ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ 60,05 ՏՈԿՈՍԸ, Exit Poll-ՈՎ ՀԱՂԹՈՒՄ Է ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ Մ. Խ. Անկախ Հայաստանի նախագահական վեցերորդ ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում էին, այո: Նախ նրանով, որ սոցիալական ցանցերն ու ստվարացած բաց լրատվամիջոցները, հատկապես արագ արձագանքող ցանցային ԶԼՄ-ների առկայությունը դժվարացրել էին ընտրակեղծիքները: Բացի դրանիցՙ ընդդիմադիր եւ այլընտրանքային խորհրդարանական ուժերը թեկնածու չէին առաջադրել գործող նախագահին` ՀՀԿ լիդերին առանձնապես դժվարհաղթելի մրցակցից զրկելով փաստորեն: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը քարոզարշավի ընթացքում փորձ էին անում լրացնել այդ բացը իրենց ակտիվ քարոզարշավով: Թե ի վերջո այս երկու եւ ուրիշ այլ հանգամանքներ ինչպե՞ս են ազդել ընտրությունների ընթացքի վրա, եւ արդյո՞ք վստահություն ներշնչելու են այս ընտրությունների արդյունքները` կիմանանք արդեն այսօր երեկոյան, ընտրությունների նախնական արդյունքների հրապարակմամբ եւ միջազգային դիտորդական կազմակերպությունների` այսօր հնչելիք նախնական գնահատականներից, սակայն ընդհանուր պատկերը վերջնականապես կպարզվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Մանավանդ հանրահայտ է` Հայաստանին հիմա առավել հարկավոր է վստահ քվեով, ժողովրդավարական ընտրություններով ընտրված լեգիտիմ նախագահ, ով պետք է լուծի երկրին այս դժվարին ժամանակաշրջանում ներկայացող պրոբլեմները, իսկ դրա համար հարկավոր են ոչ միայն ընտրությունների արդյունքների վստահելի թվեր, դիտորդների բարձր գնահատականներ, այլեւ ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքական ուժերի ներկայացուցիչների` ընտրությունների արդյունքները ընդունումը եւս: Առայժմ ներկայացնենք նախնական թվեր ըստ երեկ ժամը 21-ի շրջանում ԿԸՀ-ի հայտնած նախնական տվյալների` ընտրություններին մասնակցել է ընտրողների 60 տոկոսից մի փոքր ավելին` 1 518 407 ընտրող, ընդ որում ամենից բարձր մասնակցություն գրանցվել է Արարատի մարզում` 73,92 տոկոս, ամենից նվազ մասնակցությունը Երեւանում է եղել` 53,99 տոկոս: Արդեն երկրորդ անգամ «Արմնյուզի» նախաձեռնած եւ Gallup-ի անցկացրած Exit Poll-ի արդյունքով, որը կատարվել է 19130 ընտրողների շրջանում, երբ նրանք դուրս են եկել ընտրությունից, հարցվածների 59 տոկոսի անանուն անկեղծացման արդյունքում քվեների բաշխվածությունն այս տեսքն է ունեցել. Սերժ Սարգսյան` 58 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան` 32,3 տոկոս, Պարույր Հայրիկյանՙ 3 տոկոս, Հրանտ Բագրատյանՙ 3 տոկոս, Անդրիաս Ղուկասյանՙ 1 տոկոս, Վարդան Սեդրակյան` 1 տոկոս, Արման Մելիքյան` 1 տոկոս, անվավեր քվեաթերթիկներ` 1 տոկոս: ՀՀԿ գրասենյակում հենց երեկ Սերժ Սարգսյանի շտաբի անդամ Դավիթ Հարությունյանը հանգիստ եւ անհամեմատ բարձր որակով ընտրություն անվանեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները, իսկ ՀՀԿ-ական վերնախավը սպասում էր իր թեկնածուին` վստահ նրա ստացած բարձր քվեին ու հաղթանակին: Ընդհանուր առմամբ երեկ իսկապես տեսանելի էր, որ ընտրողներն անկաշկանդ գնում են ընտրությունների, հեռուստաէկրաններն ու էլեկտրոնային լրատվամիջոցները մեծ աշխուժությամբ լուսաբանում էին ընտրական ողջ գործընթացը, ազատորեն խոսվում էր եւ ընտրախախտումներից, եւ դրանց ճշտումներն էին մանրամասն մատուցում: Ընդհանուր առմամբ` ընտրողի վստահությունը դեռեւս այնքան հեշտ ձեռք չի բերվում: Սկսենք ընտրողների թվից, որն այդպես էլ վստահություն չներշնչեց` 2,5 մլն-ից ավելի, քանի որ երկրի չափահաս բնակչության մի զգալի հատված արտագնա աշխատանքի է: ԶԼՄ-ներում, այնուամենայնիվ, բեւեռացվածություն կար, թեեւ ոչ 2008 թվականի նման. հեռուստատեսություններով, էլի ինչպես ավանդաբար, ամեն ինչ նորմալ էր ընտրությունների ընթացքում, խաղաղ, առանց էական ընտրախախտումների, կայքերում եւ ֆեյսբուքում, ընդհակառակը, ընտրախախտումների այնպիսի բում էր, որ մտածում էիր, թե երկու դեպքում էլ ծայրահեղությունների հետ գործ ունենք: Կոնկրետ իմ թաղամասում (Ավանում) անցած խորհրդարանական ընտրություններին մարդկանց բացահայտ տաքսիներով եւ երթուղայիններով բերում էին ընտրության, այս անգամ դա համարյա տեսանելի չէր. կամ հարցերն ավելի վաղ էին լուծել, կամ էլ, Էդուարդ Շարմազանովի ասած` արջի ծառայություն մատուցողները քչացել էին: Համենայն դեպս` եւ ընտրողների ակտիվությունը նվազ չէր, եւ տրանսպորտային աժիոտաժը չկար, մարդկանց տեսանելի ոչ ոք չէր ուղղորդում: Իսկ առավել ենթադրելի է այն, որ ընտրությունների հայկական տարբերակն այնքան է բյուրեղացել, որ ոչ մի դիտորդ` տեղացի թե եվրոպացի, այլեւս չի կարող տեսնել այն տեխնոլոգիաները, որոնք հայտնի կդառնան միայն այն ժամանակ, երբ իշխանությունն ու իշխող կուսակցությունը փոխվեն: Համենայն դեպս, ՀՀԿ շտաբների մոտ հավաքված երիտասարդության, մեքենաների մեջ եղած ինչ-որ տպագիր ցուցակների առկայությունը հուշում էր, որ ինչ -որ տեխնոլոգիա է կիրառվում, որը դիտորդները կամ վստահված անձինք չեն կարող իմանալ, իմանան էլ` դժվար ապացուցելի է: Անձնագրում դրվող կնիքի թանաքի մասին նորից անհանգստություն կար, որ կարելի է թաց անձեռոցիկով մաքրել, կամ նախատեսվածից շուտ է անհետանում, սակայն հետո ամեն ինչ նորմալացավ: Մի խոսքով` իրականությունը հավանաբար հեռուստատեսությունների եւ կայքերի հաղորդածի մեջտեղում էր, որը հայտ է դեպի ապագա` ինչ-որ բան փոխելու, մեր կյանքի եւ ընտրական մշակույթի նոր որակների հավակնելու... Համենայն դեպս` կայքերը լի էին ընտրախախտումների մասին հաղորդումներով: Ժամը 18:00-ի դրությամբ 263 խախտման հաղորդում էր գրանցված iditord.org կայքում: Ավանի քվեատուփի ճեղքը տեխնոլոգիական էր` ԿԸՀ-ից ճշտեցին, Արտաշատի 17/05 ընտրատեղամասում դիտորդի ներկայությամբ հինգ հարյուր քվեաթերթիկի լցոնումը ժխտվեց` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, թե այդպիսի դիտորդ գրանցված չկա տվյալ տեղամասում, հանձնաժողովականներն էլ հերքեցին լցոնման փաստը: Էլի այդ կարգի մի ամբողջ շարք ընտրախախտումներ հերքվեցին: Լուր ստացվեց, որ Գյումրու 34/36 ընտրատեղամաս խախտումների մասին ահազանգով մեկնած «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի եւ ապա նույն տեղամաս ժամանած ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի միջեւ վեճ է ծագել, եւ Ռուբեն Հակոբյանին ոստիկանությունը բերման է ենթարկել: Մեկը քվեաթերթիկ կերավ, համացանցում երեւաց մի ավտոբուս, որտեղ փող էին բաժանում, ճիշտ է` դրամ չերեւաց: Ֆեյսբուքի «Ընդմիշտ հեռանում եմ» խմբի էջում բազմաթիվ անվավեր դարձրած քվեաթերթիկներ տեսա, որտեղ ընտրել էին Քիմ Քարդաշյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, քաղաքական բնույթի կամ սրամիտ արտահայտություններ էին գրել` թարս բուսնած խիյարի եւ այլ թեմաներով, անվավեր դարձնելով քվեաթերթիկը: Այսպես թե այնպես, ընտրություններն ավարտվեցին առանց միջադեպերի, հետեւում էին հազարավոր դիտորդներ, ու գոնե որպես առաջին գնահատական կարող ենք ասել, որ նախագահական ընտրությունները կայացան: |