RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-10-30 23:52:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1876, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՐԱԿԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ընդդիմության, կամ ինչպես իրենք են իրենց կոչումՙ ոչ իշխանական ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքը պատասխանների փոխարեն բազմաթիվ նոր հարցեր ու հարցադրումներ առաջադրեց, որոնք ներքաղաքական վերլուծությամբ զբաղվողներին, եւ ոչ միայն նրանց, քննարկման առատ նյութ մատակարարեցին:

Նրանցՙ այդ վերլուծաբաններին թողնելով հանրահավաքում ելույթ ունեցած գլխավոր բանախոսներիՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանի հայտարարություններում առկա հակասություններն ու ինքնահակասությունները մեկնաբանելու պարտականությունը, եւ, միաժամանակ, մի կողմ թողնելով նաեւ որոշ սկեպտիկների եւ անգամ ցինիկների «կանխագուշակությունները» ԼՏՊ-Ծառուկյան-Րաֆֆի հետագա ու փոխադարձ «քցոցիների» վերաբերյալ, հարկ եմ համարում այս էջում ընդհանուր բնույթի մի քանի ընդգծումներ անել հանրահավաքից ստացածս տպավորությունների լույսի ներքո:

Առաջին . Ոչ իշխանականների գլխավոր երեք ուժերիՙ «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ ու ներսում բացակայում է համախոհական ոգին: Տպավորություն է ստեղծվում, որ նշյալ ուժերի լիդերները ինչ-ինչ հարցերի շուրջ համաձայնության գալով, շրջանցել են ե՛ւ իրեց անմիջական մարդկանց, ե՛ւ, նույնիսկ, միմյանց:

Եվ կարծում եմ, տարբեր չէր կարող լինել: Նրանքՙ երեքն էլ վառ անհատականություններ, իրարից տարբերվում են թե՛ փորձառությամբ, թե՛ կրթությամբ, թե՛ նյութական կարողությամբ ու կեցությամբ եւ թե հավակնություններով: Եթե առաջին նախագահը դեռեւս ապրում է 25 տարի առաջվա նոստալգիկ հիշողությունների ծանրության կամ քաղցրության տակ, եթե Ր. Հովհաննիսյանը դեռեւս դուրս չի եկել նախագահական վերջին ընտրություններին գրաված հզոր ընտրազանգվածը կորցրած լինելու տրավմայից, ապա Գ. Ծառուկյանը դեռ ստիպված է անկեղծորեն բացատրել իր կուտակած ահռելի հարստության ակունքները, հօգուտ ժողովրդի եւ երկրի հրաժարվելու դրա գեթ այն մասից, որը կասկածելի ծագում ունի, եթե այդպիսիք կան: Նա միշտ պետք է հիշի Քրիստոսի ու հարուստ երիտասարդի երկխոսությունը Նոր կտակարանից...

Երկրորդ . Հանրահավաքի մասնակիցների ու հետեւողների մի կարեւոր մասը բավական մեծ փորձ ունի նման շարժումների էությունը խորաչափելու եւ խաբված է մի քանի անգամ: Նրանց համար բնավ համոզիչ չէ ԼՏՊ-ի բացատրությունը, թե ներկա հանգրվանում ճիշտ չէ բացահայտել գործողությունների ծրագիրը: Այդ մարդիկ գոնե այս անգամ պետք է իմանան, թե իշխանափոխությունը ինչպես է տեղի ունենալու, այժմյան իշխանավորները ումով են փոխարինվելու եւ ինչ անելու համար, խոստացվող փոփոխությունները ինչպես են կատարվելու, ինչ ժամկետներում: Եվ ամենակարեւորըՙ եթե որոշյալ ժամկետներում չիրականան խոստումները, ապա ինչ պատիժ են կրելու խոստումնադրուժները:

Երրորդ . Հանրահավաքի բազմամարդությունը ցույց տվեց, թերեւս ավելորդ անգամ, որ ժողովուրդը իսկապես դժգոհություններ ունի, մե՛ծ դժգոհություններ: Արդա՛րորեն: Գործազրկություն, պանդխտություն, աշխատավարձ-գնաճ հարաբերության բացարձակ անհամապատասխանություն, տրանսպորտի, առողջապահության, կրթության նախնադարյան վիճակ, եւ անարդարություն, անարդարություննե՛ր:

Սա՛ է իրական պատկերը: Եվ ընդդիմություն թե իշխանություն այդ պատկերի խորաչափումով պետք է առաջնորդվեն մեկը խոստումներ շռայլելիս, մյուսըՙ խոստումները կատարելիս կամ չկատարելիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 31-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ