ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գիտության վաստակավոր գործիչ Ցեղասպանությունների, այդ թվում եւ Հայոց ցեղասպանության, երեւույթի գնահատման եւ ճանաչման հարցում շրջադարձային դեր խաղաց ցեղասպանագիտությանՙ որպես գիտական նոր ուղղության ձեւավորումը XX դարի 60-80-ականներին եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (ՑՄԱ) հիմնումը 1994թ: Դա աշխարհում ցեղասպանագիտության բնագավառում ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որի շարքերում համախմբված են միջազգային մեծ հեղինակություն վայելող բոլոր ականավոր մասնագետները: Շնորհիվ ՑՄԱ-ի, ցեղասպանության ուսումնասիրությունը սիրողական մակարդակից եւ սենտիմենտալ-հուզական դաշտից տեղափոխվեց գիտական եւ իրավական դաշտ: Ասոցիացիայի առաջին պրեզիդենտ ընտրվեց համաշխարհային հռչակ վայելող ցեղասպանագետ Էլեն Ֆայնը: ՑՄԱ-ն 1997թ. ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, իսկ 2005թ. Ֆլորիդայում գումարված վեցերորդ համագումարում քննարկեց «90 տարի հայոց ցեղասպանությունից հետո եւ 60 տարի Հոլոքոսթից հետո» հարցը, ինչն ինքնին շատ խոսուն փաստ է: ՑՄԱ-ն ընդունել է մի շարք փաստաթղթեր, որոնց մեջ իր հայեցակարգային կարեւորությամբ բացառիկ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ասոցիացիայի 2005թ. հունիսի 7-ի թվակիր նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանինՙ ի պատասխան վերջինիս նամակի: Ասոցիացիայի անունից նամակը ստորագրել են ՑՄԱ-ի պրեզիդենտ Իսրայել Չարնին (Իսրայել), Առաջին փոխպրեզիդենտ Գրեգորի Ստենտոնը (ԱՄՆ), Երկրորդ փոխպրեզիդենտ Լինդա Մելվերնը (Մեծ Բրիտանիա) եւ քարտուղար Ստիվեն Ջեկոբսը (ԱՄՆ): Նրանում ասված է. «Հարգելի վարչապետ Էրդողան: Մենք այս բաց նամակը գրում ենք ձեզ ի պատասխան ձեր կոչին առ այն, որ «պատմաբաններն անկողմնակալ ուսումնասիրեն» Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հարցերը: Մենք ներկայացնում ենք գիտնականների այն գլխավոր մարմինը, որն ուսումնասիրում է ցեղասպանությունը: Մենք մտահոգված ենք, որ կոչ անելով անկողմնակալորեն ուսումնասիրել հայոց ցեղասպանությունըՙ դուք գուցե լրիվ տեղյակ չեք հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական եւ ինտելեկտուալ ուսումնասիրությունների ծավալներին եւ թե ինչպես է այս իրադարձությունը հաստատում Միավորված ազգերիՙ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ հայերը չեն, որ հաստատում են հայոց ցեղասպանությունը, այլ դա գիտնականների մեջ տիրապետող կարծիքն է, հարյուրավոր անկախ գիտնականների»: Այնուհետեւ ՑՄԱ-ի ղեկավարները նկատում են, որ «գիտնականները, որոնք խորհուրդ են տալիս ձեր կառավարությանը, անկողմնակալ չեն: Այդ այսպես կոչված «գիտնականները» աշխատում են խճողել օրակարգում գտնվող պատմագիտական եւ բարոյական հարցերը, երբ նրանք խորհուրդ են տալիս ձեզ եւ թուրքական պառլամենտինՙ ինչպես ժխտել հայոց ցեղասպանությունը»: Շարունակելով իրենց փաստարկները եւ «դաս» տալով Էրդողանինՙ նամակի հեղինակները թուրքական վարչապետին բացատրում են. «Մենք հավատում ենք, որ ակնհայտորեն ի շահ թուրքական ժողովրդի եւ նրա ապագայի է ճանաչել նախորդ կառավարության պատասխանատվությունը հայ ժողովրդի ցեղասպանության համար, ինչպես արեցին գերմանական կառավարությունը եւ ժողովուրդը Հոլոքոսթի պարագայում»: Նամակում ներկայացված են Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հայեցակարգային ամփոփիչ եզրակացությունները, որ համաժողովի մասնակիցներն ընդունել են միաձայն: Ահա այդ պատմական եւ դարակազմիկ նշանակություն ունեցող եզրակացությունը. «Հայոց ցեղասպանությունը հաստատում են միջազգային գիտական, իրավական եւ մարդու իրավունքների հանրությունը»: Այսպիսով, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունն ապացուցված, ճանաչված եւ ընդունված է գիտականորեն, իրավական առումով եւ մարդու իրավունքների տեսանկյունից, որի վրա խարսխված է արդի աշխարհի արժեքային ողջ համակարգը: Ելնելով դրանից առաջարկում ենք «Հայոց ցեղասպանությունը հաստատում են միջազգային գիտական, իրավական եւ մարդու իրավունքների հանրությունը» տեսադրույթն ամբողջությամբ դնել Հայոց ցեղասպանության գնահատման եւ ճանաչման նոր ռազմավարության հիմքում եւ դրանով ղեկավարվել ոչ միայն մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումը, այլեւ դրանից հետո եւս: Առաջարկում ենք վերոհիշյալ եռադրույթը հավելել եւս մեկ այլ հայեցակարգային դրույթով: Խոսքը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կառավարությունների 1915թ. մայիսի 23-ի համատեղ հայտարարության մասին է, որը միաժամանակ հրապարակվեց Լոնդոնում, Փարիզում եւ Սանկտ Պետերբուրգում, որտեղ ասվում էր, որ քրդերը եւ թուրքերը հայ բնակչության զանգվածային սպանություններ են իրականացնում Էրզրումում, Բիթլիսում, Մուշում, Սասունում, Կիլիկիայում եւ այլ շրջաններում: Հենվելով իրենց իսկ այդ տեղեկությունների վրա, այդ ժամանակաշրջանում աշխարհի երեք հզոր պետությունների կառավարությունները հայտարարում էին. «Ի տես այս թարմ ոճրագործությունների, որ իրականացնում է Թուրքիան, դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը, որ իրենք հայկական կոտորածների համար ամբողջ պատասխանատվությունը դնում են օսմանյան կառավարության բոլոր անդամների, ինչպես նաեւ դրանց մասնակցած նրանց գործակալների վրա»: Եռյակիՙ Անտանտի առաջատար երեք երկրների այդ հայտարարությունը նորություն էր միջազգային դիվանագիտության պրակտիկայում, որն առաջին անգամ որեւէ երկրում կատարված ոճրագործության համար, այսինքնՙ հայերին Օսմանյան կայսրությունում կոտորելու (իմաՙ ցեղասպանության համար) պատասխանատու էին համարում երիտթուրքական կառավարությանն իր ամբողջ կազմով: Դա շատ խիստ մեղադրանք էր: Հայեցակարգային եւ ստրատեգիական բնույթի մեր հաջորդ նոր առաջարկություններն առնչվում են թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Ո՞ր պետությունն է առաջինը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընդունված տեսակետ է, որ Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.: Սակայն այդ տեսակետը վերանայման կարիք ունի: Հայոց ցեղասպանությունը կատարվել է Օսմանյան կայսրությունում, օսմանյան պետությունում, եւ հենց օսմանյան պետությունն էլ աշխարհում առաջին պետությունն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եվ նա դա արել է ոչ թե դեկլարացիա հռչակելով, այլ դատաիրավական ուղիով, դատական համապատասխան վերդիկտ ընդունելով, ինչն ավելի անխոցելի է դարձնում Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հայտնի է, որ Առաջին համաշխարհային պատերազմից, Օսմանյան կայսրության պարտությունից եւ երիտթուրքական ոճրագործ առաջնորդների Թուրքիայից փախուստից հետո, Ահմեդ Թեւֆիկ փաշան կազմեց թուրքական նոր կառավարություն, որը 1918թ. նոյեմբերին որոշում ընդունեց դատական պատասխանատվության ենթարկել եւ պատժել երիտթուրքական «Իթթիհադ վե Թերակկի» կուսակցության, կառավարության եւ պառլամենտի ղեկավարներին: Այդ որոշումն ուժի մեջ թողեց Ահմեդ Թեւֆիկ փաշային հաջորդած Դամադ Ֆերիկ փաշան: Այդ նպատակով օսմանյան պետությունը 1299 թվականից թագավորող Օսմանի լեգիտիմ դինաստիայի լեգիտիմ սուլթան Վահիեդդին VI (1918-1922թթ) 1919թ. մարտի 8-ի կայսերական ֆաթվայովՙ որոշումով, ստեղծվում են լեգիտիմ Առաջին, Երկրորդ եւ Երրորդ ռազմական արտակարգ ատյաններըՙ դատարանները, որոնց կազմը նույնպես հաստատվել էր սուլթանի հրամանով: Փադիշահի հրամանով Առաջին ռազմական ատյանում տեղի է ունենում երիտթուրքերի բարձրագույն ղեկավարության դատավարությունը, որը սկսվում է 1919թ. ապրիլի 28-ին Կոստանդնուպոլսում եւ ավարտվում 1919թ. հունիսի 26-ին, իսկ դատավճիռն արձակվում է հուլիսի 5-ին: Նույն հրամանով Երկրորդ ռազմական դատարանի առջեւ կանգնում են երիտթուրքերի շրջանային պատասխանատու քարտուղարները եւ պաշտոնյաները, իսկ Երրորդ ռազմական ատյանում 1919-1920թթ. տեղի ունեցավ Յոզղաթի, Տրապիզոնի, Բույուք Դերեի եւ Խարբերդի հայերի տեղահանության եւ կոտորածների կազմակերպիչների ու կատարողների դատավարությունը: Այսպիսով, դատավարությունն իրականացրել է լեգիտիմ դինաստիայի, լեգիտիմ սուլթանի կայսերական հրամանով ստեղծված լեգիտիմ օսմանյան դատարանը: Առաջին ռազմական ատյանի որոշումով մահվան դատապարտվեց երիտթուրքերի ոճրագործ ամբողջ բարձրագույն ղեկավարությունըՙ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Նազիմը, Շաքիր Բեհաէդդինը, Սայիդ Հալիմը եւ այլքՙ թվով 11 հոգի: Նրանք մահվան դատապարտվեցին երկու հանցանքի համար: Առաջինՙ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներգրավելուՙ առանց այդ հարցը թուրքական պառլամենտում քննարկելու եւ առանց նրա համաձայնությունը ստանալու համար, ինչը պահանջվում էր ըստ օսմանյան սահմանադրության: Երկրորդՙ հայերի զանգվածային կոտորածների եւ տեղահանության համար, այսինքնՙ այնպիսի հանցանքի համար, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն: Մեղադրական եզրակացության մեջ նշված էր, որ երիտթուրքերը «Սկսեցին ժողովրդին կոտորել, կողոպտել, ունեցվածքն այրել, եւ շատերին տանջամահ անել: Չնայած ահաբեկման սլաքը հիմնականում ուղղված էր հայերի դեմ, այդուհանդերձ, տուժեցին նաեւ այլ տարրեր... Հայերի տեղահանության ընթացքում տարբեր ժամանակներում եւ զանազան վայրերում տեղի ունեցած հանցագործությունները եւ հատկապես յուրաքանչյուր հանցագործության նկատմամբ օրենքի հիման վրա կատարված քննությունները ցույց են տալիս, որ դրանք ոչ թե սահմանափակ կամ տեղական բնույթ են ունեցել, այլ կանխամտածված իրականացվել են վերոհիշյալ անձերից բաղկացած եւ միասնական ուժ հանդիսացող «Հատուկ կենտրոնի» բանավոր հրահանգներով եւ գաղտնի հրամաններով: Լիովին ապացուցված է , որ այդ կոտորածները տեղի են ունեցել Թալեաթ, Էնվեր եւ Ջեմալ բեյերի անմիջական հրամաններով եւ գիտությամբ»: Վերոշարադրյալը լրիվ հիմք է տալիս ասելու, որ Հայոց ցեղասպանությունն իրագործել է օսմանյան պետությունը, որը եւ միաժամանակ առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ուստի աններելի պատմական վրիպում պետք է համարել, այդ թվում եւ մեր` հայերիս կողմից, այն տեսակետը, թե Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ որ նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, եւ Ուրուգվայն է Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը: Օսմանյան կայսրությունը գոյություն է ունեցել մինչեւ 1923թ. նրան փոխարինել է Թուրքիայի Հանրապետությունը, որը դիտվում է Օսմանյան կայսրության իրավահաջորդ: Բնականաբար հարց է ծագումՙ ինչպես մոտենալ արդի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցին: Կցանկանայինք ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ, առաջին, չնայած ծագումնաբանական կապին, Օսմանյան կայսրությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը պետական կառուցվածքի, տարածքային սուվերենիտետի եւ սահմանների ու գաղափարախոսական առուումով, այդուհանդերձ, ունեն տարբերություններ: Երկրորդՙ հանրապետական Թուրքիան չի բեկանել 1919-1920թթ. օսմանյան լեգիտիմ դատարանի որոշումը, որով ճանաչվել է հայերի նկատմամբ կատարված հանցանքը, այսինքնՙ ցեղասպանությունը: Դատարանի այդ որոշումը մնում է ուժի մեջ: Օսմանյան դատարանի վճիռն անբեկանելի է: Երրորդՙ ինչպես նշվեց, անցյալ դարի երկրորդ կեսերին ձեւավորվեց ցեղասպանագիտությունը, ըստ որի ցեղասպանության անբաժան մասն է կազմում ցեղասպանության թիրախ ժողովրդի բռնի տեղահանումը: Առանց տեղահանման իրագործման չկա ցեղասպանություն: Այդ են հաստատում նաեւ հրեաների Հոլոքոսթը եւ դրան հաջորդած ցեղասպանությունների պատմությունը: Արդի Թուրքիայի ղեկավարությունը, չընդունելով Հայոց ցեղասպանության փաստն Օսմանյան կայսրությունում, ընդունում է, որ տեղի է ունեցել հայերի տեղահանություն, վիճարկելով լոկ տեղահանվածների թվաքանակի վերաբերյալ տվյալները: Այսպիսով, տվյալ հարցի վերաբերյալ նյութի վերլուծությունը իրավունք է տալիս կիրառել հայեցակարգային նորություն եւ սահմանել, որ, առաջին, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրությունն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Երկրորդՙ Թուրքական Հանրապետության ղեկավարությունը թեեւ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ չի բեկանել օսմանյան դատարանի 1919-1920թթ. որոշումները Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այդ որոշումներն իրենց ուժը չեն կորցրել: Երրորդՙ արդի թուրքական կառավարությունը, պաշտոնապես չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, այդուհանդերձ, չի ժխտում հայերի տեղահանությունը 1915թ. Օսմանյան կայսրությունում, մինչդեռ, ինչպես նշվեց, տեղահանությունը ցեղասպանության օրգանական մասն Է: Առաջարկում ենք այդ հայեցակարգային նորությունները նույնպես ընդգրկել Հայոց ցեղասպանության գնահատման եւ միջազգային ճանաչման ռազմավարությունում: Իսկ Թուրքական Հանրապետությանը ոչ թե պետք է ճանաչի, այլ վերաճանաչի իր նախորդիՙ Օսմանյան կայսրության կողմից արդեն ճանաչված Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայից պահանջվում է ոչ թե ընդհանրապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլ, ինչպես գրված է ՑՄԱ-ի նամակում Էրդողանին, «Ճանաչել նախորդ կառավարության պատասխանատվությունը հայոց ցեղասպանության համար»: Անհրաժեշտ է հայեցակարգային նոր մոտեցումներ դրսեւորել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նաեւ ԱՄՆ-ի պրեզիդենտների դիքորոշման հանդեպ: Խոսքը ԱՄՆ-ի չորս պրեզիդենտներիՙ Վուդրո Վիլսոնի, Ջիմի Քարտերի, Ռոնալդ Ռեյգանի եւ Բարաք Օբամայի մասին է, որոնք տարբեր առիթներով ընդունել են անհերքելի այդ պատմական իրողությունը: ԱՄՆ-ի պրեզիդենտներից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ-ի 1912-1920թթ. պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը թեեւ, հասկանալի է, այդ ժամանակ դեռեւս չկար ցեղասպանություն եզրը: Սակայն նա եւ նրա թիմի անդամներն օգտագործել են դրան համապատասխան եզրեր, ինչպեսՙ «Հայկական ջարդեր» եւ «Հայկական կոտորածներ»: Բայց նրանք օգտագործել են նաեւ «Հայերի աննիհիլացում» (annihilation), այսինքնՙ «Հայերի իսպառ ոչնչացում» կամ «Հայերի անէացում» եզրը, որն իր իմաստով եւ նշանակությամբ բնավ չի զիջում «գենոցիդ-ցեղասպանությանը»: Վերջը` հաջորդ համարում |