RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1723, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՏՐԱՊԻԶՈՆԻ ԱՅԱ ՍՈՖԻԱ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ՄԶԿԻԹԻ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա պատմության հետ առերեսումից խուսափելու արդյունքն է

Օսմանյան Թուրքիայում իթթիհատականները ցեղասպանության ենթարկեցին հայերին, ասորիներին եւ Պոնտոսի հույներին: Երբեմնի իթթիհատական քեմալականները շարունակեցին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը, որպեսզի Օսմանյան կայսրության փլատակների վրա ստեղծեն թուրքական ազգային պետություն:

Քանի որ քեմալականների ժամանակակից Թուրքիան որքան էլ ազգային հռչակվի, ստեղծվել էր այլ ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում, ուստի քեմալական իշխանությունները ձեռնամուխ եղան երկրում վերացնելու մինչ այդ ցեղասպանության ենթարկված ժողովուրդների պատմամշակութային հետքը: Նրանք միաժամանակ նորաստեղծ թուրքական ազգային պետության հարաբերությունները սկսեցին կարգավորել Հայկական հարցը հայերին բնաջնջելու միջոցով լուծելու երիտթուրքերի սկզբունքով:

Այսպիսով, քեմալական Թուրքիայում շարունակվեց ազգային փոքրամասնությունների հալածանքը, վերջիններիս կողքին ճնշումների թիրախ դարձան երկրի էթնիկ եւ կրոնական խմբավորումները, հալածանքներն ու ճնշումները երկրում ուղեկցվեցին ոչ թուրք ժողովուրդների արտաքսմամբ եւ կոտորածներով: 1937-38 թթ. Դերսիմի կոտորածը, 1955-ի սեպտեմբերի 6-7-ի Ստամբուլի կոտորածը, 1964-ին հույների արտաքսումը, որոնք մինչ այդ 1923-24 թթ.-ին էին արտաքսվել երկրից, քրդերի ահաբեկումն ու ալավիների պարբերական ջարդերը այս ամենի վառ արտահայտությունն են:

Ինչ վերաբերում է ցեղասպանության ենթարկված ժողովուրդների հետքը վերացնելու համար նրանց պատմամշակութային հուշարձանների վերացմանը, ապա պետք է ասել, որ քեմալականների ժամանակակից Թուրքիան պետականորեն հիմնահատակ ավերել կամ քանդել է 2.500 հայկական եկեղեցի եւ 547 վանք: Էլ չենք խոսում հունական եւ ասորական եկեղեցիների ու վանքերի մասինՙ կառուցված դեռեւս նախքան թուրքերի նախահայրերի պատմության ասպարեզ իջնելը:

Այս նկրտումների հիմքում սեփական պատմության հետ առերեսվելու անկարողությունն է: Թեեւ վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունը երկրում անցած տասը տարիներին փորձել է կառուցվածքային որոշակի քայլեր իրականացնել, սակայն այդ քայլերի երկչոտ բնույթը արդյունք չի ապահովել: Այդ քայլերից թերեւս պետք է առանձնացնել Էրդողանի հայկական եւ քրդական նախաձեռնությունները: Դրանցից հայկականը ձախողել է հենց վարչապետ Էրդողանի կառավարությունը, իսկ քրդականը նախ վերափոխվել է դեմոկրատական նախաձեռնության, ապա եւ հանգել միեւնույն արդյունքի:

Ներկայումս ժողովրդականի վերափոխված քրդական նախաձեռնությանը փոխարինում է թուրք-քուրդ հաշտեցման գործընթացը, որի առաջին փուլը ենթադրում է, որ PKK-ի մարտիկները զենքը վայր դնեն եւ հեռանան երկրից: Մինչդեռ այդ երկիրը նրանց հայրենիքն է, իսկ իրենքՙ երկրի քաղաքացիները:

Ավելին, վարչապետ Էրդողանը «Դերսիմի կոտորած» է անվանել թուրքական պատմագրության մեջ որպես ապստամբություն հիշատակվող իրադարձությունները, իսկ հույների արտաքսումը որակել է ֆաշիզմի դրսեւորում, դատապարտելով կոտորածի եւ արտաքսման կազմակերպիչներին: Նրա օրոք չի կիրառվում նաեւ քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը: Նույնիսկ վերականգնվում են քրիստոնեական հոգեւոր արժեքները, ինչպիսիք են Տրապիզոնի հունական «Սումելա» վանքը, Աղթամարի Սուրբ խաչ կամ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիները:

Սակայն դա չի խանգարում, որ եկեղեցիների վերականգնումը զուգորդվի մզկիթի վերացմամբ: Սա քրիստոնյա ժողովուրդների հետքի վերացման մեկ այլ դրսեւորում էՙ պայմանավորված սեփական պատմության հետ առերեսումից խուսափելու Էրդողանի կառավարության նկրտումներով:

Մզկիթի վերածելու պարագայում խոսքը վերաբերում է Տրապիզոնի Այա Սոֆիա եկեղեցուն: Ի դեպ, Այա Սոֆիա նշանակում է սուրբ իմաստություն: 1250-60 թթ. Կոմնենոսների արքայատոհմից կայսր Մանուել Առաջինի օրոք կառուցված այս եկեղեցին Սումելա վանքի հետ Տրապիզոնում կանգուն մնացած հունական երկու հուշարձաններից մեկն է, որը թանգարանի դեր էր կատարում: Պարզվում է, արդեն իմամ ու մոլա ունի, եւ այդ մասին հայտարարել է Տրապիզոնի մուֆթինՙ քաղաքի հոգեւոր առաջնորդը:

Տրապիզոնի Այա Սոֆիա եկեղեցին մզկիթի վերածելու նկրտումներին բուռն հակազդեցությամբ ապրիլի 14-ին արձագանքել է aykiridogrular.com կայքէջը, իսկ ապրիլի 15-ինՙ BIA լրատվական կենտրոնը: Դրա առնչությամբ կայքէջը գրում է. «Եկեղեցին մզկիթի վերածելը նշանակում է հետքի վերացում: Դրանք ոչ թե կրոնական, այլ պատմական հետքեր են, հետեւաբար պատմության հետ առերեսվելու ռիսկ են պարունակում: Այս հետքերը ահագնացնում են պատմության մեջ հանցանք գործածների արդարության դատաստանի առջեւ կանգնելու վախը, այդ իսկ պատճառով ձեռնամուխ են լինում հետքերի վերացմանը: Այսինքնՙ իշխանությունը վախեցած է պաշտոնական պատմության դեմ հանդիման կանգնելու հեռանկարից, եւ կանխարգելիչ միջոցների է դիմում: Եթե եկեղեցին մնացել է առանց ծխականի, ապա դրա պատասխանատուն հույները չեն»:

Կայքէջին լրացնում է լրատվական կենտրոնը. «Եկեղեցին մզկիթի վերածելու լուրը մեզ ցնցեց, ապա հասկացանք, որ դրա տրամաբանությունը մեկն է. ջնջել տարածքի ոչ մահմեդական հարուստ անցյալին պատկանող բոլոր հետքերը: Ի դեպ, 2011-ին էլ մզկիթի էր վերածվել Իզնիքի Այա Սոֆիա եկեղեցին: Պետք է հրաժարվել այլ մշակույթները ոչնչացնելու տրամաբանությունից: Մի՞թե Տրապիզոնում նամազի կանգնելու ուրիշ աղոթարան չէր մնացել, որ 850 տարվա եկեղեցին մզկիթի է վերածվում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ