RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1380, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ԿՈՄԻՏԱՍ ՌԱԴԻՈԺԱՄ»ՙ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ

ՆԱԻՐ ՅԱՆ

1935 թվականին Ուրուգվայում հիմնադրվել է «Կոմիտաս ռադիոժամը», որը Սփյուռքի հայկական առաջին ռադիոհաղորդումն է:

Մեծ եղեռնից փրկված 12 հայեր, ապաստանելով Ուրուգվայում, համախմբվում եւ ստեղծում են ռադիոհաղորդում, որը հեռարձակվում է հայերեն եւ տեղաբնակների լեզվովՙ իսպաներեն: 80 տարի շարունակ «Կոմիտաս ռադիոժամը» մյուս հռչակավոր «Արմենիա» ռադիոկայանի հետ եղել է ոչ միայն Ուրուգվայի, այլեւ առհասարակ Լատինական Ամերիկայի հայությանը համախմբող տանիք: Այստեղ հյուրընկալվել են Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից Ուրուգվայ ժամանած հայերՙ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, զանազան կառույցներՙ ՀՕՖ-ը, ՀՕՄ-ը, Համազգային կրթական եւ մշակութային միությունը, Հայ դատի հանձնաժողովը: Կոմիտասի անունը խորհրդանշական դեր է կատարելՙ եւ՛ արթուն է պահել հայության պահանջատիրական ձգտումները, եւ՛ ոգեկոչել Մեծ եղեռնի նահատակների հիշատակը, եւ՛ ծառայելՙ իբրեւ հայապահպան քարոզչության հարթակ:

«Կոմիտաս ռադիոժամի» հեղինակներն ու տնօրենները պարբերաբար փոխվել են, սակայն հաղորդաշարը մշտապես նույն նպատակն ու սկզբունքներն է ունեցելՙ հեռարձակել հաղորդումներ հայոց լեզվով, երկուշաբթիից մինչեւ ուրբաթՙ 5 օր, հեռարձակումներն սկսել Կոմիտասի երգերով, այնուհետեւ անդրադառնալ հայ կյանքի տարբեր ոլորտներինՙ քաղաքականությունից մինչեւ առօրեական անցուդարձ: Հասկանալի է, որ հաղորդաշարը ջանացել է օրվա մեջ թեկուզ մեկ ժամ հնչեցնել հայոց լեզուն, մշտարթուն պահել օտարության մեջ ապրող հայերի հոգեւոր կապը հայրենիքի հետ, անընդհատ շոշափել հայության զարկերակը եւ հային կառչած պահել իր արմատներին, լեզվին, ինքնությանը: Հաղորդաշարի ընթացքում մշտապես արծարծվել են Հայ դատին վերաբերող խնդիրներ: «Կոմիտաս հաղորդաշարը» Լատինական Ամերիկայում հայության պաշտոնական ձայնն է արդեն 80 տարի:

«Կոմիտաս ռադիոժամի» տնօրեն Կարո Հեքիմյանը Ուրուգվայում ապրող մոտ 5 տասնյակ հայերի հետ Հայաստանում է: Նրանք հայրենիք են եկել, որպեսզի հանդիսավորությամբ նշեն հաղորդաշարի ստեղծման 80 ամյակը: Հոբելյանը կնշեն նաեւ Ուրուգվայումՙ աշնանը: Ռադիոհաղորդաշարի ղեկավարը նշում է, որ հայկական հաղորդումները մեծ համարում ունեն Ուրուգվայում: Հատկապես հայկական երգերը, Կոմիտասի ստեղծագործություններն են շատ հավանում տեղաբնակները: «Տխուր են ձեր երգերը, տխուր է ձեր պատմությունը, բայց դուք լավ ժողովուրդ եք»,- ասում են ուրուգվայցիները հայերին:

«Կոմիտաս ռադիոժամը» իսպանախոսներին նաեւ ծանոթացնում է հայ մշակույթին ու պատմությանը, անդրադառնում Հայոց ցեղասպանության փաստին: Ուրուգվայի հայերը վստահ են, որ «Կոմիտաս ռադիոժամը» կարեւոր դեր է ունեցել Ուրուգվայում հասարակական կարծիքի ձեւավորման հարցում. ուրուգվայցիները հայամետ են եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Պատահական չէ, որ Մեծ եղեռնը ճանաչած առաջին պետությունը հենց Ուրուգվայն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ