ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Վ. Պ. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ պաշտոնական հաղորդագրությանՙ հանդիպմանն անդրադարձել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, ԵՄ աջակցությամբ մի շարք ուղղություններով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծել են հիմնախնդրի խաղաղ եւ միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձեւաչափում շարունակելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Լեֆորը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարարությունում: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ ներկայացուցչի զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Բաքու կատարած այցի արդյունքները: Նախարար Նալբանդյանն էլ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների եւ սադրիչ գործողությունների վրա: Ֆիլիպ Լեֆորը վերահաստատել է Եվրոմիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերինՙ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Ի դեպ, այսօր էլ Նալբանդյանը այցելելու է Բեռլին, որտեղ հանդիպումներ կունենա գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: |