ՀԱՅ ԱԿՐՈԲԱՏՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ԲԵԼԱՌՈՒՍԻՑ Բելառուսում անցկացված ակրոբատիկայի միջազգային մրցաշարում հաջող մրցելույթներ ունեցան հայ ակրոբատներնՙ արժանանալով արծաթե մեդալների: Հայաստանն այդ ստուգատեսում ներկայացնում էին «Գյումրու մարմնամարզիկ» մարզադպրոցի սաները: Աղջիկների եռյակ մրցաձեւում վստահ հանդես եկան Գայանե Քոչարյանը, Հասմիկ Սիմոնյանն ու Քրիստինե Շիմալյանը, որոնք արժանացան արծաթե մեդալների, հավաստագրերի ու հուշանվերների: Նմանատիպ մրցանակներ ստացան նաեւ Արմեն Սիմոնյանն ու Գոհար Կարապետյանը, ինչպես նաեւ Գոհար Գրիգորյանն ու Անահիտ Գինոսյանը: Նշենք, որ մեր աղջիկների եռյակը մասնակցում էր 11-16 տարեկան ակրոբատների մրցումներին, իսկ մնացած մարզիկները հանդես եկան մեծահասակների խմբումՙ սպորտի վարպետի ծրագրով: Մրցաշարին մասնակցեցին շուրջ 200 մարզիկներ 6 երկրներիցՙ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Մերձդնեստրովյան հանրապետությունից: |