RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1366, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՆՈՎՈՌՈՍԻԱ» ՆԱԽԱԳԻԾԸ ՍԱՌԵՑՎԵԼ Է

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ սառեցվում է «Նովոռոսիա» նախագիծը (ըստ որի պետք է միավորվեին Ուկրաինայի անկախամետ մի քանի շրջաններ) եւ փակվում են համապատասխան քաղաքական տեխնոլոգիական կառույցները:

«Նովոռոսիա» շարժման նախագահ Օլեգ Ցարյովը հայտարարել է, որ սառեցման պատճառն այն է, որ «Նովոռոսիայի» կառույցների գործունեությունը չի համապատասխանում «Նորմանդական քառյակի» երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված խաղաղ կարգավորման ծրագրին: Սոցիալական ցանցերում նա նշել է, որ Նովոռոսիայի միացյալ խորհրդարանի գործունեությունը սառեցվել է, քանի որ «դրա գոյությունը ներհակ է մինսկյան համաձայնություններին»: Խորհրդարանի պաշտոնական կայքէջի սպասարկումը դադարեցված է:

Ինքնահռչակ ԴԺՀ արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը խոստովանել է, որ Ուկրաինայի հարավում եւ արեւելքում Կիեւի իշխանությունները հաջողության են հասել ռուսամետ տրամադրությունների ճնշման գործում: Նրա խոսքերով, «Նովոռոսիա» նախագիծը փակված է, քանի որ պաշտոնական Կիեւը հաջողությամբ ճնշել է դրա կողմնակիցներին Օդեսայում եւ Խարկովում:

Կոֆմանը իր ֆեյսբուքյան կայքէջում հայտնում է, որ Օդեսայում սպանվեցին չորս տասնյակ ակտիվիստներ, շատերը ձերբակալվեցին Խարկովում, ուստի «Նովոռոսիա» նախագիծը սառեցվում է մինչեւ որ այդ տարածաշրջաններում աճի նոր քաղաքական ընտրախավ, որը կկարողանա գլխավորել շարժումը:

«Գազետա.ռու» էլեկտրոնային հրատարակությանը տված հարցազրույցում Կոֆմանը մանրամասնել է, որ իր հայտարարությունը չի վերաբերում ԼԺՀ-ին եւ ԴԺՀ-ին: «Եթե Խարկովի, Դնեպրոպետրովսկի եւ Օդեսայի բնակիչները կարծում են, թե Դոնեցկի հանրապետությունը պետք է գա եւ իրենց ազատագրի խունտայի ճնշումից, իսկ իրենք ոչինչ չեն անելու, ապա սխալվում են: Մենք իրավունք չունենք որոշելու նրանց փոխարեն», ավելացրել է Կոֆմանը:

Ինչու չհաջողվեց «Նովոռոսիան»

ԴԺՀ-ում ազդեցիկ պաշտոնյաներից մեկը «Գազետա.ռու»-ի թղթակցի հետ զրուցելիս այն միտքն է հայտնել, թե «Նովոռոսիա» անվան տակ Ուկրաինայի մի քանի տարածաշրջան միավորելու ծրագիրը վերահսկողությունից դուրս էր եկել արդեն 2014 թ. մայիսի 11-ին: Այդ օրը ինքնորոշման հանրաքվե կայացավ ոչ թե 8 տարածաշրջանում, ինչպես սպասվում էր, այլ միայն Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետություններում:

Հանրաքվե չկայացավ նաեւ Դոնեցկի մարզի Պերչոտրավայի շրջանում եւ առհասարակ տեղական իշխանությունների գործարարների, ուկրաինացի ազգայնականների կազմակերպված դիմադրության վայրերում: Խարկովում ձերբակալվեցին 60 ակտիվիստներ: Դնեպրոպետրովսկում Իգոր Կոլոմոյսկու վարչակազմը փոխըմբռնման եւ հաշտության համաձայնագիր ստորագրեց քաղաքի բոլոր հասարակական կազմակերպությունների հետ եւ ուկրաինամետ ուժերի խոշոր հանրահավաքներ կազմակերպեց:

Աշխարհազորայիններից մեկի խոսքերով, Ուկրաինայի հարավ-արեւելքում, օրինակՙ Մարիուպոլում, ռուսամետ ընդհատակի ներուժը պահպանվում է, սակայն Մոսկվայից վաղուց արդեն կենտրոնացված օգնություն չի ստացվում:

Քաղտեխնոլոգիական նախագծի ծաղկումն ու վախճանը

«Նովոռոսիա» նախագծի հեղինակները հույսները չէին կորցնում նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ ուկրաինական ուժերը կանխել են խռովությունները բոլոր տարածաշրջաններում, բացի Դոնեցկից եւ Լուգանսկից: 2014 թ. մայիսի 24-ին Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Օդեսայի, Լուգանսկի, Նիկոլաեւսկի, Խարկովի, Խերսոնի պատվիրակները (հրամանատարներ, պատգամավորներ, ակտիվիստներ) հավաքվեցին Դոնեցկում, որպեսզի հանդիսավոր պայմաններում կատարեն «Նովոռոսիայի ժողովրդական ճակատի» բացումը: Նաեւ ստեղծվեց Նովոռոսիայի միացյալ խորհրդարան, որի նախագահը դարձավ անջատականներին բացահայտորեն միացած ուկրաինացի ժողպատգամավոր Օլեգ Ցարյովը: Խորհրդարանի կազմում էին ԴԺՀ ապագա ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն եւ ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինը:

Հետագայում նրանք հանդես եկան քաղաքական ուրիշ ծրագրերով: Մոսկվայում կարեւորեցին տեղական ընտրախավերը, իսկ դնեպրոպետրովսկյան կլանի ներկայացուցիչ Ցարյովը դարձավ ավելորդ. նա մշտապես ընկալվում էր որպես ուկրաինացի քաղաքական գործիչ: 2014 թ. օգոստոսին Ցարյովի «շնորհազրկումից» հետո «Նովոռոսիայի ժողովրդական ճակատը» լքեցին բազմաթիվ համանախագահներ:

2014 թ. նոյեմբերի 2-ին ԼԺՀ-ում եւ ԴԺՀ-ում անցկացված ընտրություններից հետո Միացյալ խորհրդարանի կառուցվածքը դարձավ անարդյունավետ: Խորհրդարանը եւ մյուս համանման նախագծերը փակվեցին:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Մինսկում ձեռք բերված համաձայնություններից «Նովոռոսիա» նախագիծն իմաստազրկվեց: Ծագեց հակառակ խնդիրըՙ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ինտեգրել Ուկրաինային, այլ ոչ թե մեծացնել անջատականներին ենթակա տարածքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ