RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#209, 2013-11-30 > #210, 2013-12-03 > #211, 2013-12-04 > #212, 2013-12-05 > #213, 2013-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013



Տեղադրվել է` 2013-12-03 23:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 846, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 18

ԵՎՐՈՊԱՆ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Պ. Ք.

Նպատակը ներգաղթի կրճատումն է

Եվրոմիությունը դեկտեմբերի 2-ից գործի է դրել սահմանային հսկողության նոր, խիստ համակարգ, որը ստացել է Eurosur անվանումը: Խոսքը անօրինական ներգաղթը կասեցնելու քայլերի մասին է: ԵՄ պետությունները մտադիր են կտրուկ միջոցների դիմել բոլոր ճակատներումՙ համաեվրոպական մակարդակով, Շենգենյան գոտու շրջանակներում եւ առանձին երկրների կառավարությունների ջանքերով: Փարիզի «Լիբերասիոն» թերթը հաղորդում է, որ առանձնակի ուշադրություն է դարձվում ԵՄ հարավային սահմաններին: Սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով 2014-2020 թթ. ընդհանուր առմամբ կծախսվի 224 մլն եվրո:

Eurosur-ը արբանյակների, ուղղաթիռների եւ անօդաչու ինքնաթիռների միջոցով ԵՄ արտաքին սահմանների հսկողության համաեվրոպական համակարգ է: Այն մասնավորապես թույլ կտա հայտնաբերել փախստականների նավերը եւ փրկել աղետյալներին: Համակարգի գլխավոր խնդիրներն են անօրինական ներգաղթի կասեցումը, ծովում փախստականների զոհերի թվի կրճատումը եւ ԵՄ ներքին անվտանգության ամրապնդումը:

Eurosur-ը, ըստ էության, տեղեկությունների փոխանակման ծրագիր է: Տեղեկատվությունը կհավաքվի սահմանային պաշտպանության Frontex միասնական գործակալութունում: Դրա կենտրոնակայանը Վարշավայում է: Կենտրոնակայանին ենթարկվում են 8 համակարգիչ կենտրոններ 8 երկրներումՙ Պորտուգալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Հունաստանում, Ալժիրում, Մարոկկոյում եւ Լիբիայում: Դրանցից բացի կան տասնյակ այլ կայաններ:

Մինչեւ վերջերս ԵՄ երկրներից յուրաքանչյուրը իր ծովային ու ցամաքային սահմանները պաշտպանում էր ինքնուրույնաբար: Eurosur համակարգը թույլ է տալիս փախստականների հոսքերը հայտնաբերել թե՛ ծովում եւ թե՛ ցամաքում, գտնել անօրինական սահմանահատումերի նոր ուղիները:

Առայժմ Eurosur-ին միացել են ԵՄ 18 երկիր, ինչպես նաեւ Նորվեգիան: Արդյունքները կերեւան 1 տարի հետո: 2014-ի դեկտեմբերից համակարգին պետք է միանան ԵՄ մյուս երկրները եւ Շենգենյան համաձայնագրի անդամ պետությունները:

Ամենադժվարը հարավային սահմանների պաշտպանությունն է: Եվրոպայի սահմանային պաշտպանության գործակալության տվյալներով, միայն 2012 թ. ԵՄ-ում անօրինական ներգաղթյալների թիվը կազմել է 72 հազար: Ըստ որում, վերջին 1 տարում Իտալիայով, Հունաստանով, Բուլղարիայով, Իսպանիայով, Մալթայով եւ Կիպրոսով Եվրոմիություն թափանցելու փորձերի թիվը կրկնապատկվել է:

«Ամենաթեժ» ուղղություններից առաջինը այսպես կոչված արեւելաեվրոպական երթուղին է (Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից դեպի Հունաստան): Այստեղ անցյալ տարի արձանագրվել է սահմանի խախտման 37 հազար փաստ:

Երկրորդ տեղում Միջերկրական ծովում կենտրոնական եւ արեւմտյան մասերն են: Աֆրիկյան երկրներից փախստականները թափանցում են Իտալիա եւ Իսպանիա: Անցյալ տարի այս երթուղուց օգտվել են 7 հազար փախստականներ Կոսովոյից, ինչպես նաեւ Աֆղանստանից եւ Պակիստանից:

Կա նաեւ արեւելյան «երթուղի», որով անցնում են Պակիստանի, Աֆղանստանի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիներ:

Հանուն լավ կյանքի դեպի Եվրոպա ձգտող փախստականներից շատերը զոհվում են նավաբեկությունների ժամանակ կամ այլ հանգամանքներում: Միայն վերջին 20 տարում զոհվել է ավելի քան 17 հազար մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #211, 04-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ