RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#185, 2013-10-29 > #186, 2013-10-30 > #187, 2013-10-31 > #188, 2013-11-01 > #189, 2013-11-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-06 21:18:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1254, Տպվել է` 37, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՂԵԿԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀՎԻ ԱՅՆՊԻՍԻ ՄԱՐԶՉԻ, ՈՐԸ ԵՎՐՈ-2016-Ի ՈՒՂԵԳԻՐ ԿԱՊԱՀՈՎԻ»

Երեկ կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամփոփեց 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականի ելույթները, անդրադարձավ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականին եւ նոր մարզչի ընտրության հետ կապված բանակցությունների ընթացքին:


«Ընտրական մրցաշարում հավաքականի առջեւ խնդիր էր դրված աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Եվ քանի որ խնդիրը չկատարվեց, ուստի համարում եմ ընտրական փուլը ձախողված: Շատ եմ ափսոսում, որ Վարդան Մինասյանը որոշել է չշարունակել աշխատանքը հավաքականում: Կցանկանայի նրա հետ աշխատել, քանի որ լավ ծանոթ եմ նրա ներուժին, մարզչական ունակություններին: Նա դեռ շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում: 2 անգամ փորձել եմ համոզել, որ փոխի որոշումը, սակայն չի ստացվել: Մինասյանը դեռեւս գարնանն էր հրաժարականի դիմում ներկայացրել: Այն ժամանակ դիմումը մերժեցինք: Այսօր գործկոմի նիստում գլխավոր մարզիչը ներկայացնելու է իր հաշվետվությունը: Կփորձենք մեկ անգամ եւս համոզել, որ մնա: Նա միջազգային մակարդակի մարզիչ է, հպարտանում եմ նրանով: Ամեն դեպքում պետք է շնորհակալություն հայտնել Մինասյանին իր աշխատանքի համար:

Հիշեք, թե ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ո՞ր տեղում էր հավաքականը, երբ Վարդան Մինասյանը ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը: Իսկ այսօր հավաքականը իր համար ռեկորդայինՙ 38-րդ հորիզոնականում է: Սա Մինասյանի աշխատանքի արդյունքն է: Նրան մարզչական աշխատանքում մեծ ապագա է սպասում», նշեց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահը նշեց, որ ընտրական մրցաշարում լավ խաղերի կողքին եղան նաեւ տխուր ու ցավալի հանդիպումներ: Ռուբեն Հայրապետյանին մինչ օրս էլ անհասկանալի է, թե ինչպես հավաքականը Երեւանում պարտվեց Մալթայի ընտրանուն, որին նույնիսկ 9 հոգով խաղալիս իրավունք չունեինք զիջելու: Մյուս պարտությունների պատճառն ըստ նախագահի, կազմի հետ կապված խնդիրներն էին: Ցավոք, հավաքականի պահեստայինների նստարանն այնքան էլ երկար չէ, որ վնասվածք ունեցող կամ որակազրկված ֆուտբոլիստներին հնարավոր լինի համարժեքորեն փոխարինել:

Իսկ լավագույն խաղը Ռուբեն Հայրապետյանը համարում է բուլղարացիների հետ երեւանյան հանդիպումը, որում հավաքականը բոլոր առումներով վրեժխնդիր եղավ մեկ տարի առաջ Սոֆիայում տեղի ունեցածի համար:

Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց, որ հավաքականի նոր գլխավոր մարզչի հարցով ներկայումս բանակցություններ են ընթանում: Վարդան Մինասյանը ՀՖՖ նախագահին խորհուրդ է տվել հավաքական հրավիրել իսպանացի կամ իտալացի մարզչի, որոնց տակտիկական մտահղացումները մոտ են մեր հավաքականի խաղաոճին: Ֆեդերացիայի նախագահն առաջին հերթին ցանկացել է հավաքականի ղեկին տեսնել ֆրանսահայ Միշել Տեր-Զաքարյանին, որին դեռեւս 2009-ին է փորձել հրավիրել, սակայն վերջինս այս անգամ էլ հրաժարվել է: Իսկ ինչ վերաբերում է Սերխիո Մարգարյանին, ապա ուրուգվայահայ մարզիչը գրավոր դիմել է ֆեդերացիային, որ այդ թեմայով խոսակցություններ չծավալվեն:

Ըստ Ռուբեն Հայրապետյանի, հավաքականի նոր մարզիչը պետք է լինի այն անձը, որը պատրաստ է 2016-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Այլ խնդիր հավաքականի առջեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում չի կարող դրվել: ՀՖՖ նախագահը նշեց, որ մեր հավաքականի մասնակցությունն աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլին իր կյանքի նպատակն է:

Ռուբեն Հայրապետյանն ընդունեց, որ ժամանակին օտարերկրյա մարզիչներին հրավիրելու հարցում սխալվել է, եղել են մարզիչներ (օրինակՙ ֆրանսիացի Բեռնար Կազոնին), որոնք զբոսաշրջիկի կարգավիճակով են աշխատել ՀՀ հավաքականում: Այսուհետ հավաքականի օտարերկրացի մարզիչը աշխատանքի ժամանակահատվածում պետք է բնակվի Երեւանում, որպեսզի մշտապես իր ուշադրության կենտրոնում պահի թեկնածուներին:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ երիտասարդական հավաքականի անհաջող ելույթների մեղավորը գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն էր, ուստի նա պաշտոնանկ արվեց: Իսկ մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանի աշխատանքը ՀՖՖ նախագահը նորմալ համարեց, քանի որ առանձնակի սպասելիքներ չկային, վաղուց պարզ էր, որ ֆուտբոլիստների ներուժը բարձր չէ:

Ռուբեն Հայրապետյանն իր ափսոսանքը հայտնեց Յուրի Վարդանյանի որդու հետ պատահածի համար, նշելով, որ հայրը պատասխանատվություն չի կրում իր չափահաս որդու արարքի համար: Նման դեպք կարող էր յուրաքանչյուրի հետ էլ տեղի ունենալ, ոչ մի հայր չէր ցանկանա, որ որդին թմրանյութերի հետ կապ ունենա: Ըստ ՀՖՖ նախագահի, Յուրի Վարդանյանը մեր սպորտի կենդանի լեգենդներից մեկն է եւ չպետք է նրա ընտանիքի հետ կապված շահարկումներ արվեն:

Վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունների հետ կապված աղմուկի մասին էլ Ռուբեն Հայրապետյանը հետեւյալն ասաց. «Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ ընտրություններն անարդար լինեն: Այդ ֆեդերացիան էլ ՀԱՕԿ-ի նման հասարակական մի կազմակերպություն է: Կարծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը կարող է բարձրացնել վոլեյբոլի ֆեդերացիայի հեղինակությունը: Պարտադի՞ր է, որ անպայման ԲՀԿ-ից լինեն: Հայկական սպորտի ղեկավարը սպորտի նախարարն է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #187, 31-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ