«ԱՅԲ» ԴՊՐՈՑԻ ՌՈԲՈՏԻԿԱՅԻ ԹԻՄԸ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 14 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Այբ» դպրոցի ռոբոտիկայի ծրագրին «Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը հաջողությամբ մասնակցել է «Հրշեջ ռոբոտ» մրցույթին, որը կայացել է ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքի Թրինիթի քոլեջում: Աշակերտների եւ ուսուցչի` Վազգեն Գաբրիելյանի, համատեղ ջանքերով պատրաստված «Այբսթորմ» ռոբոտն արժանացել է հատուկ մրցանակի: Թիմն ԱՄՆ է մեկնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ն որպես «Այբ» ավագ դպրոցի գործընկեր եւ ռոբոտիկայի ծրագրի հովանավոր, 14 մլն դրամի ֆինանսական աջակցություն է ցուցաբերելՙ ռոբոտիկայի լաբորատորիայի ստեղծման, դրա համալրման, գործունեության շարունակականության ապահովման եւ զարգացման, տեղական եւ միջազգային մրցույթներին մասնակցության համար: «ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է «Այբ» ավագ դպրոցինՙ երկրում ռոբոտաշինության զարգացմանը նպաստելու իր որդեգրած ծրագրի շրջանակներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն հետամուտ է ռոբոտաշինության ոլորտի նկատմամբ երիտասարդության մեջ նկատվող հետարքրությունը խրախուսելու հարցում: Դա կարող է դրական ազդեցություն թողնել հարակից ոլորտների, ինչպես նաեւ միջազգային շուկայում մեր երկրի հեղինակության ամրապնդման եւ մրցունակության ապահովման գործում: Մենք լինում ենք այնտեղ, որտեղ կա զարգացման ներուժ, եւ որտեղ մենք կարող ենք քաջալերել երիտասարդների ստեղծագործ միտքը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Թրինիթի քոլեջում կազմակերպված «Հրշեջ ռոբոտ» մրցույթն այս տարի հոբելյանական էր: 20-ամյակը տոնող մրցույթն ամենահեղինակավորներից մեկն է համարվում աշխարհում: Այս տարի միջոցառմանը մասնակցել է ավելի քան 130 թիմ` 7 երկրից: Հայաստանը ներկայացված էր առաջին անգամ` «Այբ»-ի փոքրաթիվ թիմով: «Այբ» դպրոցի թիմը մրցույթին մասնակցել է ավագ դպրոցականների տարիքային խմբում, որում մրցում էին շուրջ 30 թիմ, եւ լավագույն ութնյակում է հայտնվել այնպիսի երկրներից ժամանած թիմերի կողքին, ինչպիսիք են Իսրայելը եւ Չինաստանը: |