ԻՍԼԱՄԻԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՍՏԻՊՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԱՍԱԴԻՆ Պ. Ք. Սաուդցիները դատապարտեցին Օբամայի «արկածախնդրությունը» Արեւմուտքի երկրների ներկայացուցիչները Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներին առաջին անգամ ասել են, որ Ժնեւի բանակցություններում Ասադի պաշտոնաթողության հարցը չի քննարկվելու: Նախագահ Ասադը կպահպանի իշխանությունը եւ կդառնա անցումային պրոցեսի մասնակիցը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը, վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրներ: Գործակալությունը մեջբերում է սիրիական ազգային կոալիցիայի մի բարձրաստիճան ներկայացուցչի, որի խոսքերովՙ ընդդիմությանն օգնող «Սիրիայի բարեկամներ» պետություններ ֆորումի անդամները իրենց այդ որոշումը պատճառաբանել են, որ Ասադի տապալման դեպքում Սիրիան կհայտնվի քաոսի մեջ, կդառնա արմատական իսլամիստների ռազմակայան: Ռոյթերի զրուցակիցը նաեւ նշել է, որ արեւմուտքցի դիվանագետների մեջ կան նաեւ այնպիսի անձինք, որոնք պատրաստ են Ասադին ընձեռել հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորություն: Նմանօրինակ հայտարարությունը Սիրիայի ճգնաժամի նկատմամբ Արեւմուտքի մոտեցման փոփոխության նոր վկայություն է: Վերջերս Արեւմուտքը գլխավոր վտանգ է համարում ոչ թե Ասադին, այլ արմատական իսլամիստներին: Դա նշանակում է, որ Արեւմուտքի երկրները զգալիորեն մոտեցել են Ռուսաստանի դիրքորոշմանը, որը վաղուց Սիրիայի չափավորական ընդդիմությանը կոչ է անում Ասադին աջակցել արմատական իսլամիստների դեմ մղվող պայքարում: Այն բանից հետո, ինչ իսլամիստ գրոհայինները թուրքական սահմանի մոտ գրավեցին «Սիրիական ազատ բանակի» կենտրոնակայանը, ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հայտարարեցին, որ դադարեցնում են չափավորական ընդդիմության ջոկատների զինամատակարարումը: Այդ պատճառով հերթական հակամարտությունը ծագեց ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ: Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպան Մուհամմեդ բին Նավաֆ բին Աբդուլազիզ ալ Սաուդը «Նյու Յորք թայմս» թերթի էջերում աննախադեպ խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մերձավորարեւելյան քաղաքականությունը: Տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից մեկը հանդիսացող պետության պաշտոնական ներկայացուցիչը նախագահ Օբամայի վարչակազմին մեղադրել է «արկածախնդրության» մեջ: Սաուդյան Արաբիայի իշխանությունների կարծիքով, Արեւմուտքի մերձավորարեւելյան քաղաքականությունը (առաջին հերթին խոսքը Սիրիայի եւ Իրանի մասին է) անմիջական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար: Սաուդցի դեսպանը գրում է, որ իր երկիրը իսլամի օրրանն է եւ արաբական աշխարհի ամենահզոր պետություններից մեկը, ուստի հսկայական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի ապագայի համար: Թագավորությունը փաստորեն «համաշխարհային էներգետիկ բանկ» է եւ տարածաշրջանում ունի համապարփակ տնտեսական ու քաղաքական շահեր: Էր Ռիադը հայտարարում է, որ հանուն այդ շահերի պատրաստ է գործել նույնիսկ առանց իր արեւմտյան դաշնակիցների աջակցության: Դեսպանի հոդվածում ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է գործողությունների ամեն կարգի տարբերակներ քննության առնել տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար: Հոդվածագիրը հասկացնում է, որ խոսքն առաջին հերթին ճնշման դիվանագիտական եւ տնտեսական լծակների, մասնավորապեսՙ Ասադի չափավորական հակառակորդներին հատկացվող օգնությունն ավելացնելու մասին է: |