RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#115, 2013-07-09 > #116, 2013-07-10 > #117, 2013-07-11 > #118, 2013-07-12 > #119, 2013-07-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-07-10 23:41:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 1169, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՊԵՂՈՒՄՆԵՐ ՖՅՈՒԼԵ-ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսնենք, թե ինչ է քննարկել Ֆյուլեն անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ. նախ` Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակն ու հեռանկարը: Կողմերը համագործակցության մակարդակը եւ հատկապես դրա արագ զարգացումը դրական են գնահատել, Ա. Բաղդասարյանը իրականացվող ծրագրերի հաջող ընթացքն է նշել: Նախագահի եւ վարչապետի հետ քննարկումների թեմաները վերստին քննարկելուց հետո Ֆյուլեն նշել է (ուշադրություն` նոր երանգ), որ Արեւելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովը շրջադարձային է լինելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների տեսակետից, քանի որ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագիրը (եւ նրա ներքո համաձայնագրերը) կարող են դառնալ քաղաքական ասոցացման (հիշեցնենք`ասոցացում հայերեն նշանակում է ընկերակցություն), ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման իրական գործիք: Եվ Ֆյուլեն մի անգամ էլ Ա. Բաղդասարյանին է խոստացել` շարունակել աջակցությունը բարեփոխումներին:

Համենայն դեպս` Ֆյուլեն ինքը երեկ լրագրողների հետ հանդիպմանը որոշ բացահայտումներ արեց` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումն ու զրույցը շատ լավ է ստացվել, դեռ հաճոյախոսեց Հայաստանին, թե հաճելի է այցելել եւ տեսնել մշակույթի արմատների երկիրը: Ասաց, որ ուզում է հերքել այն առասպելը, որ Արեւելյան գործընկերության մեջ երկրների անհատականությունը կորչում է, ճիշտ հակառակն է` ընդհանուր գործիքներով ամեն գործընկեր երկրի հարմար լուծում է առաջարկվում: Նա խոսեց նաեւ այն մասին, որ հանդիպել է Հայաստանի քաղաքական ուժերի եւ կառավարության հետ` կանգ առնելով ԵՄ 6 գերակայությունների վրա եւ շեշտելով, որ պիտի շարունակեն աշխատել հանձնարարականներն ի կատար ածելու եւ օրենսդրական փոփոխությունները վերջնականապես իրականացնելու ուղղությամբ:

Ֆյուլեն կեսկատակ-կեսլուրջ ասաց նաեւ, որ եթե Հայաստանը ժամկետներից դուրս գա, դատի կտան Հայաստանին: Նա թեեւ ավելացրեց, որ կատակում է, սակայն հայտնի է, որ բոլոր լուրջ բաները հաճախ ասվում են կատակով: Ստորագրվելիք համաձայնագիրը իրավական պարտադիր ուժ ունի, այնպես որ Հայաստանի իշխանությունները պետք է հասարակությանը բացատրեն դրա անդրադարձները Հայաստանի կյանքի վրա (այդ փաստաթուղը Հայաստանի Ազգային ժողովը պետք է վավերացնի): Նա նաեւ հստակեցրեց խոստումները` 2014-20 թվականներին լուրջ ֆինանսական օժանդակություն է լինելու այն երկրներին, որոնք Ասոցացման պայմանագրով խթանելու են բարեփոխումները: Անդրադառնալով ռուսական տնտեսական ճնշումների վերաբերյալ խնդրին (գազի գնի բարձրացում, Ադրբեջանին զենքի վաճառք), նա խնդիրը վերահասցեագրեց մեզ. Հայաստա՛նը պետք է ասի` ճնշում կա՞, թե՞ ոչ: ԵՄ-Հայաստան հարաբերությունները գործընկերային են, այստեղ ճնշում չի կարող լինել, ըստ հանձնակատարի: Եվ ուղիղ դրեց հարցը. արդյոք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելո՞ւ է ուղիղ եւ անուղղակի հարաբերություններ հաստատելու ներուժը հարեւանների հետ, եւ ինքն էլ պատասխանեց` «Հստակ ոչ»: Դեռ ինչ-ինչ հնարավորություններ կավելացնի հարեւանների հետ հարաբերվելիս, կամրացնի դիրքերը տարածաշրջանային համագործակցության առումով, վստահ էր հանձնակատարը: Նա ասում էր` անհեթեթություն է այն, թե պետք է ընտրել` ո՞ւմ հետ համագործակցել, Արեւելյան գործընկերությունը բացասական ազդեցություն չի ունենա ավանդական կապերի վրա` Ռուսաստան կամ միջնորդավորված հարեւաններ: Ռուսների հետ նույնպես ԵՄ-ն համագործակցում է` աշխատելով առեւտուրն ամրապնդելու եւ խոչընդոտները չեզոքացնելու ուղղությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #117, 11-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ