RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 18-04-2014



ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2014-04-18 00:38:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2735, Տպվել է` 59, Ուղարկվել է էլ.փոստով` 41

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵՏՐՈ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնովը: Այն վերնագրված էր` «Հայերը համաձայնել էին Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին»: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը դիմում է նման սադրանքների: Բայց Հուսեյնովի «բացահայտումները» չափազանց էկզոտիկ էին. նա վստահեցնում էր, որ 1993թ. մայիսին Մոսկվայում «մեկուկես ժամ Հայաստանի վարչապետ Բագրատյանի հետ բանակցելուց հետո սկզբունքային հարցում ձեռք էր բերվել համաձայնություն, հայերը պարզապես խնդրում էին, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը լինի ոչ թե ինքնավար մարզ, այլ` հանրապետություն»:

Հուսեյնովի այս «բացահայտումը» առիթ է հանդիսացել, որ քաղաքագետ Ռասիմ Աղաեւը հանդես գա պատասխան հոդվածով, որտեղ նախկին վարչապետը ենթարկված է ստորացնող ծաղրի: Աղաեւը կարծում է, որ «Քելբաջարից հետո հայերն Ադրբեջանի հետ ինչ փաստաթուղթ ասես կարող էին քննարկել, որպեսզի ժամանակ շահեին, քանի որ գիտեին, թե ինչ է սպասվում Ադրբեջանում` նոր խռովություն, իշխանափոխություն, երբ որեւէ պայմանավորվածություն այլեւս նշանակություն չէր ունենալու»:

Ռասիմ Աղաեւը, սակայն, ոգեւորության պահին, քանի որ Մութալիբովի թիմի անդամ է եղել եւ իշխանությունից զրկվել Փանահ Հուսեյնովի կուսակցության կազմակերպած պետական հեղաշրջմամբ, որոշ բացահայտումներ է արել Ադրբեջանի ժողովրդական ճակատի քաղաքական ծրագրերից: Ըստ Աղաեւի, ԱԺՃ-ն նպատակ էր դրել եւ ժողովրդին խոստանում էր`

- Լեռնային Ղարաբաղն անհապաղ մաքրել հայ անջատողականներից եւ ահաբեկչական խմբավորումներից (կարդա` կազմակերպել Արցախի հայ բնակչության բռնատեղահանումը եւ ֆիզիկական ոչնչացումը)

- վերադարձնել Իրեւանը, Զանգեզուրը, Սիսիանը եւ այլ ադրբեջանական հողեր, որ հիմար բոլշեւիկները խորհրդային իշխանության հաստատման ժամանակ նվիրաբերել են հայերին (կարդա` գրավել Հայաստանը, վերջ տալ հայ պետականությանը)

- ստեղծել Մեծ Ադրբեջան` Հյուսիսի եւ Հարավի միացմամբ (կարդա` Հայաստանը վերացնելուց հետո հարձակվել Իրանի վրա եւ բռնազավթել այդ երկրի հյուսիսային շրջանները)

- Մամեդ Էմին Ռասուլզադեի դրոշի ներքո թուրքիզմի հաղթական արշավ ամբողջ աշխարհում

- բոլոր թուրքերի դարավոր երազանքի իրականացում` Մեծ Թուրանի ստեղծում` Մոսկվայից մինչեւ Պեկին: (http://haqqin.az/ news/20538)

Բանավեճի ժանրն, իհարկե, առանձնահատկություններ ունի, բայց սա այն դեպքն է, երբ պետք է ասել, որ Ռասիմ Աղաեւը գրեթե հաշվապահական բարեխղճությամբ ճիշտ է ներկայացրել Ադրբեջանի ժողովրդական ճակատի քաղաքական ծրագիրը: Հարկ է նկատել, որ խոսքն արդեն իշխանության եկած կուսակցության, ուրեմն` Ադրբեջանի պետական նպատակադրվածության մասին է: Հետեւաբար անհրաժեշտ է փաստել, որ իրադարձություններից ավելի քան երկու տասնամյակ անց հարեւան երկրի նախկին բարձրաստիճան պաշտոնյան` Ռասիմ Աղաեւը, որ Մութալիբովի կառավարության առանցքային դեմքերից մեկն էր, բացահայտում է իրենց տապալած եւ իշխանության եկած մյուս ուժի ամբողջական դեմքը:

Այս օրերին ՆԱՏՕ-ն տարածել է Ղրիմի իրադարձությունների վերաբերյալ մի փաստաթուղթ, որտեղ պնդում է արվում, որ թերակղզու ռուսախոս բնակչության «հանդեպ բռնություններ չեն կիրառվել»: Դիտարկումն արված է Կոսովոյի հետ Ղրիմը համեմատելու համատեքստում: ՆԱՏՕ-ի փորձագետները գտնում են, որ, ի տարբերություն Ղրիմի, Կոսովոյում «առկա էր կատարյալ էթնիկ զտումների վտանգ», որով եւ բացատրվում է սերբական ինքնավարության անկախության ճանաչման անհրաժեշտությունը:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանցի քաղաքագետ եւ նախկին պետական պաշտոնյա Ռասիմ Աղաեւը վկայում է, որ իր երկրի իշխանությունները 1992-93թ.թ.-ին հետապնդել են Լեռնային Ղարաբաղը կատարելապես հայաթափելու, պատերազմը շարունակելու, Հայաստանը գրավելու, հայկական պետությունը վերացնելու, Իրանի տարածքի մի զգալի մասն օկուպացնելու, Մեծ Ադրբեջան, ապա եւ` Մեծ Թուրան ստեղծելու ռազմա-աշխարհաքաղաքական նպատակ:

Նույն տեղում Ռասիմ Աղաեւը, երեւի` դարձյալ բանավեճի ժանրի տրամադրվածությամբ, փոխանցում է այն օրերին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի արտահայտությունը. «Ես կգնամ Վաշինգտոն եւ կփորձեմ համոզել Բուշ- բաբային, իսկ դուք այդտեղ փորձեք համոզել Ելցին-բաբային»: Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենց ծրագրերը քննարկել են նաեւ Թուրքիայի հետ, եւ Դեմիրելը դեմ չի եղել, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հայաթափվի, Հայաստանը որպես պետություն վերանա, անգամ խոստացել է այդ հարցով փորձել համոզել ԱՄՆ նախագահին:

Բայց չխորանանք: Այս պահին եւ առհասարակ ուշագրավը Ռասիմ Աղաեւի բացահայտումն է` որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ-քաղաքական կարգավորման նպատակ չի ունեցել ի սկզբանե: Քանի որ մեկ այլ մեկնաբանությամբ նա ափսոսանք է հայտնել, որ 1991թ. ամռան իրադարձությունները «խոչընդոտեցին, որպեսզի Մութալիբովն ավարտին հասցնի Լեռնային Ղարաբաղի ազատագրման գործը»: Խոսքը Մոսկվայի արտոնությամբ եւ ռազմական օժանդակությամբ սկսված «Կոլցո» ռազմագործողության մասին է, որն ավարտին չհասցվեց միայն այն պատճառով, որ Մոսկվայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, ինչից էլ սկիզբ առավ ԽՍՀՄ փաստացի փլուզումը:

Ըստ երեւույթին, Ադրբեջանում սպասվում են նաեւ նոր բացահայտումներ: Haqqin.az-ը, մասնավորապես, լրագրողական հետաքննություն է անցկացրել Ադրբեջանում նուրսիականության տարածման պատմության հարցում: Այստեղ օգնության են եկել թուրքական լրատվամիջոցները եւ բացահայտել, որ առաջին նուրսիականներն Ադրբեջանում հայտնվել են ...«1990թ. հունվարի 11-ին, երբ Գյուլենի շարժման 11 անդամներից կազմված խումբը Թուրքիայից մեկնել է Վրաստան: Նրանց մեջ էին Սադեթին Բաշարը, Մեհմետ Թանրըսեվերը, Սադեթին Քյուլթյուրելը, Ջավիդ Դեերլին եւ ուրիշներ»:

Այնուհետեւ խումբը բաժանվել է երկու մասի, մեկը մնացել է Վրաստանում, մյուսը` անցել Ադրբեջան: «Սահմանն անցնելով, նրանք հանդիպել են ԱԺՃ ներկայացուցիչների հետ, որոնք նրանց տարել են նախ Գյանջա, ապա` Բաքու: Ճանապարհին նրանք կանգ էին առնում ադրբեջանական գյուղերում եւ շփվում տեղական բնակչության հետ»: Բաքվում նուրսիականները «բախվել են լուրջ դժվարությունների, ոչ մի հյուրանոց նրանց տեղ չի հատկացրել, քանի որ նրանք Թուրքիայի քաղաքացիներ էին: Խումբը օթեւան է գտել Բաքվի մզկիթներից մեկում»:

Շարունակությունը մի փոքր «հեքիաթանման է». մի քանի օր «նուրսիականներն զբոսնում էին Բաքվում, բայց, հասկանալով, որ կարող են գրավել ՊԱԿ-ի աշխատակիցների ուշադրությունը, հունավարի 17-ին խումբը վերադառնում է Վրաստան եւ, միանալով մյուս խմբին, մեկնում Ֆեթհուլահ Գյուլենի հետ հանդիպման»: Մենք այսքան ուշադրություն ենք դարձնում թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների բացահայտումներին, քանի որ խոսքը վերաբերում է մի ժամանակահատվածի, երբ Բաքվում սկսված էին հայկական ջարդերը:

Երբ հայ լրագրողները, հրապարակախոսները եւ քաղաքական գործիչները խոսում են Ադրբեջանում հայկական ջարդերին թուրքական կողմի մասնակցության մասին, Բաքվում եւ Անկարայում նախ զարմանք են խաղում, ապա սկսում մեղադրանքներ հնչեցնել հայերի «բնածին թուրքատյացության» թեմայով: Այսօր թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներն են վկայում, որ, այո, Բաքվի 1990 թ. հունվարյան ջարդերի օրերին Թուրքիայից նուրսիականների մի խումբ գտնվել է Ադրբեջանի մայրաքաղաքում: Բռնություններով ճարակված քաղաքում նրանք չէին կարող «զբոսնել», այդ օրերին Բաքվում կամ սպանում էին, կամ սպանվում: Եւ, բնականաբար, նուրսիականները սպանվողների շարքում չէին: Այլապես չէին կարող անարգել անցնել Վրաստան, միանալ մյուս խմբին, հանդիպել իրենց առաջնորդ Գյուլենի հետ, նրանից նոր հրահանգներ ստանալ:

Թուրք-ադրբեջանական լրատվամիջոցները սենսացիոն բացահայտում են արել. «Գյուլենն իր կողմանակիցներին հանձնարարել է վերադառնալ Ադրբեջան եւ այդ ծանր օրերին աջակցել ադրբեջանցիներին»: Ի՞նչ «ծանր օրերի» մասին է խոսքը, ի՞նչ աջակցության կարիք ունեին ադրբեջանցիները: Չպե՞տք է ենթադրել, որ Գյուլենն իր կողմնակիցներին հորդորել է ուղղակի մասնակցել Բաքվի հայության ջարդերին եւ այդ կերպ «աջակցել ադրբեջանցիներին»:

«Մի քանի օրից վրա է հասնում «սեւ հունվարը», եւ Գյուլենին ենթակա «Զաման» թերթն առաջին անգամ իր լրագրողներին ուղարկում է Ադրբեջան: Բաքվում նուրսիական լրագրողներին ընդունում է նախկին վարչապետ Հասան Հասանովը եւ հանդես գալիս որպես նրանց անվտանգության եւ պետական կառույցներում հավատարմագրման երաշխավոր: «Զամանն» առաջին օտարերկրյա լրատվամիջոցն է, որ թղթակցական կետ է բացել Ադրբեջանում»,- բացահայտումների թեման եզրափակել է haqqin.az-ը:

Այստեղ հարկ է մի պահ կանգ առնել:

Հասան Հասանովն Ադրբեջանի վերջին քառորդդարյա պատմության «ամենավերջին շունը» չէ: Հեյդար Ալիեւի կոմունիստական «թագավորության» տարիներին նա կուսակցական պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել: Բաքվի 1990թ. հունվարյան իրադարձություններում Հասանովը ազդեցիկ դերակատարություն է ունեցել: Նույն Ռասիմ Աղաեւը, Զարդուշտ Ալիզադեն եւ Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի վերջին պետ Վագիֆ Հուսեյնովը վկայում են, որ Հասանովը սերտ կապերի մեջ է եղել Մոսկվայում գտնվող Հեյդար Ալիեւի հետ եւ հավակնել է Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնին:

Վագիֆ Հուսեյնովի վկայությամբ, Հասանովի թեկնածությունը պաշտպանել է նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատը: Հարցազրույցներից մեկում, որի տեսագրությունն առկա է youtube-ում, Հեյդար Ալիեւը խոստովանել է, որ 1990 հունվարի 19-ին իրեն զանգահարել է Միխայիլ Գորբաչեւը եւ «կոպիտ տոնով պահանջել», որպեսզի նա Բաքվի կենտրոնից «հեռացնի իր մարդկանց»:

Սա նշանակում է, որ Գորբաչովը տեղյակ էր, որ Բաքվի անկարգությունները հրահրում են Հեյդար Ալիեւի մարդիկ: Իսկ այդ մարդիկ ԱԺՃ առաջնորդներն էին, որոնք իրենց հերթին Վրաստանի սահմանում դիմավորել եւ Բաքու էին հասցրել Թուրքիայից «աջակցություն ցուցաբերելու» նպատակով Ադրբեջան գործուղված նուրսիականներին: Իսկ վերջիններիս անվտանգության երաշխավորի դերն ստանձնել է Հեյդար Ալիեւի հավատարիմ ստվեր Հասան Հասանովը, որ արդեն նշանակվել էր վարչապետ:

Շրջանն, այսպիսով, փակվում է. Ադրբեջանում նուրսիական «օրդենը» բավական ազդեցիկ ծառայություններ է մատուցել Հեյդար Ալիեւին, որն ԱԺՃ-ի միջոցով փորձում էր իշխանության վերադառնալ դեռեւս 1990թ. հունվարին: Որպես այդ ծառայությունների փոխհատուցում, նուրսիականներն Ադրբեջանում մինչեւ վերջին ժամանակներս ունեին մեծ արտոնություններ եւ գործում էին անարգել:

Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանը «սրբազան պատերազմ» հայտարարեց Ֆեթհուլահ Գյուլենի «ստվերային կառավարությանը» եւ Ադրբեջանից պահանջեց համարժեք քայլեր: Իլհամ Ալիեւը զոհաբերեց իր աշխատակազմի տեղեկատվական ապահովության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովին: Էրդողանը, սակայն, հայտարարեց, որ Ասլանովի «հովանավորը մնում է իշխանության մեջ եւ զբաղեցնում շատ ազդեցիկ դիրք»:

Ո՞ւմ էր նա նկատի ունեցել` առայժմ հայտնի չէ: Դա, սակայն, Բաքվի եւ Անկարայի խնդիրն է: Մեզ համար ադրբեջանական ռետրոն կարեւորվում է մի շարք սկզբունքային բացահայտումներով, որոնք ակնբախ են դարձնում Բաքվում իշխող վարչախմբի քաղաքական խոցելիությունը հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Իսկ Իլհամ Ալիեւը կառավարության նիստին վերստին դժգոհել է միջազգային հանրության «երկակի ստանդարտներից»: Կարճ է Իլհամ Ալիեւի հիշողությունը: Նա մոռանում է, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է ԼՂ խնդրի եւ նախապատմությանը, եւ ընթացքին` բոլոր մանրամասնություններով: Իսկ դրանք Ադրբեջանի «աքիլլեսյան գարշապարն» են:

Ստեփանակերտ

Նկար 1. Փանահ Հուսեյնով

Նկար 2. Ռասիմ Աղաեւ

Նկար 3. Վագիֆ Հուսեյնով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 18-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ