«ՍՊԱՐՏԱԿ» ԲԱԼԵՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ` ԵԽ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Արմենպրես Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կներկայացվի Ստրասբուրգումՙ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնումից հետո: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը: «Կկազմակերպվեն մի շարք ցուցահանդեսներ, համերգներ, որոնցից կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում»,- ասաց Նալբանդյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, բալետը Ստրասբուրգում կներկայացվի աշխարհահռչակ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ, որտեղ Սպարտակին մարմնավորում են Ռուբեն Մուրադյանը եւ Սեւակ Ավետիսյանը: Հայաստանը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: 2013թ. մայիսի 16-ին Հայաստանը վեց ամիս ժամկետով ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը: |