ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Վ. Պ. Հայաստանյան ընտրությունները միջազգային առումով հետաքրքրություն ներկայացրել եւ ներկայացնում են առավելապես արդյունքների լեգիտիմության կամ հետընտրական գործընթացների առումով, քան բուն ընտրությունների: Միջազգային դիտորդների բազմահազարանոց ներկայությունը չի կարող վկայել ընտրությունների առնչությամբ հետաքրքրվածությունը, սակայն մատնացույց է անում դրանց հնարավոր խախտումները վերահսկելու կամ առնվազն դիտարկելու կարեւորությունը: Ամեն դեպքում, որոշակի փոփոխություններ միջազգային ներկայության ու ընտրություններով հետաքրքրվելու առումով կարելի է գրանցել` թեկուզ հարեւան Թուրքիայի լրատվամիջոցների կողմից: Փետրվարի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներ ներկայացնող առաջատար լրագրողների, որոնք Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում: Պատասխանելով լրագրողների հարցերինՙ Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր խնդիրների վերաբերյալ: Այդուհանդերձ, հետաքրքրական է, որ երբեւէ հայաստանյան իրադարձություններին առանց ցցուն առիթի չանդրադարձող թուրքական մամուլն արդեն երկրորդ անգամ լուսաբանում է Հայաստանում անցկացվող ընտրությունները` այս անգամ առավել մեծ ներկայացվածությամբ: Հիշեցնենք, որ մի քանի թուրք լրագրողներ Հայաստան էին ացելել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ընդ որում` առաջին անգամ լուսաբանելու հենց ընտրական գործընթացները: Թե ինչու է թուրքական մամուլը հետաքրքրվում հայաստանյան իրադարձություններով` կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, սակայն ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական օրակարգում վերջնամասային տեղ զբաղեցնող Հայաստանի պարագան փոփոխություններ է կրում: Դրական, թե բացասական` ժամանակը ցույց կտա: |