RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#220, 2013-12-17 > #221, 2013-12-18 > #222, 2013-12-19 > #223, 2013-12-20 > #224, 2013-12-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-12-18 23:05:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1104, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽՃԱՆԿԱՐ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Գանձապահի մոտ վճարումների պատրաստվողների հերթ էր գոյացել: Իրար անծանոթ մարդկանցից միայն 1-2-ն էին ժպտադեմ հայացքներ ուղղում կանգնածներից մեկին, որը ԱԺ ոչ անհայտ պատգամավոր էր: Երբ հասավ նրա հերթը, եւ գանձապահը հայտնեց վճարվելիք գումարի չափը, ապա իրեն ուղղված թղթադրամից անակնկալի եկավ ու ասաց:

- Ցավոք, դոլարով վճարում չենք իրականացնում:

- Այդ դեպքում գուցե եվրոյո՞վ,- դիմեց ԱԺ-ականը:

- Ոչ էլ եվրոյով,- եղավ պատասխանը:

Վիճակից ելք առաջարկեց Աժ-ականի տիկինըՙ հուշելով, որ արտարժույթի փոխանակման կետը մի քանի քայլից է, այնտեղ հերթ էլ պատահաբար չկա: Ամուսինը մոտեցավ փոխանակող աշխատողին եւ ինչ-որ զրույց սկսեց: Հետո գրպանից հանեց հեռախոսն ու հաշվարկ կատարեց: Այս ընթացքում հերթը գլխավորող նրա տիկինը հերթական անգամ դիմեց ժպտանման հայացքի օգնությանըՙ հերթում գտնվողներին հասկացնելով ըմբռնումով մոտենալ ամուսնու պահվածքին: Ի վերջո, փոխանակման կետում գործարքն ավարտելով, պատգամավորը մոտեցավ տիկնոջն ու արարքին հետեւյալ բացատրությունը տվեց:

- Այսօր եվրոյով կուրսն ավելի նպաստավոր էր:

Հերթում սպասողները, որոնց նա կարծես չէր տեսնում, եւ որոնցից մի քանիսը ճանաչել էին նրան, անտարբեր դրսեւորում ցուցաբերեցին. առաջին անգամ չէին նման վիճակում հայտնվում, մարդն արտարժույթի փոխանակումով է մասնակցում մեզանում ընթացող ֆինանսա-տնտեսական գործընթացներին, որոնք ամբիոնից բարեփոխումներ է հռչակում:

Գյուղամիջում

Անձրեւ սկսելու եղանակը երիտասարդ հովվին կարծես չէր մտահոգում: Խոշոր եղջերավորի նախիրը զբաղեցրել էր գյուղամիջյան ողջ ճանապարհը, որի երկայնքով կանգնած համագյուղացիները իրենց անասուններին բակ էին թողնում: Նախրի պոչին հայտնված «Օպել»-ի վարորդը փորձեց ձայնային ազդանշանի օգնությամբ խուճապ ստեղծելով ճեղքել նախիրն ու րոպեներ առաջ խուսափել ցեխածածկ ճանապարհին հայտնվելուց, բայց անասունները որեւէ ձեւով չէին արձագանքում նրա մտադրությանը: Բացելով ավտոմեքենայի պատուհանըՙ նա ձայնեց:

- Հովո, հապա մոտ արի:

Հովիվը մոտեցավ ու նկատելով վարորդի ոստիկանական ուսադիրները, մի պահ անակնկալի եկավ. դե, դասարանցուն երբեք հանազգեստով չէր տեսել, թեեւ գիտեր, որ նա սպայի կոչում ունի:

- Մի նեղվիր, ցավդ տանեմ, անասուն են, ուր որ է ձեր տանը կհասնենք,- ասաց նա:

- Էդ ձեռնափայտիցդ է, որ անասունները չեն ենթարկվում,- նկատեց ոստիկանը:

Հովիվը նայեց ձեռքի փայտին ու անակնկալի գալով արդարացավ:

- Կոպալս նախորդ օրը գայլի մեջքին կոտրեցի, առավոտյան էլ չեմ տեսել, որ բահի պոչն եմ վերցրել:

Սպան նկատեց, որ մի քանի քայլ այն կողմ գյուղապետարանն է, որի վրա ծածանվող դրոշը սթափեցրեց նրան: Թեեւ գիտեր, որ համայնքապետը Հովոյի բարեկամն է, հովվի գործն էլ նրա տվածն է, այսուհանդերձ ասաց:

- Ձեռնափայտդ ինձ տուր, դե, հասկանում ես, պետք է:

Մետրոյում

Ուղեւորներից մեկը, ցույց տալով վագոնի դռան մոտ ամրացված ցուցանակը, հարեւանությամբ կանգնածիս ասաց:

- Կարծես մեծ բան են արել, աչքներս են կոխում:

«Ի՞նչ է որ» ասելով հայացքս ուղղեցի ցուցանակի կողմը. եվրոպական անվանումներ էինՙ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկ, Եվրոմիություն եւ Եվրոպայի ներդրումային բանկ: Այս կառույցները հաստատում էին, որ աչք շոյող գույներով վերանորոգված ու հաճելիորեն լուսավոր տվյալ շարժակազմի նորացումն իրականացվել է իրենց ֆինանսական օժանդակությամբ:

- Ճիշտ եք, արածները մեծ բան չէ.- ասացի հարեւանիս,- այ, եթե դեպի Արաբկիր ու Զեյթուն կայարանները կառուցեն, այլ բան է:

- Ես դեպի Աջափնյակ կանգառի կառուցման համար էլ շնորհակալ կլինեմ,- ցանկությունս մեղմեց զրուցակիցս:

Մետրոյից դուրս գալովՙ ուշադրությունս գրավեց մարդկանց մի խումբ, ովքեր անտեղյակ մեր բարի ցանկություններին, ինչ-որ ցուցապաստառներ էին տանում: Դրանցում ոչ Աջափնյակ եւ ոչ էլ Զեյթուն տանող մետրոյի կայարաններ կառուցելու պահանջ չկար, որպիսի ակնկալիքներ մենք արտահայտել էինք մեզ Հանրապետության հրապարակ հասցրած շարժակազմը վերանորոգողների հանդեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #222, 19-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ