ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի երեք ցուցապատերին, կանանց միամսյակի շրջանակներում, մեկ ամսից ավելի ցուցադրվում էին համալսարանի բոլոր ժամանակների կին դասախոսների հրատարակած գրքերը: Ապրիլի 15-ին այդ ցուցապատերին բացվեցին երեք նոր ցուցադրություններ: Մեկ ցուցապատում վերականգնվել է «ՀՊՄՀ հրատարակություններ» բաժինը: Ներկայացվել են ՀՊՄՀ տարբեր գիտական ամսագրերի օրինակներ, համալսարանի 90-ամյակի շրջանակներում տպագրված գրքերը եւ համալսարանի գիտական գրադարանի հրատարակությունները: Հաջորդ ցուցադարակներում ներկայացված են վերջին երկու ամսում գրադարանի ձեռք բերած եւ նվիրատվությամբ ստացած 69 նոր գրքեր: Այս շարքում խիստ ուշագրավ է ԱՊՀ հովանու ներքո Մինսկում բավականին շքեղ տպագրությամբ իրականացված վեց ազգերի հեքիաթների գրքերը: Դրանց թվում է նաեւ հայկական հեքիաթների գիրքը: Այս հրատարակության մի խումբը հումանիտար գրականության ընթերցասրահում է, մյուսըՙ բանասիրական ֆակուլտետի շենքում բացված նոր ընթերցասրահում: Գեղարվեստական գրքերի մի խմբաքանակ էլ ստացվել է Ճապոնիայից: Ճապոնական ժամանակակից գրողների 10 վեպեր ռուսերեն լեզվով կմնան հումանիտար գրականության ընթերցասրահում, իսկ անգլերեն լեզվով 10 գրքերՙ բանասիրական ֆակուլտետի շենքի ընթերցասրահում: Մեկ ցուցապատով բացվել է «Հայոց ցեղասպանությունը գրքերում» ցուցադրությունը: Ներկայացված է շուրջ հարյուր հրատարակություն հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով: Այստեղ են ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանի կազմած «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» աշխատության հայերեն եւ ռուսերեն գրքերը, տարբեր երկրներում ցեղասպանության ուղղությամբ կատարված աշխատանքներին նվիրված գրքեր, գերմանացի մեծ հայասեր Լեփսիուսի, ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի եւ այլոց հուշերը կամ նրանց գործունեության մասին պատմող գրքեր: Այս բաժնում նորություն են վերջերս ձեռք բերված «Հայոց ցեղասպանություն. վերապրողների հուշեր» եռահատոր աշխատությունը, օտար հուշագրողների աշխատանքներն ընդգրկող «Սեւ գիրք» աշխատության հայերեն եւ ռուսերեն օրինակները, Լիբանանից նվիրատվության կարգով ստացված Ցեղասպանության վերապրողների հուշերի երկու հատորները եւ մեկ տասնյակից ավելի վերջին տարիներին տպագրված գրքեր: |