ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՈՒ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ Ա. Մ. Կառավարարության երեկվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ դպրոցական դասագրքերի եւ ընդունելության քննությունների շտեմարանների էլեկտրոնային տարբերակների հասանելիության հարցին: «Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, եւ երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», նշեց վարչապետը: Ստանալով կրթության եւ գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը ասաց, որ «քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, եւ երեխաները, ծնողներն ազատորեն եւ անվճար կարող են օգտվել դրանցից: Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին», նշեց նա, ավելացնելով, որ շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ: |