RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#050, 2013-04-02 > #051, 2013-04-03 > #052, 2013-04-04 > #053, 2013-04-05 > #054, 2013-04-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-04-03 23:26:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2043, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 86

«18-33. ԱՐԴԻ ՀԱՅ ՊՈԵԶԻԱ» ԱՆԹՈԼՈԳԻԱ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը ներկայացնում է «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան, որը ներառում է մեր ժամանակակից տասներեք երիտասարդ բանաստեղծների ստեղծագործություններ` Վահե Արսեն, Աշոտ Գաբրիելյան, Տաթեւիկ Խուրշուդյան, Էդուարդ Հարենց, Անահիտ Հայրապետյան, Կարեն Անտաշյան, Աննա Դավթյան, Նարե Հովհաննիսյան, Հասմիկ Սիմոնյան, Մարիամ Կարապետյան, Մանե Գրիգորյան, Ռուզաննա Ոսկանյան, Տաթեւ Չախչախյան:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւս ներկա էր անթոլոգիայի երեկ կայացած շնորհանդեսին, որի մասին ասաց. «Վերջին ժամանակներում շատ կարեւոր գործընթացներ տեղի ունեցան: Մենք ճշգրտեցինք մեր գրական դաշտը` անընդհատ տարբեր ժողովածուների տպագրմամբ, որոնցում անունների 80 տոկոսը կրկնվում է: Նշանակում է, որ մեր մոտեցումներն արդեն հստակեցրել ենք` գրական դաշտի նկատմամբ եւ այդ դաշտում գտնվող անհատների` բանաստեղծների, աձակագիրների եւ այլոց: Յուրաքանչյուր նման ժողովածու իր լուման է ներդնում այս գործում: Լսելով արդի ստեղծագործողների աշխատանքները, հասկանում ես, որ այսօր կա գրականություն, չնայած կարող է որոշ ստեղծագործություններ դուր գալ, որոշներն էլ ` ոչ»:

Անթոլոգիան կազմել եւ խմբագրել են` Լիլիթ Գալստյանը եւ Արքմենիկ Նիկողոսյանը:

Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ այս գրքերը կազմվեց նրա համար, որ ասեք. «Մենք ունենք գրական կենսունակ դաշտ, մի շարք տաղանդաշատ երիտասարդ գրողներ, որոնք ստեղծում են լավ գրականություն»: Իսկ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ըատրել են ժողովածուի հեղինակների տարիքային հենց այս խումբը` 18-33, քանի որ այդ խմբի կայացման, ձեռագրի, ազատության, աշխարհընկալման, մոտեցումների ամենակարեւոր շրջանն է. «Այս ժողովածուին ցանկանում ենք համահայկական հնչողություն տալ, միգուցե նաեւ թարգմանենք»:

Կարեն Անտաշյանն արդի հայ պոեզիայի ստեղծագործողներից է, որն ի տարբերություն շատ շատերի, հեշտությամբ է տպագրում իր ստեղծագործությունները` թե՛ պետպատվերի շրջանակում, թե՛ անձնական միջոցներով եւ ունի արդեն հրատարակված երկու գիրք, իսկ երրորդը` շուտով լույս կտեսնի:

Երիտասարդ ստեղծագործողի համար առանձին գրքով հանդես գալն ավելի հետաքրքրական է, քան ժողովածույով, սակայն ընդգծում է, որ իր սերնդակից հեղինակների համար սա ամենալուրջ գիրքն է եւ իրենք մեծ հպարտությամբ են տպագրվում այս գրքում: Ինչպես տեղեկացրեց Կ. Անտաշյանը, իր վերջին գիրքը, որը շուտով լույս կտեսնի, հին ծիսական, հմայական աղոթքների, խաղիկների լեզվամտածողությամբ ստեղծված բանաստեղծություններ են լինելու:

Կ. Անտաշյանը տեղեկացրեց նաեւ, որ այս անթոլոգիայում ներկայացրել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք իր համար ուղենիշային են, եւ շատ կարեւոր են ասելիքի առումով. «Ըստ իս, այս շարքն ընթերցողը, բավականին մեծ պատկերացում կկազմի իմ մասին: Իսկ մարդիկ, որոնք պատկերացում չունեն ժամանակակից հայ պոեզիայի մասին, այս անթոլոգիայում առկա համահավաք ստեղծագործությունները կարդալով կարող են կարծիք կազմել»:

Թատերագետ Լեւոն Մութաֆյանն էլ սեւեռուն ուշադրությամբ է հետեւում գրական ընթացքին, հատկապես` երիտասարդական պոեզիային. «Ինձ միշտ ուրախացրել է ձեւի ու բովանդակության տարածքում նոր մոտեցումները, հայացքները երիտասարդների, ինչին դժվար է հասնել: Այսօրվա մեր երիտասարդական պոեզիան աչքի է ընկնում ձեւի մեջ նոր տիրույթներ ձեւավորելու` մի քիչ մոդեռնիստական, մի քիչ ավանգարդիստական դրսեւորումները հայ իրականություն բերելու: Ուշագրավն այն է, որ երիտասարդները պորտալարից չեն կտրվում: Ավանդույթը, որը ձեւավորել են` Արտեմ Հարությունյանը, Յուրի Կետոյանը, Հրաչյա Սարուխանը, Էդվարդ Միլիտոնյանը եւ ուրիշները, մեր նոր սերնդի մեջ նկատելի է: Նրանք ոչ թե ձեւավորել են ամորֆ, կտրված մի դաշտ, այլ բերում են իրենց սեփականը: Չէի ասի, թե հիացած եմ բոլորով, կային կրկնություններ, ձեւամոլական, ձեւապաշտական դրսեւորումներ»: Լ. Մութաֆյանն ընդգծեց սակայն, որ ունենք երիտասարդական շատ լավ գրականություն` եւ՛ պոեզիա, եւ՛ արձակ, սակայն նույնը չի կարող ասել դրամատուրգիայի մասին. « Միշտ կա այնպիսի տպավորություն, թե այսօրվա երիտասարդ գրողը հեռու է իրականությունից, սակայն այսօր առկա բոլոր խնդիրները նրանք իրենց ստեղծագործություններում բարձրաձայնում են: Ինձ միշտ թվում էր, որ մեր երիտասարդներին քիչ են ընթերցում, բայց թե՛ սոցիալական կայքերում, թե գրական երեկոներում նկատում եմ, որ մեկը մյուսի բանաստեղծությունն անգիր գիտի, ինչը նշանակում է, որ այս գրականությունը ինքնաբավ չէ, գրողը իր համար չի գրում, այն ձեռք է բերում հանրահռչակում»:

Նշենք, որ արդի հայ արձակի անթոլոգիա եւս տպագրվել էր տարիներ առաջ, իսկ այս շարքը շարունակական բնույթ կկրի: Սպասենք հետաքրքրական նոր անթոլոգիաների, քանի որ այն նոր շունչ է բերում մեր գրականություն` շնորհալի երիտասարդների համար նոր հարթակ ստեղծելով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #52, 04-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ