ ընտրություններ անել չենք կարողանում: Առանց այն էլ ոչ մի երկրում ընտրություններն իդեալական չեն լինում, եւ մեզ մոտ դրան գումարվում են թաղային լակոտ-լուկուտների խուժանությունը, կաշառակերությունը, աղքատությունը մարդկանց, որոնց կարելի է երկու կոպեկով կաշառել: Մարդիկ հիասթափված են ու չեն կարծում, որ իրենց ձայնը դեր կխաղա», ավելացնում է Ռուբեն Սաքապետոյանը:

Իսկ 44-ամյա Մարինան , որը քվեարկել էր 5/27 ընտրատեղամասում, նախագահի առաջին անելիքը համարեց երիտասարդներին աշխատանքով ապահովելը` ամեն մեկին իր գիտելիքներին արժանի աշխատանքով ապահովելը. «Կոնկրետ մեր ընտանիքը ապրում է արտասահմանից ստացվող ֆինանսական օգնությամբ, կյանքը պետք է լինի այնպիսին, որ մարդիկ կարողանան ապրել մեր երկրում ունեցած աշխատանքով»: Ըստ Մարինայի` նախագահը պետք է բարելավի սոցիալական պայմանները նաեւ այն մարդկանց, որոնք պաշտոնյա չեն:

Արաբկիր վարչական շրջանի 4/27 ընտրատեղամասում էլ ընտրողներն այնպես էին վրդովվել, որ ընտրատեղամասից դուրս էին գալիս առանց ընտրելու. վրդովմունքի պատճառը կուտակումներն էին: Կեսօրին 4/27 ընտրատեղամասում առաջացել էր մարդկանց կուտակում, եւ որոշ ընտրողներ գերադասում էին չքվեարկել, քան կանգնել ժամերով: «Իմանալով հանդերձ, որ քվեարկողներն այստեղ շատ են` նախօրոք պետք է մտածեին կուտակումները կանխելու մասին», ասաց ընտրողներից մեկը, իսկ մյուսն ասաց. «Կգամ երեկոյան, եթե արդեն ընտրած չեղան իմ փոխարեն, կընտրեմ, հիմա գնում եմ, իրենք էլ ու իրենց նախագահն էլ»: Եթե ընտրողն այսպես է արտահայտվում, ուրեմն չունի վստահություն ընտրությունների, թեկնածուների հանդեպ, իսկ ընտրատեղամաս ուզում է վերադառնալ, քանի որ քաղաքացիական պատասխանատվություն է զգում: Իսկ 4/27 տեղամասի հանձնաժողովի նախագահ Լորա Ավագյանը բացառեց իր իսկ աչքի առջեւ ստեղծված կուտակումներն ու հեռացող ընտրողների վրդովմունքի իրավացիությունը:

4/29 եւ 5/27 տեղամասերում, բացի Սերժ Սարգսյանից, թեկնածուները չունեին վստահված անձինք, իսկ 4/27 ընտրատեղամասում ընդհանրապես չտեսա որեւէ մեկի վստահված անձին: Տեղամասի ներսում նրանց կարիքը թերեւս չկար էլ, քանի որ տեղամասերի շուրջը պտտվող, կանգնած ու պպզած թաղային հեղինակությունները կամ նրանց «երաշխավորած տղեքը» վստահված անձանցից էլ լավ գիտեին իրենց գործը, ինչի մասին վկայում էին, ճիշտ կամ սխալ, երեկ ընտրախախտումների մասին համացանցով անընդմեջ տարածվող լուրերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 19-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ