RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3187, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒԼԵՆ. «ԷՐԴՈՂԱՆՆ ԷՐ ԾՐԱԳՐԵԼ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ»

Պ. Ք.

Իսլամական «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը գերմանական Die Welt թերթի թղթակցի հետ զրուցելիս Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ այն պնդումն է արել, թե խռովության կազմակերպիչը հենց Էրդողանն է:

Անկարան Գյուլենին համարում է ահաբեկիչ եւ պետության թշնամի: Նա 1999 թվականին տեղափոխվել է ԱՄՆ: Իր շարժմանը եւ Թուրքիայում իրեն սպասող տխուր ճակատագրին վերաբերող հարցին ի պատասխան Գյուլենը նշել է, որ «Հիզմեթը» մի քանի տասնամյակ առաջ ձեւավորվել է «ընդհանուր գաղափարներով միավորված մարդկանց խմբակից»: Նրանք ծրագրել էին պայքարել աղքատության եւ անհանդուրժողության դեմ, ինչպես նաեւ նպաստել կրթության մակարդակի բարձրացմանը: 1990 թ. շարժման ակտիվիստները սկսեցին դպրոցներ հիմնել Թուրքիայից դուրս: Այսօր շարժումը գործում է 170 երկրում: «Թեեւ Թուրքիայում «Հիզմեթի» դեմ «վհուկորս» է ծավալվել, շարժումը Աստծո օգնությամբ շարունակում է բարգավաճել համայն աշխարհում», ասում է Ֆեթուլլահ Գյուլենը: Նրա խոսքերովՙ շարժման անդամները հալածվում են, քանի որ «ունեն սկզբունքներ, բարոյագիտություն եւ արժեքներ»: Գյուլենականների տները խուզարկում են, ունեցվածքը բռնագրավում, բանտ նստեցնում: «Նույնիսկ այդ անտանելի պայմաններում էլ նրանք զենք չեն վերցնում», ասել է Գյուլենը Die Welt-ին:

Նա ավելացրել է, որ ինքը ԱՄՆ-ում հանգիստ է գտել, բայց շատ է կարոտում Թուրքիան եւ կուզենար վերադառնալ հայրենիք եւ անպայման թաղվել այնտեղ:

Գյուլենը պնդում է, թե երբեւէ աջակցություն չի ստացել ԱՄՆ իշխանություններից կամ հատուկ ծառայություններից: «Պարոն Էրդողանը եւ ԶԼՄ-ներում իր խոսափողը զրպարտություն են տարածում իմ մասին», ասել է նա: Թուրքիայում հուլիսյան խռովության կազմակերպման կապակցությամբ իրեն հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան Գյուլենն ասել է. «Եթե դրան մասնակցել են ինձ ճանաչող մարդիկ, ուրեմն նրանք դավաճանել են թե՛ իշխանությանը եւ թե՛ իմ սկզբունքներին: Ես կոչ եմ անում ստեղծել միջազգային հանձնաժողով, որը կքններ պետհեղաշրջման փորձի հանգամանքները եւ կօգներ պարզել, թե ով է այն կազմակերպել եւ ովքեր են մասնակցել: Թուրքիայի իշխանությունները որեւէ ձեւով չեն արձագանքել իմ առաջարկությանը»:

«Վերջերս կուտակվել են բազմաթիվ ապացույցներ, որ Էրդողանը կարող էր ինքը բեմականացրած լինել խռովության փորձը, որպեսզի հնարավորություն ստանար ընդլայնելու սեփական իշխանությունը: Արդեն հաջորդ օրը հեռացվեցին հազարավոր մարդիկ, նրանցից շատերը ձերբակալվեցին. նախարարությունների պաշտոնյաներ, զինվորականներ, ոստիկաններ, դատական ատյանների աշխատակիցներ, փաստաբաններ, գործարարներ, կանայք եւ երեխաներ: Իշխանությունը դա ծրագրել էր մի քանի տարի: Էրդողանը պարզապես սպասում էր հարմար պահի», շարունակել է Գյուլենը:

«Միջազգային իրավունքը բավարար չէ նման մարդկանց կանգնեցնելու համար: Եվ միայն Եվրոմիությունը, ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն կարող են նրանց ստիպել հարգելու կանոններն ու սահմանադրությունը: Առանց միջազգային ճնշման նրանք չեն հրաժարվի այն բանից, ինչին արդեն հասել են: Թուրքիան ուներ ժողովրդավարության փորձ: Հիմա մենք գրեթե կորցրել ենք այն. չկա ո՛չ ընդդիմություն, ո՛չ էլ ազատորեն արտահայտվող այլընտրական տեսակետ», եզրակացրել է Ֆեթուլլահ Գյուլենը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ