ԹՄՄ-Ը 14 ՏԱՐԻ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՔԻՆ ԱՂՎԱՆ ԱՍՈՅԱՆ 2000թ.-ից սկսած, արդեն 14 տարի Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միությունը, «Ուսուցիչ մը հովանաւորէ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցների ուսուցիչներին դրամական օգնություն է տրամադրում: Թեքեյան մշակութային միության կենտրոնական գրասենյակի (Բոստոն) նախկին տնօրեն Գեւորգ Մարաշլայնը «Ազգ»-ի հետ զրույցում մասնավորապես ասաց. «Երբ այս ծրագիրը սկսեցինք, Հայաստանի ուսուցիչների սոցիալական վիճակը բավականին ծանր էր: Եվ արդեն 14 տարի է Հայաստանում եւ Արցախում Վահան Թեքեյանի անվան դպրոցների ուսուցիչներին եւ ամբողջ աշխատակազմի համար կազմակերպվում է այս բարեգործական ակցիան»: Այդ դպրոցները հինգն են, որոնք գտնվում են ՀՀ տարբեր շրջաններումՙ Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, Երեւանում եւ Արցախի Բերձորում: Գեւորգ Մարաշլայնը մասնավորապես նշեց, որ գումարները հավաքվում են հանգանակության միջոցով եւ բաշխումը կատարելուց հետո ուսուցիչների անուններն ու մյուս տվյալները փոխանցվում են բարերարներին: Ծրագրի պատասխանատուն ԹՄՄ կենտրոնական վարչության գանձապահ Մարո Պետրոսյանն է: Հայաստանում ծրագիրն իրականացնում եւ գումարները բաժանում է Գայանե Մուրադյանը, ով 14 տարի բարեխղճորեն կատարել է այդ պատասխանատու գործը: Միությունը հիմնվել է 1947թ. Բեյրութում: Իսկ Ամերիկայումՙ 1968թ. Բոստոն քաղաքում: Այնուհետեւ ընդարձակելով իր աշխարհագրությունը միությունը գրասենյակներ է ստեղծել նաեւ Կանադայում, եվրոպական ու միջինարեւելյան երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ շատ քաղաքներում: Այս տարին նույնպես բացառություն չէր: Սկիզբը Կարբի գյուղի դպրոցն էր: «Այս բարեգործական ակցիան մի փոքրիկ օգնություն է ուսուցչին այս ծանր պայմաններում: Կարեւորը գնահատված լինելն է: Սա մեզ սովորեցրեց ոչ թե օգնություն ստանալ, այլ մեզ պարտավորեցրեց ինքներս մասնակցել բարեգործական ակցիաների», ասաց դպրոցի տնօրեն Արսեն Օհանյանը : Գյուղում բերքահավաքը նոր էր ավարտվել, եւ ինչպես պարզվեց մեր զրույցից, բերքն այնքան էլ հաջող չէր եղել, եւ բոլոր ուսուցիչները միաբերան մի բան էին ասում միայն. «Օգնությունն ավելի քան տեղին էր»: Ճանապարհելիս էլ դպրոցի անձնակազմի անդամները գյուղացուն հատուկ ավանդույթով Գեւորգ Մարաշլյանին նվիրեցին թոնրի գաթա... Հաջորդ կանգառը Գյումրին էր: Այստեղի թիվ 2 ավագ դպրոցում նույնպես գրկաբաց դիմավորեցին հյուրերին: Բոլորն էլ երջանիկ էին, սակայն ինչպես իրենք էին հավաստիացնում, երջանկության պատճառը գումարը չէ. «Մենք ոչ թե դրամի համար ենք ուրախանում, այլ նրա, որ այս մշակույթն արդեն գեղեցիկ ավանդույթի է վերածվել: Ընդհանրապես ուսուցիչը միշտ ուրախ է իր գործերով, քանի որ երբ դասարան ես մտնում, մոռանում ես աշխատավարձի ու մյուս հոգսերի մասին եւ ստանում ես հզոր էներգիա»,- ասաց պատմության ուսուցչուհի Էմմա Ալեքսանյանը: Իսկ դպրոցի ամենափորձառու մանկավարժ, դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Դավթյանն ասաց, որ ամեն պարագայում թեկուզ չնչին օգնությունը միշտ քաջալերում է ուսուցչին: Նրան շատ բան պետք չէ: Մի փոքր ուշադրություն, եւ ուսուցիչն անմնացորդ նվիրվում է իր գործին: Դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը մասնավորապես նշեց. «Եթե անհատական ասպեկտից նայենք, օգնությունը թվում է չնչին, իսկ եթե գլոբալ առումով, ապա այսօր մոտ 80 ընտանիքում լուծվեց մի փոքր հարց»: Եվ վերջին կայարանը Ստեփանավանն էր: Այս դպրոցի պատմությունն ավելի քան հուզիչ էր: Դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը , երբ վերհիշում էր դպրոցի ստեղծման պատմությունը, արցունքները չկարողացավ զսպել. «Հիշում եմ, երկրաշարժից հետո դասերն անցկացնում էինք տնակներում, որտեղ ոչինչ չկար: Աշխատում էինք առանց աշխատավարձի: Իսկ հիմա ես երջանիկ եմ, երբ տեսնում եմ այս բարեկարգ դպրոցը»: Իսկ ի՞նչ են ուսուցչի համար նմանատիպ բարեգործական ակցիաները. «Մանկավարժը զգում է, որ գնահատվում է իր աշխատանքը. այնքան ֆինանսական օգնությունը չէՙ որքան բարոյականը»: Սակայն բոլոր երեք դպրոցներում էլ ուսուցիչները փաստում են, որ պետական որեւէ նմանատիպ օգնություն երբեք չեն ստացել, եւ կցանկանային, որպեսզի նման ակցիաներ կազմակերպվեին նաեւ հենց պետական մակարդակով: Իսկ Երեւանի ու Բերձորի դպրոցների դրամաշնորհները կլինեն մոտ օրերս: |