ԳԼԽԻ-ԳԼԽԻ-ԳԼԽԻՎԱՅՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երբեմն թվում է, թե ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, ու մարդիկ քայլում են ոտքերն օդում, գլուխները երկրի ձգողական դաշտին ենթակա: Չեմ չափազանցում: Լավ է, որ դա երբեմն է միայն, ու երբեմն էլ ամեն ինչ տեղն է ընկնում, ե՛ւ ոտքերն են ճիշտ իրենց տեղում հայտնվում, ե՛ւ գլուխը: Ու մեր կյանքն այնպես է դարձել, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ր երբեմնը կգերակշռի: Երբ լրատվությունից սողոսկում է տողը, թե 77 տարեկան հասակում մահացել է ամենա... ո՞վ, մտածում ես, տեսնեսՙ ի՞նչ հարգարժան, անունով մարդ է, որի մասին արժե գրել, հիշել, մի լավ օրինակ վերցնել նրա կյանքից, տեսնես ո՞վ է մահացել... ամենատարեց «օրենքով գողը», պարզվում է, ու դա է ամենատանող նյութն օրվա լրտավության: Ու մի բան շարժվում է գլխիդ մեջ, դիսկոմֆորտը բարձրանում- պարուրում է մարդու, հասկանում ես, որ քո ու քո շուրջը եղած մարդկանց կյանքում մի բան այն չէ, քանի որ համարվում է, թե շատ դրական հատկանիշ է ունեցել այդ «օրենքով գողը»` ձեռքերն արյունոտ չեն եղել, ու միայն գողություններով է զբաղվել հիմնականում: Գնա ու ինչ ուզում ես արա` «պանյատկեքով» ապրող մեր հասարակությանն, ախր, այդ լուրը շատ է հետաքրքրում, դա, հասկանում եք, այնքան են բացել, որ տվյալ լրատվամիջոցի «ռեյծինգը» բարձրացել է: Իսկ ինչո՞ւ են մերոնք հատկապես այդ լուրը բացում: Չշտապեք` միանշանակ չէ պատասխանը. առաջին պատասխանը ծնվում է ինքնին` ինչ կուտ տալիս ես, նա էլ ընթերցողն ուտում է: Երկրորդ պատասխանը նման է առաջինին` ի՞նչ կտով կերակրել ես տարիներով մարդուն, սովորեցրել ես` նույն կուտն է ուզում քեզանից. ասենք` սերիալում հենց նույն տիպի մարդկանց մասին են պատմում, նույն ձեւի բերան ծռելով գողերի ու գողականների մասին սյուժե ես հրամցնում, ուրիշ բան որ չի լսել` էլ ինչո՞վ հետաքրքրվի, ի՞նչ պահանջես նրանից: Ու բերան ծռող դերասանուհին, նրա հագած շորի ու նրա մերկության մասին կարդալն ավելի հետաքրքիր է այս սերիալները նայող ընթերցողական հանրույթին, քան որեւէ լուրջ մտավորականի, գիտնականի, լուրջ մեղեդու ու ստեղծագործությանն մասին իմանալը: Շրջանը գծողը գծից ներս եղողներին շարունակում է պահել շրջանի մեջ, քանի որ այլ բան չունի, որ առաջարկի: Անունն էլ դնում է պահանջարկ, քանի որ ավելի լավ բան չի կարող առաջարկել: Թե չէ` որ շրջանը մեծանա, ընթերցողն աճի ու խորքով ու մակարդակով նյութ պահանջի` ոնց տաս ու ո՞վ տա: Կուտ տվողն ու կուտ ստացողն իրար պետք է արժենան ախր: «Պանյատկեքի» լուրեր, ուղեղի սովորական լվացման գործողություն: Վերջը մի խելոք գուցե կփոխի ամեն ինչ: Գողական Գյումրի Ու կյանքը մեր վերածվում է սերիալի: Ո՞րն է դրանցից ավելի իրական` արդեն դժվար է տարբերելը: «Օրենքով» գողի մասին լուրն ու մեր կյանքն իրար արժեն: Գյումրին հերթական անգամ ցնցվել է կրակոցներից, այս երեք օր երկիրը հերթական անգամ խոսում է Գյումրիում տեղի ունեցած դաժան հրաձգության եւ սպանության մասնրամասներից: Գյումրեցի մարդը որպես եզրակացություն ասում է, որ ոստիկանությունը ուժ ու զորություն չունի զսպելու էդ «գողական» վարք ու բարքով մարդկանց փոխադարձ վենդետան, ահաբեկված քաղաքը սպասում է հակառակ կողմի վրիժառությանը: Ինչպես Սիցիլիայում, կամ Ռիո դե Ժանեյրոյի արվարձաններում` իրար խփում են պտտվող գնդակով եւ առանձնակի դաժանությամբ: Օրը ցերեկով Գյումրիում 20 րոպե կրակում են, մարդը հիվանդանոցում մահանում է (Արտյոմ Կարապետյանը` «Շեկո« մականունով), մյուսին վիրահատում են (Հարություն Խաչատրյանը` Քավոր Հարութ մականունով): Ու էլի ամեն ինչ կապ ունի Ղուկասյան ընտանիքի հետ, ու դա սովորական է արդեն ականջի համար` նրանց են սպանում, «լոմով» գլխներին խփում, եւ իրենք են սպանում: Ու մտածում ես` ո՞նց, ինչու, ախր, տարիներ այդ կարգի մարդիկ իշխանավոր պիտի լինեին, մարդկանց ճակատագրերը վճռելու իրավունք ունենային, որ հետո էլ ծանր տանեին իրավունք եւ իշխանություն չունենալը, ու... գողական բարքերից քաղաքը չպրծնի ու չպրծնի: Ի՞նչ քաղաքական, կուսակցական, չգիտեմ` տիեզերական շահ պիտի լինի, որ գողականներին բերի իշխանության, ու տարիներ դրանցից չպրծնի ու չպրծնի... Ի՞նչ արդարացում կա այսպիսի իշխանավոր ունեցած լինելուն, որ կարճ ժամանակում Գյումրու կերպար է փոխել, արվեստների, համուհոտի քաղաքը դարձրել «ռազբորկաների», վախի մեջ ապրողների ու գողական բարքերի մեջ ներհյուսված Նյու Վասյուկիի: Գյումրին դարձել է կլանների քաղաք, ըստ ամենայնի` Գյումրիում միջկլանային պատերազմ է` Վարդան Ղուկասյանի եւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների միջեւ փաստորեն: Ինչո՞վ սերիալ չէ վատ ռեժիսորի, որ տարիներ իշխանավոր է եղել ու քաղաքը դարձրել իր պատկերով ու նմանությամբ: Հիմա մի ողջ կյանք պետք կլինի Գյումրիից կեղտը զատելու ու Գյումրին սերիալի քաղաքից նորից Գյումրի դարձնելու համար: Եթե մեկն ուզենա գողերի կյանքից ֆիլմ նկարել` դա հանգիստ կարող է անել հիմա այս քաղաքում, քանի որ ոստիկանությունը Գյումրիում այժմ ստուգում է մեքենաները, արտահերթ միջոցառումներ է ձեռնարկում, իսկ Գյումրիում լարումն իր գագաթնակետին է հասել, մարդիկ փողոցներում, թե տանն այս հերթական մահացու «ռազբորկայից» են խոսում, ոմանք ընդհանրապես վախենում են փողոց դուրս գալ կամ առնչվել այդ երկու կլաններին: Ինչպես պատկերավոր արտահայտվում են գյումրեցիները` մի կլանը հիվանդանոցում է, մյուսը ոստիկանությունում: Ու ավելի վաղ էլ այս որակի դեպքերի մի ողջ շարք է տեղի ունեցել` 2007-ից սկսած, երբ Վարդան Ղուկասյանի դեմ մահափորձ եղավ ու դրանից հետո Ղուկասյանների շուրջն աղմուկը չի դադարում: Այս անգամ ձերբակալվել է նրա եղբորորդի Վահեն, իսկ ինքըՙ Ղուկասյանն ու նրա որդին ոստիկանությունում զրույցից հետո ազատ են թողնվել: Քաղաքը տապ արած` սպասում է վենդետայի, գյումրեցին գյումրեցի չէ, թասիբով Գյումրին դարձել է կրիմինալ: Իսկ թե ինչպես են կիսաքրեական այս մարդիկ երկար տարիներ քաղաք ղեկավարել, պատգամավոր դարձել, եւ ինչու իշխանությունն այլ ընտրություն չի ունեցել, ի՞նչ քաղաքական, կուսակցական, չգիտեմ` տիեզերական շահ է այդ մարդկանց քաղաքի ղեկավար սեպել տարիներ` օրինապահ մարդը պիտի որ չուզենա լսել: Երկիրն ազատեք գաղջ մթնոլորտից, ասել եք, Գյումրին վերադարձրեք գյումրեցուն: Կանայք նայում են, թե ոնց են լրագրողի ծեծում Ապրիլի 23-ին Նոր Նորքի վարչական շրջանում լրագրող են ծեծել` ilur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին: Թղթակիցը պարզել է` իրեն ծեծողը ավագանու անդամ Աշոտ Պապայանն է: Արդյո՞ք լրագրողն իրեն զուսպ չի պահել, որ իրավիճակն այդ ելքն է ունեցել` այնտեղ չենք եղել, չգիտենք, սակայն համացանցում արած Հակոբ Կարապետյանի գրառումից մեզ համար (եւ իր համար էլ) շատ զարմանալի մի պահ ենք ֆիքսել. մարդիկ, տարեց կանայք կանգնել ու հանգիստ նայել են, թե ոնց են լրագրողին ծեծում, ո՞նց են տեսախցիկ վերցնում, ու ոչ ոք չի զսպել ծեծողին, իրենց պահվածքով արձանագրելով, որ եթե ծեծում են, ուրեմն պետք է, ուրեմն` հասնում է: Իսկ թե ոնց մեր հասարակության, մեր տատիկների կամ ավագ տարիքի կանանց համար ընդունելի դարձավ զոռբայությունը, ոնց «ռազբորկեքի» ոգին մտավ մեր ավանդական մայրիկների մեջ այն աստիճան, որ նրանք անտարբեր նայեն, թե ոնց են լրագրողի ծեծում` սա արդեն ախտորոշման խնդիր է: |