RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-24 23:29:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 39, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵԼԻՍԵՅԱՆ ԴԱՇՏԵՐՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հայաստանի նախագահը անցյալ օրերին Սոչիում էր: Հիշեցնենք, սա այս ամսվա 25 օրերի ընթացքում Սերժ Սարգսյանի երրորդ այցն էր Ռուսաստանի Դաշնություն: Ընդ որում, դրանցից միայն մեկի` սեպտեմբերի 3-ի այցի ընթացքում, տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը. ՌԴ նախագահը առանձին չհանդիպեց Սերժ Սարգսյանին ոչ Մոսկվայում նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու օձման արարողության ժամանակ, ոչ էլ Սոչիում կայացած ՀԱՊԿ երկրների նախագահների գագաթաժողովի շրջանակներում:

ՀԱՊԿ գագաթաժողովին եւ այնտեղ ՀՀ նախագահի ունեցած ելույթի որոշ դրվագներին «Ազգը» երեկվա համարում արդեն անդրադարձել է: Նշենք միայն, որ գագաթաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, այն էլ խոսելու «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործում Բելառուսի աջակցության մասին»:

Ինչեւէ, այն ընթացքում, երբ ՀՀ նախագահը, թերեւս աննախադեպ, ոչ լրիվ ամսվա ընթացքում երեք անգամ եղավ Ռուսաստանում, Հայաստանը տոնեց իր անկախության տոնը: Սեպտեմբերի 21-ին նախագահ Սարգսյանը ստացավ մի շարք շնորհավորանքներ աշխարհի տարբեր երկրների նախագահներից (ի դեպ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Հայաստանի անախության օրը չի շնորհավորել): Այդ շնորհավորանքներից ուշագրավը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ուղերձն է: Այնտեղ նախագահ Օլանդն, իհարկե, շնորհավորում է Սերժ Սարգսյանին Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ եւ նշում է. «Ուրախ կլինեի տարածաշրջանային ու երկկողմ հարցեր քննարկել Ձեզ հետ (նկատի ունի` Սերժ Սարգսյանի հետ) Փարիզում»: Ֆրանսիայի նախագահի ուղերձի այս դրվագն ամենաուշագրավն է, եւ ահա թե ինչու:

Անցյալ տարվա աշնանը Սերժ Սարգսյանը պետական այցով Ֆրանսիայում էր: Այդ այցելությունից հետո ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ գալիք տարի, այսինքն` այս տարի, սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան, «որը անկասկած եւս կարեւոր հանգրվան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»: Հետեւաբար, Փարիզում պետական այցի ժամանակ ՀՀ նախագահն իր ֆրանսիացի գործընկերոջը հրավիրել է պետական այցով ժամանել Երեւան, հակառակ պարագայում Նալբանդյանը նման պաշտոնական հայտարարություն չէր անի: Ավելին, Ֆրանսուա Օլանդն ընդունել է այդ հրավերը, այլ պարագայում ՀՀ ԱԳ նախարարը վստահաբար չէր հայտարարի, թե «հաջորդ տարի մենք սպասում ենք նախագահ Ֆրանսուա Օլանդի պետական այցը Հայաստան...»:

Ուրեմն ի՞նչ է ստացվում հիմա: Օլանդը, Սերժ Սարգսյանին հրավիրելով Փարիզ, փաստացի մերժում է ՀՀ նախագահի հրավերը` պետական այցով ժամանելու մեր երկիր: Այս համատեքստում նկատենք, որ ի տարբերություն պետական այցով մեր երկիր ժամանած նախագահ Սարկոզիի, նախագահ Օլանդն այդքան էլ ակտիվ չէ ֆրանսիական արտաքին քաղաքականության հարավկովկասյան ուղղության մեջ. Օլանդն ավելի շատ տարված է համաեվրոպական քաղաքականությամբ: Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Ֆրանսիան եվրոպական այն քիչ երկրներից է, որոնք մեծ ավանդ ունեն Հայաստանի եվրոինտեգրացման գործընթացներում, այլ կերպ ասած` Փարիզը Հայաստանի կողքին է մեր երկրի եվրոպական ճանապարհին, այդ ճանապարհը ինչ-որ առումներով բացելով Հայաստանի առջեւ: Հետեւաբար, «ընտրելով» Մաքսային միությունը եւ դրանով իսկ մերժելով լայն եվրոինտեգրումըՙ Հայաստանը փաստորեն լավ վիճակի մեջ չի դնում Ֆրանսիային:

Արդեն այս պարագայում նախագահ Օլանդը եւ պաշտոնական Փարիզը կարիք ունեն Հայաստանի հետ պաշտոնական հարաբերությունների հստակեցման ու պարզաբանումների: Դրանք ստանալ Երեւանում Օլանդը, ինչպես հասկացանք, չի պատրաստվում, քանի որ ԵՄ առանցքային երկրներից մեկի ղեկավարի համար այլ բան է այցելել, այն էլ պետական այցով «մաքսային» երկիր, բոլորովին այլ բան է այդ երկրից պարզաբանումներ ստանալ եւ վերամշակել նրա հետ հարաբերությունները սեփական երկրում` Ելիսեյան դաշտերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #161, 25-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ