RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1650, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑՉԻՍ` ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՏԻԿՅԱՆ

Դեռեւս 1920թ., զգալով ապագայում թուրք-թաթարական նոր հայրենիք ձեռք բերած հորդաների ակնկալիքները, սոցիալիստական, եղբայրական գաղափարների ազդեցությունից հեռանալով, թերեւս հիշելով գերված ծննդավայր Շուշին, անդրադարձար «Վիճելի երկրամասերի» խնդրին: Դա առաջին ահազանգն էր, որը դժբախտաբար արձագանք չունեցավ ու կենդանացավ միայն 1965-1988թթ.: Բայց հուշերի արանքում, ծածուկ ու գաղտնագրի իմաստով գրված մտքերդ ուղեկցեցին քեզ ողջ կյանքիդ ընթացքում:

Ինչպես էիր հրճվում ու հպարտանում, երբ Շուշիից թթի օղի ու գինի էիր ստանում: Հոտոտում էիր շշերը, վայելք ապրում, աչքերդ շաղակալվում էին, վերապրումները կենդանացած շարվում էին կողքիդ, կարծես արթնանում էիր: Վիճակդ զգալով, տիկին Այծեմնիկը ասում էր. «Բեր ես էլ հոտոտեմ...»: Շիշը պարզում էիր տիկնոջդ ու ծնոտիդ հենարան դարձրած ձեռքդ անշարժացնելով` սպասում արձագանքի:

- Այդ բույրը միայն ես կարող եմ զգալ, Այծեմնիկ...

Այդպես ապրեցիր, ապրեցիր ժամանակի այն հովերով, որ նոր գաղափարախոսությունը ազատություն ու անկախություն կբերի հարազատ ժողովրդիդ... Սակայն այլ էին այդ շարժման ղեկավարների ծրագրերը: Քո սերնդակիցներից շատերը զգացին այդ եւ վաստակեցին «սպեցիֆիկ» որակումն ու քարավան կազմած ուղեւորվեցին սիբիրյան ճամբարներ...

Այսօր կլրանար քո ծննդյան 115-ամյակը: 13 օր ապրեցիր որպես 83 տարեկան, երազում էիր 85-ամյակիդ նվեր մատուցել հայոց պատմագիտությանը եւ լույս աշխարհ բերել վերջին կոթողային` «Ուրվագծեր 19-րդ դարի երկրորդ կեսի արեւելահայ հասարակական-քաղաքական մտքի պատմության», 1970թ. ավարտած աշխատությունդ, բայց նախանձն ու բանսարկուների, «քննադատների» խմբակը կարողացավ կասեցնել գրքի հրատարակումը: Նույնիսկ աշակերտիդ` Անաստաս Միկոյանի միջամտությունը չկարողացավ ճեղքել վայ գիտնականների կառուցած պատնեշը:

Հպարտորեն տարար հարվածը, գոհացար ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի ընդունելությամբ եւ սպասում էիր...

1965թ. տպագրվեց եւ 1969թ. վերահրատարակվեց Հ.Թուրշյանի «Սարդարապատի հերոսամարտը» գիրքը: Համաձայնվեցիր գրել առաջաբանը: Գրքի տպագրությանը արձագանքեց Սիմոն Վրացյանը, «պատմաշինարար» անվանեց քեզ, բայց չդժգոհեցիր...

1969թ. քո նախաձեռնությամբ, քանի որ ՀԱԱ Պատմության ինստիտուտն ասպիրանտական տեղ չէր հատկացրել, աշխատանքի անցա Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Լուսահոգի, մեղմ ու բարեհամբյուր իմ դասախոսը, կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը, ընդառաջելով հայրենիք հրավիրված սփյուռքահայ ուսուցիչների խնդրանքին, ինձ հանձնարարեց նրանց ուղեկցել Սարդարապատ: Լսելով այդ մասին, ցանկություն հայտնեցիր մասնակցել շրջագայությանը:

Հուշարձանը դիտելուց հետո, խմբի անդամների համար բացատրական դասախոսություն կարդացիր: Խմբի պատմության ուսուցիչներից մեկը, որ քաջածանոթ էր աշխատություններիդ, համարձակորեն հարցրեց` «Ինչպե՞ս ընդունեցիք քննադատությունն ու վիրավորանքը»: Քեզ հատուկ բարակ ժպիտ խաղաց աչքերիդ մեջ եւ պատասխանեցիր. «Եթե ճանաչում եք նրան (Ս.Վրացյանին - Հ.Զ.), ողջույններս հաղորդեք եւ հայտնեք, որ վիրավորված չեմ»:

Փոքր դադարից հետո, շրջվեցիր իմ կողմն ուՙ «Ձեր ուղեկցողը իմ աշակերտն է դառնալու: Նա եւս դեմ էր, որ այդ գրքի առաջաբանը գրեմ: Ես գիտեի, թերություններով, պատմական անճշտություններով գիրք էր, բայց եթե ես չգրեի առաջաբանը, գիրքը չէր տպագրվի եւ ժողովուրդը չէր իմանա հերոսական այդ ճակատամարտի մասին...»:

Գաղտնիքը բացահայտված էր: Համբավը, հեղինակությունը մի կողմ դրած, ինքնազոհաբերման ճանապարհով տպագրվեց Հայոց պատմության ամենաճակատագրական իրադարձությունը հանրահռչակող գիրքը: Սա մեծագույն քայլ էր մի խոշոր անհատականության կողմից, որը վայելում էր միայն պատկառանք ու անթաքույց հարգանք:

Սիրում էիր լսել Լուսինե Զաքարյանին, ոչ մի համերգ բաց չէր թողնում: Նստում էիր առաջին շարքում, թեքվում դեպի բեմը եւ ականջդ ուղղելով երգչուհուն, վայելում այնքան կարոտակեզ երաժշտությունը: Համերգից հետո լուռ քայլում էիր: Հետո բարձրացնում էիր աչքերդ ուՙ «Տես հոգեւոր երգը ինչ ուժ ունի, բոլորը հմայված են, բոլորը ինքնաճանաչում են ապրում...»:

Գորովալից ու քնքույշ փարվում, շոյում էիր Զվարթնոցի քարերը, մաքրում փոշին, գլուխդ առնում ափերի մեջ ու երկար լռում, հետո ինչ-որ բան էիր փնտրում, զարդանախշերի հետ զրուցում, իսկ հեռանալիս շրջվում էիր, խաչակնքվում, մտքում «Տերունական» աղոթքը շշնջում ու օրվա պարգեւած հմայքը գրկած, ծաղկեփնջով մտնում տուն...

Այսօր հանդիպելու ենք: Պատրաստ եմ հանդիմանանքներդ լսելու: Համարձակվել եմ գաղտնիքներիդ մի փոքր, փոքր հատվածները բացահայտել: Ներիր, չէի կարող չհիշել դրանք, քանզի քեզ հետ կապված հուշերի բեռը այնքան հաճելի պահեր են պարգեւում: Հույսով եմ, որ ներելու ես ինձ, որովհետեւ վաստակներիդ մասին ոչինչ չգրեցի, չգրեցիՙ որովհետեւ չէիր սիրում մեծարանքի արարողություններ, հանդիպումների գնալիս պահանջում էիր «գեներալի ընդունելություն» չկազմակերպել:

Հավատարիմ պատգամիդ, պարզապես զրուցեցինք...

Գիտեիր իմ գալու ժամը, ինքդ էիր բացում դուռը: Այսօր, երբ բացես դուռը, 115 տարեկան իմ ուսուցչինՙ քե՛զ, բարձրաձայն եմ բարեւելու, աշխարհլսու գոռալու եմ. «Բարի լո՜ւյս, Աշոտ Գարեգինի...»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ