RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 4527, Տպվել է` 554, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆՆՈՐՄԱԼ ԲԱՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հարցի ձեւակերպումը երբեմն ավելի կարեւոր է, քան պատասխանը: Մանավանդ երբ հարցը սովորական չէ, հանրաքվեի է: Օրինակ, եթե մեր երկրում հանրաքվե լինի հետեւյալ հարցովՙ «Ո՞ր կուսակցությանը կցանկանայիք այլեւս չտեսնել իշխանության», եւ եթե հանրաքվեին հանգուցյալները չմասնակցեն, ապա ամենայն հավանականությամբ «կհաղթի» ՀՀԿ-ն, ինչպես միշտ է հաղթում: Բայց եթե հանրաքվեի հարցը լինի հետեւյալըՙ «Ո՞ր կուսակցությանը կցանկանայիք անդամակցել», ապա կրկին կհաղթի ՀՀԿ-ն: Պարադո՞քս է, ամենեւին, համենայնդեպս, եթե անգամ պարադոքս է, ապա մենք ապրում ենք պարադոքսալ իրականության մեջ, որտեղ բոլորը դժգոհ են իշխանությունից, բայց յուրաքանչյուրն ուզում է իշխանության կազմում լինել: Առհասարակ իշխանության կազմում լինելու ցանկությունը նորմալ է, բայց քանի որ այս հոդվածն աննորմալ բաների մասին է, խոսենք սեպտեմբերի 18-ին Հանրապետության որոշ համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններից, մանավանդ որ ՏԻՄ ընտրությունների ամենահետաքրքրական մասը դեռ առջեւում է:

Ինչպես գիտենք, այդ ընտրություններում ամեն տեղ չէ, որ ՀՀԿ-ն հաղթեց, չնայած ամեն տեղ ՀՀԿ-ն մասնակցում էր: Օրինակ Ուջանում պարտվեց (ՀՅԴ-ին), Նոր կյանքում պարտվեց (Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ին), բայց սրանք իրական պարտություններն են, այնինչ եղել են նաեւ թվացյալ պարտություններ: Մի շարք համայնքներում, որտեղ համայնքապետ է ընտրվել անկուսակցական, իսկ նման դեպքեր անցած ընտրություններում շատ գրանցվեց, օրինակՙ Աշտարակ քաղաքում, արդեն ընտրված համայնքապետերից շատերը, ինչպես տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՙ «համալրել են Հանրապետական կուսակցության շարքերը»: Այսինքն, մարդիկ, դժգոհ լինելով իշխանություններից, գնացել են իրենց գյուղի, քաղաքի ղեկավարի ընտրությանը, փորձելով եւ ճիշտ անելով սկզբի համար տեղական իշխանափոխություն անել, ինչը նրանց մոտ դե յուրե ստացվել է, բայց իրականում, ընտրվածներից շատերը խաբել են իրենց համայնքի բնակիչներինՙ այն պահից, երբ համալրեն են ՀՀԿ-ի շարքերը: Ոչ թե որովհետեւ ՀՀԿ-ն անտանելի վատ կուսակցություն է, այլ քանի որ համայնքն իր պետին ընտրել է մեծ մասամբ առաջնորդվելով այն հանգամանքով, որ վերջինս հանրապետական չէ, անկուսակցական է, եթե իմանարՙ գուցե չընտրեր: Ճիշտ է, ընտրություններից առաջ ՀՀԿ-ից հայտարարեցին, որ որոշ տեղերում ՀՀԿ-ն ոչ թե իր թեկնածուն կունենա, այլ կսատարի անկուսակցական թեկնածուներից մեկին (կրկին ստացվում է, որ թեկնածու ունի), որը, հասկանալի էՙ «լավագույնս կկարողանա ներկայացնել եւ լուծում տալ համայնքի առջեւ ծառացած խնդիրները», եւ տվյալ համայնքներում բնակիչներն, անշուշտ, իրազեկված էին, որ իրենց անկուսակցական թեկնածուն ունի ՀՀԿ-ի աջակցությունը, բայց եղել են եւ շատ են եղել անկուսակցականներ, որոնց ՀՀԿ-ն չի սատարել, բայց որոնք ընտրվելուց հետո անդամակցել են ՀՀԿ-ին:

Սաՙ ինչ վերաբերում է աննորմալ բաներին: Բայց այս պատմությունը մի շատ նորմալ նրբություն ունի: Այն բոլոր շրջաններում, որտեղ ընտրված անկուսակցականը հետագայում անդամակցել է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն վախենում է, իսկ քանի որ ՀՀԿ-ն ամենաշատը վախենում է իշխանությունը կորցնելուց, ուրեմն վախեցել են չընտրվելուց: Դրա համար էլ դիմել են անկուսակցականների օգնությանը, նրանց փակ եւ գաղտնի օժանդակություն են ցուցաբերել (գուցե ոչ էական նշանակություն ունեցած), որպեսզի նա հաղթի բաց եւ թափանցիկ ընտրություններում: Ժողովրդավարությո՞ւն է, սկզբունքորեն այո, նորմա՞լ է, որ ՀՀԿ-ն վախենում է չընտրվելուց, բնականաբար այո: Իսկ նորմա՞լ է, որ ՀՀԿ-նՙ Գյումրու գլխավորությամբ մեր մի շարք քաղաք-գյուղերում ամաչում է սեփական անունից... Մի շտապեք պատասխանել այո, քանի որ հաջորդը պետք է հարցնեմ, թե ո՞ր կուսակցությանը կցանկանայիք անդամակցել...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ