RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2941, Տպվել է` 115, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ ԵՆՔ ԾԱԽՍՈՒՄ ԲՅՈՒՋԵՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ծրագրային բյուջեին անցնելը հնարավորություն կտա ավելի կոնկրետ պատասխանելու այս հարցին

Ինչ է բյուջետային ծրագրումը եւ ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը իր առջեւ խնդիր դրել անցում կատարելու դրան: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն այդ առաջարկը ներկայացնում էր Ազգային ժողովում, ուստի նրան էլ դիմեցինք պարզելու համար, թե ի՞նչ առավելություններ կարող է տալ անցումը ծրագրային բյուջեին եւ ի՞նչ կշահեն դրանից շարքային քաղաքացիները:

- Պրն Սաֆարյան, նախ` ի՞նչ է բյուջետային ծրագրումը:

- Բյուջետային համակարգի մասին օրենքով, որ ընդունվել է 90-ականների վերջերին, պարտավոր էինք 4 ձեւաչափով բյուջեն ներկայացնել` տնտեսագիտական, գերատեսչական, գործառնական (ճյուղային) եւ տարածքային: Տարածքայինը հանվեց հետագայում, քանի որ կառավարման տեսակետից ձեռնտու չէր: Սկսած 2004-ից աշխատել ենք, որ բյուջեն կազմվի նաեւ ծրագրային ձեւաչափով: Խնդիրն այն է, որ հանրությանը հետաքրքրում է, թե կատարված ծախսերն ի՞նչ արդյունք են ունենում: Օրինակ` հնարավոր է, որ թոշակները բարձրացվեն, բայց սոցիալական վիճակը ավելի վատանա: Կամ քաղաքացիներից որեւէ մեկը գիտի՞, թե որեւէ նախարարության կատարված ծախսերից ի՞նչ ակնկալիքներ ունենք: Ծրագրային բյուջետավորման ժամանակ գերակշռելու է հենց արդյունքային նշանակությունը, ինչը չի երեւում ճյուղային կամ տնտեսագիտական դասակարգման ժամանակ:

Հայաստանը ծրագրային բյուջետավորման առումով ԱՊՀ երկրներից առաջ է անցել: Մենք այս առումով բարեփոխումներ ենք իրականացրել միջազգային կառույցների աջակցությամբ եւ տեղի մասնագետների ուժերով: Բյուջետային ծրագրմամբ ավելի տեսանելի է լինում, թե հատկացվող գումարները ի՞նչ նպատակի են ծառայելու, իսկ Ազգային ժողովում ավելի բովանդակային քննարկում է լինելու:

Ի տարբերություն գործառնական բյուջետավորման, որտեղ նշվում են ֆինանսական միջոցառումները, ծրագրայինի մեջ կան ֆինանսական միջոցառումներ եւ ոչ ֆինանսական միջոցառումներ: Ոչ ֆինանսական միջոցառումները բաժանվում են 3 խմբի` որակական, ժամկետային եւ քանակական ցուցանիշներ: Այսինքն, եթե բյուջեով նախատեսված ինչ-որ ծրագիր է իրականացվում, պետք է հայտնի լինի, թե ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ որակական եւ քանակական արդյունքներ են սպասվում:

- Ե՞րբ ենք անցնելու բյուջետային ծրագրմանը:

- Անցումը լինելու է 3 փուլերով: 2010-ից մենք ծրագրային ձեւաչափը ներկայացրել ենք բյուջեի հետ, բայց դա պարտադիր պայման չի եղել: Կառավարությունը առաջարկեց, որ բյուջետային համակարգի մասին օրենքում ամրագրվի ծրագրային ձեւաչափով բյուջեն ներկայացնելու կառավարության պարտավորությունը: Հաջորդ տարվանից սկսված բյուջեն կներկայացվի ծրագրային ձեւաչափով` որպես բյուջետային ուղերձի բաղկացուցիչ մաս: Կառավարությունը պատրաստ կլինի 2016-ից հետո անցնել երկորդ փուլին: Երկրորդ փուլով արդեն ծրագրային ձեւաչափով բյուջեն կհաստատվի` առանց տնտեսագիտական դասակարգման: Երրորդ փուլն այն է, երբ ոչ միայն բյուջեն է լինելու ծրագրային, այլ նաեւ բոլորն աշխատելու են ծրագրային ձեւաչափով:

Ծրագրային բյուջեն դրական ազդեցություն է ունենալու նաեւ աուդիտի համար: Օրինակՙ երբ արտաքին կամ ներքին աուդիտ է անցկացվում եւ եզրակացության մեջ նշվում է, որ այս ծախսն անարդյունավետ է: Հարց է առաջանում` իսկ ինչի՞ հետ համեմատած է անարդյունավետ: Այսինքն, պե՞տք է լինի ինչ-որ իրավական փաստաթուղթ, որտեղ գրված է արդյունավետության ցուցանիշ, որը պարզվել է, որ չի կատարվել: Ծրագրային բյուջետավորումը հնարավորություն է տալիս ընդլայնելու նաեւ աուդիտի դաշտը:

Մի խոսքով, մենք առաջին քայլն արել ենք, արդեն երեք տարի պատրաստ ենք բյուջեն ներկայացնել ծրագրային ձեւաչափով: Հիմա էլ առաջարկեցինք, որ կառավարության կողմից այդպես ներկայացնելը օրենքով պարտադիր լինի:

- Ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը բյուջետային ծրագրումը ներկայացնելով:

- Բոլոր երկրներում կառավարության առջեւ է այս պահանջը դրվում, որովհետեւ ծրագրված բյուջեն շատ ավելի թափանցիկ է, վերահսկելի, լուրջ խնայողություններ կարող է բերել, հասարակությունն իմանում է, թե այդ գումարը, որ ինքը վճարում է բյուջեին, ի՞նչ ծրագրերի համար է տալիս եւ ի՞նչ ձեւով է ծախսվելու, հաջորդ տարիների բյուջեները նայելիս, համեմատելու հնարավորություն է ունենում,: Մի բան է, երբ ասում ենՙ այս ծախսը կատարվեց 80 տոկոսով, այլ բան, երբ ասվում է, որ նախանշված արդյունքներին չհասանք: Կառավարությունը շահագրգռված է այն առավելություններով, որ տալիս է ծրագրային բյուջեն եւ առաջին հերթին` միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմամբ:

Ամբողջ աշխարհում գնում են ծրագրային բյուջեի: Մենք եւս գնում ենք դրան, սակայն 2-3 տարին անհրաժեշտ է, որպեսզի զրոյացնենք բոլոր հնարավոր ռիսկերը դրան անցնելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ