ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՄԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿՈՉՈՎ Վ. Պ. Վրաստանում գործող հայկական աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին: «Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանում կազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ», ասվում է ապրիլի 16-ով թվագրված դիմումում: Վիրահայոց թեմի մամլո դիվանի տեղեկացմամբ, վրաց խորհրդարանին ուղղված դիմումում նշվում է, որ 1915-1923 թթ. հայ ժողովորդը կորցրել է ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր հայրենիքի մեծ մասը: «1915-1923թթ. հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը որակում են որպես ցեղասպանություն, որը մարդկության դեմ կատարված հանցագործություն է», նշում են հայկական կազմակերպությունները: Ըստ փաստաթղթի, այդ մասին են վկայում իրավական փաստաթղթերը, որոնք 1915թ. մայիսին ընդունեցին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը: «Հայ ազգի իրավունքների վերականգնման հարցը 1919թ. քննարկվել է Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում: Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստ է նաեւ 1920թ. ստորագրված Սեւրի պայմանագիրը: Հայոց ցեղասպանության նշանները լիովին համընկնում են 1943թ. հրեական ծագումով լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինի մշակած եւ 1948թ. ՄԱԿի Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեւի հետ, ըստ որի ընդունվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին Կոնվենցիան»: Հարկ է նշել, որ 1993թ. հոկտեմբերին Վրաստանը վավերացրեց այս կոնվենցիան»: Նամակը ստորագրել են «Վրաստանի Հայ համայնք»-ը, Վրաստանի Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդական կենտրոնը, «Վրաստանի հայերի ազգային կոնգրես»-ը, «Թբիլիսյան հայերի վեհաժողով»-ը, Վրաստանի «Վերնատուն» հայ գրողների միությունը, «Վրաստանի հայ համայնք»-ի ուսանողական միությունը, «Վրաստանի հայ համայնք»-ի երիտասարդական միությունը, Վրաստանի հայ նկարիչների միությունը, Վրաստանի հայ մտավորականների միությունը, Վրաստանի հայ երաժիշտների միությունը: Անցած տարիների ընթացքում Վրաստանի հայկական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բազմիցս դիմել են Վրաստանի պառլամենտին ու կառավարությանը, սակայն նրանց պահանջը մինչ օրս մնում է անպատասխան: |