ՄԱՅԻՍԻ 16-ԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԵԽ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ Վ. Պ. Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում Թորբյորն Յագլանդը երեկ արդեն երկրորդ անգամ այցելեց Հայաստան, այս անգամ այցելությունը տեղի ունեցավ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի առաջիկա նախագահության նախօրեին: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ մեկ ամիս անց` մայիսի 16-ին է Հայաստանը ստանձնելու ԵԽ նախագահությունը: «Սա շատ կարեւոր հանգրվան է Հայաստանի համար իբրեւ ԵԽ անդամ երկրի, բայց նաեւՙ մեծ պատասխանատվություն, եւ մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու այս առաքելությունը», ԱԳՆ հաղորդագրության համաձայն ասել է ԱԳ նախարարի պաշտոնակատարը: Յագլանդն, իր հերթին, ընդգծել է, թե կազմակերպությանն անդամակցելուց հետո Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ապահովման եւ ժողովրդավարության ամրապնդման առումով զգալի բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են: Նալբանդյանի տեղեկացմամբ, ՀՀ նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների մակարդակով, նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են միջկրոնական, միջմշակութային երկխոսությունը, տեղական ժողովրդավարությունը, խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը: Ծրագրված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետների մակարդակով համաժողով: Կայանալու են բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ, մասնավորապեսՙ Հայաստանի Հանրապետության նախագահի այցը: Նալբանդյանի խոսքով, Հայաստանը Եվրոպայի խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցելՙ 12 տարի: ԱԳ պաշտոնակատարը մանրամասնել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում կարեւոր միջոցառումների շարքում կկազմակերպվեն նաեւ մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ. նաեւ «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում: (Տեսՙ էջ 6) Էդվարդ Նալբանդյանն ու Թորբյորն Յագլանդը նաեւ ստորագրել են Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հիմնադրման եւ դրա իրավական կարգավիճակի մասին փոխըմբռնման հուշագիրը, որով Հայաստանում Եվրոպայի խորհրդի ներկայության կարգավիճակը կբարձրանա նոր մակարդակի: Արդեն համատեղ մամուլի ասուլիսում Նալբանդյանը տեղեկացրել է, որ Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը, ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում: Նալբանդյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Հունգարիայի հետ հարաբերություններին: «Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի», հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնելուց հետո հայ-հունգարական հարաբերությունների կասեցման առնչությամբ հարցին այսպես է պատասխանել Նալբանդյանը: Ինչ վերաբերում է ապագա կառավարության կազմում Նալբանդյանի լինել-չլինելուն, ԱԳ նախարարի պաշտոնակատարը բավարարվել է հայտարարելով, որ տարբեր թերթերում տպագրվող բամբասանքները մեկնաբանության կարիք չունեն: |