ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ Հ. ՉԱՔՐՅԱՆ Թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը հայտարարություններ են անում «Հյուրիեթին» Փետրվարի 9-ի համարում «Ազգը» նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին անդրադառնալիս, ընթերցողի ուշադրությանն էր ներկայացրել «Դունյա բյուլթենի» կայքէջի «2013-ը Կովկասի համար կդառնա՞ վերափոխման տարի» վերնագրով անստորագիր հոդվածը: Թուրքական կայքէջում դեռեւս հունվարի 30-ին հրապարակված հոդվածը կարծիք էր հայտնում, թե վերջին ամիսներին Վրաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները մեծացրել են հարավկովկասյան հանրապետություններում ակնկալվող մեծ վերափոխումների հավանականությունը, ուստի «որքան էլ նախագահ Սերժ Սարգսյանը վայելի Կրեմլի աջակցությունը, ակնհայտ է Սաակաշվիլու տարբերակը Հայաստանում կիրառելու արեւմտյան տերությունների մտադրությունը»: «Դունյա բյուլթենի» կայքէջի խմբագրականի բնույթ կրող հոդվածը չէր մանրամասնել այդ մտադրությունները, ոչ էլ նշել է դրանց նկատմամբ թուրքական շրջանակներում տիրող մոտեցումների մասին: Այդուհանդերձ, նույն կայքէջը փետրվարի 17-ին «Նախընտրական լռություն» խորագրով հրապարակել է մեկ այլ հոդված, որտեղ, ՀՀ գործող նախագահի խոսքերով, պարզաբանում է «Արեւմտյան տերությունների վերոհիշյալ մտադրությունը»: Ահա թե ինչ է գրել թուրքական կայքէջը. «Ընտրությունների նախօրյակին քարոզարշավի վերջին օրը հեռուստաէկրանից ժողովրդին դիմեց նախագահ Սերժ Սարգսյանը եւ շեշտը դնելով Հայաստանի Սահմանադրության վրա, ասաց. «Մեր Սահմանադրությամբ արգելվում է ուժի միջոցով իշխանության բռնազավթումը: Այդ իսկ պատճառով վերջին տարիներին հաճախակի շրջանառվող «հեղափոխություն» հասկացությունը Հայաստանում ենթադրում է ոչ թե իշխանափոխություն, այլՙ սահմանադրական բարեփոխումներ»: Սարգսյանի գլխավոր մրցակիցըՙ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը, որն օրակարգ մտավ մահափորձի հետեւանքով, կարծիք հայտնեց, թե Սարգսյանը կպարտվի, եթե ընդդիմադիր թեկնածուները միավորվեն, իսկ Անդրիաս Ղուկասյանը հաղորդագրությամբ Սարգսյանին մեղադրեց ընտրողներին կաշառելու մեջ»: Այդ կայքէջը ՀՀ նախագահական ընտրություններին անդրադարձել էր նաեւ փետրվարի 18-ին, սակայն առանց մեկնաբանության ամփոփել է Հայաստանում տիրող նախընտրական վիճակը: Նույն օրը ընտրություններին արձագանքելիս, «Հյուրիեթը» ներկայացրել է սեփական թղթակցի հանդիպումը նախագահի թեկնածուներից Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ: Թուրքական թերթի վկայությամբՙ պրն Հովհաննիսյանը նախընտրական կենտրոնական շտաբում ընդունել է լրագրողներին, առանձնակի ուշադրություն է ցուցաբերել «Հյուրիեթի» թղթակցին եւ գրկախառնվել է, բացականչելով. «Ո՞վ է ասել, որ մենք թշնամիներ ենք: Դուք իմ եղբայրն եք»: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ նախընտրական ծրագրում ինքը թեեւ մեծ տեղ չի հատկացրել Թուրքիայի հետ հարաբերություններին, սակայն ընտրվելու դեպքում լրջորեն կզբաղվի այդ հարցով, եթե անհրաժեշտություն լինի, վերստին կանդրադառնա արձանագրությունների գործընթացին»: «Հյուրիեթի» թղթակցին ընդունել է նաեւ Պարույր Հայրիկյանը: Ընդունելության առնչությամբ թուրքական թերթը գրում է. «Թուրքիային ջերմ խոսքեր հասցեագրող երկրորդ թեկնածուն մահափորձից փրկված Պարույր Հայրիկյանն է: Նա ասաց. «Կարծում եմ, մահափորձը նախաձեռնել են այն ուժերը, որոնք չեն ցանկանում Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը: Հայաստանի ուղին անցնում է եվրոպական քաղաքակրթության արժեքներով: Այդ ճանապարհով ընթանալու համար Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Թուրքիայի հետ»: Հայրիկյանը անդրադարձավ նաեւ 1915-ի իրադարձություններին: «Այս հարցում չի կարող լինել միայն թուրք ժողովրդին դատապարտող մեկ համոզմունք: Վատերի կողքին կան նաեւ լավ թուրքեր: Կարծում եմ, մեր օրերի Թուրքիայում լավ թուրքերը մեծամասնություն են կազմում», ասաց նա»: |