RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1690, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՎ ԿԼԵՊՊԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԼՐՏԵՍՈՒՄԸ

Պ. Ք.

«Տվյալների զգալի մասը մեզ փոխանցել են եվրոպական հատուկ ծառայությունները»

ԱՄՆ-ի Կոնգրեսում սկսվել են լսումներ, որոնց ընթացքում ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները պատասխանում են եվրոպական դաշնակիցների, ինչպես նաեւ ԱՄՆ քաղաքացիների լրտեսման հետ կապված մեղադրանքներին: Ինչպես հաղորդում է BBC News հեռուստաալիքը, կոնգրեսականները իրենց հարցերն ուղղում են գլխավորապես Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Քիթ Ալեքսանդերին եւ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերին:

Հարցերին պատասխանելիս գեներալ Ալեքսանդերը մասնավորապես հայտարարել է, թե ԱԱԳ-ն գաղտնալսել է եվրոպական դաշնակից պետությունների ոչ թե միլիոնավոր քաղաքացիների, այլ միայն երկրների ղեկավարների հեռախոսները: Նրա խոսքերով, դա սովորական բան է ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ ուրիշ պետություններում:

Անդրադառնալով եվրոպական լրատվամիջոցների այն հրապարակումներին, թե ԱԱԳ-ն ԵՄ տարբեր երկրներում գաղտնալսել է միլիոնավոր հեռախոսազրույցներ, Ալեքսանդերն ասել է, թե ԱԱԳ-ն նման բան չի արել, եւ որ ԵՄ միլիոնավոր քաղաքացիների հեռախոսազանգերի հետ կապված տվյալների զգալի մասը հավաքել եւ ապա ԱԱԳ-ին են փոխանցել «եվրոպական հատուկ ծառայությունները», իսկ եվրոպական լրատվամիջոցները «ամեն ինչ շփոթել են»:

«Մենք տեղեկություններ չենք հավաքել ԵՄ բնակիչների վերաբերյալ: Մենք եւ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցները տվյալներ հավաքել ենք մեր երկրները պաշտպանելու եւ մեր ռազմական գործողություններին օժանդակելու համար», հայտարարել է Ալեքսանդերը:

Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերը իր հերթին խոստովանել է, որ հետախուզության գլխավոր նպատակը տարբեր մակարդակի ղեկավարների, այդ թվում զինվորական ղեկավարության, մտադրությունների բացահայտումն է:

Կլեպպերի խոսքերով, իր գործունեության 50 տարվա ընթացքում «ոչինչ չի փոխվել», համենայն դեպսՙ ամերիկացիների համար: Բանից պարզվում է, որ նույնիսկ դաշնակից երկրների նախագահների ու վարչապետների գաղտնալսումները սովորական երեւույթ են:

Դուք կարծում եք, որ դաշնակիցները լրտեսական գործունեությամբ են զբաղվում ԱՄՆ-ի, մեր հատուկ ծառայությունների եւ երկրի ղեկավարության դե՞մ,- հարցրել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մայք Ռոջերսը:

- Միանգամայն ճիշտ է,- պատասխանել է Ջեյմս Կլեպպերը, ակնհայտորեն արդարացնելով ԱՄՆ-ի լրտեսական գործունեությունը:

Ինչ վերաբերում է նախագահ Բարաք Օբամային, նա շարունակում է պնդել, թե իրեն ոչինչ հայտնի չէ Անգելա Մերկելի եւ եվրոպացի մյուս ղեկավարների հեռախոսների գաղտնալսումների մասին: Այս կապակցությամբ BBC-ն հաղորդում է, որ ԱՄՆ-ում գերագույն գլխավոր հրամանատար Օբամային արդեն սկսել են անվանել «գերագույն անտեղյակ»:

Ի դեպ, Օբաման արդեն հրամայել է սահմանափակել գաղտնալսումները ՄԱԿ-ի կենտրոնակայանում, իսկ գեներալ Ալեքսանդերը հայտարարել է, որ երկրի հատուկ ծառայություններում սկսված բարեփոխման շրջանակներում ԱԱԳ-ն աշխատանքի կընդունի «քաղաքացիական իրավունքների եւ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասնագետի»: Սոցիալական ցանցերում նրան կատակով առաջարկել են թափուր տեղի համար քննության առնել ԱԱԳ եւ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի թեկնածությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ