ՆԻՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՀԵՆՐԻԽ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ Փետրվարի 17-ին Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գ. Գյուլբենկյան» սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով: Երկու ճանաչված կատարողները բազմիցս են մասնակցել մրցույթ-փառատոների ինչպես Վրաստանում, այնպես էլ մայր հայրենիքում: Նրանք պարգեւատրվել են մեդալներով, արժանացել դիպլոմների եւ դափնեկրի կոչման: Միասին համերգային ծրագրով ելույթը նորություն չէր այս զույգի համար: Դեռեւս 2011 թվականի ապրիլի 23-ին Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը համատեղ մենահամերգով ելույթ ունեցան Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, որն անցավ մեծ հաջողությամբ: Արձագանքելով սիրիահայերին օգնելու կոչին, Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը վճռեցին իրենց մասնակցությունը բերել բարեգործական ակցիային: «Գալուստ Գյուլբենկյան» սրահը լեփ-լեցուն էր հանդիսատեսով: Համերգի ժամանակ հնչեցին ժողովրդական, հայրենասիրական եւ էստրադային երգեր, ռոկ կատարումներ, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվում էին բուռն ծափահարություններով: Երգերն ուղեկցվում էին «Ջեյրան» եւ «Անի» պարային համույթների աղջիկների նազելի պարերով: Համերգի ժամանակ կատարվեց հանգանակություն: Ողջ նվիրատվությունը փոխանցվեց սիրիահայերի օգնությանը: |