RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#060, 2013-04-16 > #061, 2013-04-17 > #062, 2013-04-18 > #063, 2013-04-19 > #064, 2013-04-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-04-17 23:43:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2145, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 79

ԲԱՐԵԿԱ՞Մ, ԹԵ՞ ԹՇՆԱՄԻ

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ԵՊՀ Ժուռնալիստիկա, 3-րդ կուրս

Մանկության տարիներին երեւի բոլորիս բակում եղել է մի շուն, որին կերակրում էինք հարեւաններով: Նրան անվանում էին Բոբիկ, Շարիկ կամ Տուզիկ (սրանք փողոցային շների սովորական անուններ են): Նա ամենաբարին էր, հավատարիմն ու զվարթը: Բայց մի՞թե բոլոր շներն են այդպիսին:

Փողոցային շները վերջին տարիներին բավական մեծ խնդիր են դարձել: Ոմանք կերակրում են, որդեգրում, ապաստաններ են կառուցում նրանց համար: Շատերն էլ պարզապես վախենում են նրանցից, տեսնելուն պես քարով են խփում կամ բղավում ենՙ քըշշշ: Փողոցային շների հարձակումները տարեցտարի ավելի են աճում, եւ դա սարսափեցնում է քաղաքացիներին:

Աննա Բահյանը , ով «Դինգո» կամավորների թիմի հիմնադիրներից է եւ պարզապես չի կարողանում անտարբեր անցնել փողոցային շան կողքով, կարծում է, որ ամեն ինչի մեղավորը հենց մարդիկ են. «Այս ամենը հենց մարդն է սկսել: Փողոցային շան կողքով անցնելիս նա ոտքով կամ քարով խփում է շանը: Այդ պահին վախեցած շունը չի պատասխանում, բայց դա դեռ չի նշանակում, որ նա մոռանում է: Հաջորդ անգամ, երբ ուրիշ մեկը անցնում է նրա կողքով եւ մի փոքր մոտ է գալիս, նա հարձակվում է: Հասկացե՛ք, նա մեղավոր չէ, նա պարզապես պաշտպանվում է»,- վստահեցնում է Աննան: «Փողոցային շները ամենաբարին են ու ամենահավատարիմները, նրանք տեր են փնտրում եւ գտնելովՙ դառնում են նրանց լավագույն ընկերը»,- ասում են «Դինգո»-ի կամավորները: Աննա Բահյանը արդեն երեք տարի իր տանը պահում է իր որդեգրած շնիկին: Այդ թմբլիկ ու կոկիկ շնիկին տեսնելովՙ դժվար է անգամ կռահել, որ Աննան նրան տուն է բերել փողոցից:

«Նայե՛ք այդ բարի աչքերին,- շնիկին ցույց տալով ասում է Աննան,- այսպիսի աչքեր ոչ մի շուն չունի, հավատացա՛ծ եղեք»:

Մարդիկ, ովքեր կողմ են փողոցային շների սպանդին, եւ նրանք, ովքեր անում են ամեն ինչՙ փրկելու այդ անտուն կենդանիներին, բաժանվում են երկու մեծ բանակների: Ֆեյսբուքյան «Save The Animals» NGO» խմբում կա մոտ 2500 մասնակից: Բայց ահա սոցհարցմամբ մարդկանց 77 % պատասխանել է, որ կողմ է փողոցային շների ոչնչացմանը: Երեւանում այս հարցերով զբաղվում է «Յունիգրաֆ-իքս» ընկերությունը: Այս կազմակերպության գործունեությունը մեծ վեճերի ու տարաձայնությունների առիթ է: Կենդանասեր մարդիկ նրանց համարում են ուղղակիորեն վտանգավոր եւ վստահ են, որ նրանք իրականացնում են շների մասսայական սպանդ, ընդ որումՙ նրանք սպանում են շներին, այլ ոչ թե քնեցնում: «Յունիգրաֆ-իքս» ՍՊ ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը այս ամենը համարում է պարզապես թյուր երեւակայություն: «Այդպիսի բան չկա ու չի էլ եղել: Ու բոլոր այն նկարները, որոնք հայտնվել են համացանցում, թե իբր մենք շներին սպանում ենք, կեղծ են: Մենք չենք սպանում շներին, մենք նրանց քնեցնում ենք»,- հավաստիացնում է նա: Ինչեւէ, վկաները ուրիշ կերպ են պատմում: «Գիշեր էր արդեն, երբ ավտոմեքենան, որի վրա գրված էր «Յունիգրաֆ-իքս» եւ հեռախոսահամարըՙ «575768», եկավ մեր բակ: Այնտեղից երկու հոգի դուրս եկան եւ կրակեցին մեր բակի շան վրա, որը անընդմեջ հաչում էր եւ երեւի խանգարում էր որեւէ մեկի քունը: Շունը դեռ չէր սատկել, երբ նրանք նստեցին ավտոմեքենան եւ հեռացան»,- պատմում է 43-ամյա Վարդանը : Լիլիթ Գրիգորյանը այս ամենը մեկնաբանեց միայն նրանով, որ մարդիկ ցանկանում են սեւացնել նրանց անունը: «Յունիգրաֆ-իքս» ընկերության կայքում (animalscity.am) տրված է վիճակագրություն, ըստ որի Կենտրոն համայնքում ստերիլիզացված եւ վնասազերծված է մոտ 450 շուն, որոնց վզներին կա կարմիր կամ կանաչ ժապավեն: Կենտրոն համայնքում անցկացված հարցմամբ պարզվեց, որ 200 հարցվողներից միայն մեկն էր տեսել կանաչ ժապավենով շուն, իսկ 50-ը պատասխանեցին, որ այս ամենը «Յունիգրաֆի» հերթական հեքիաթներից է: Հարցիս, թե ինչպես է դա հնարավոր, Լիլիթ Գրիգորյանը պատասխանեց. «Եթե մարդիկ ցանկանան, կտեսնեն»:

Արդյոք շները վտանգավոր են հանրության համար, թե՞ ոչ, դժվար է ասել: Այնուամենայնիվ պետք է գտնել մի լուծում, որն օգտաբեր կլինի երկու կողմի համար էլ: Պետք չէ մոռանալ, որ տարիների ընթացքում շունը եղել է եւ մնում է մարդու լավագույն ընկերը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #62, 18-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ