ԹՈՒՐՔԻԱ. ՄԱՄՈՒԼԸ ՄԱՀՎԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Հարցազրույցը վարեցՙ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, France-Arme՛nie, octobre 2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. Հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական մամուլը հայտնվել է ծանր կացության մեջ: Անկախ լրագրող, Birgun թերթի փարիզյան թղթակից Դեֆնե Գյուրսոյն այդ մասին է պատմում «Ֆրանս-Արմենի» հանդեսին տված հարցազրույցում:
- Հայկական սփյուռքից դիտելիս թուրքական մամուլը կարող է միակերպ թվալ, մինչդեռ այն ունի մի շարք ուղղություններ (ազատական, իսլամական-պահպանողական, ձախական, քեմալական, աջ ազգայնական եւ այլն): Մամուլն ինչպիսի՞ վիճակում էր հուլիսի 15-ի անհաջող հեղաշրջման նախօրեին: - Հայոց ցեղասպանության եւ (կամ) դրա ժխտման հարցում այդ միակերպությունը հուլիսի 15-ից հետո փաստորեն չի փոխվել: Թեեւ վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ տվյալ թեման ընդհանուր առմամբ պակաս արգելված է, տպագիր մամուլը եւ մյուս լրատվամիջոցները նախնըտրել են այս հարցն արծարծելիս պահպանել որոշ զգուշավորություն, բացառությամբ Radikal, Birgun, Taraf օրաթերթերի եւ քրդամետ մամուլի: Իրենց հերթին գյուլենական ԶԼՄ-ների, մասնավորապես Zaman-ի որոշ աշխատակիցներ Ցեղասպանության վերաբերյալ հրապարակում էին պատահական սյունակագիրների հոդվածներՙ Ցեղասպանության ճանաչումը չներառելով խմբագրության քաղաքականության մեջ: Նույնը կարելի է ասել Cumhuriyet օրաթերթի մասին: Ինչ վերաբերում է կառավարող AKP-ի իշխանությանն ընդդիմացող խմբագրություններին, վիճակը բարդացավ հուլիսի 15-ից հետո, քանի որ Էրդողանին եւ ամեն օր պարտադրվող նրա եզակի մտածողությանը դեռեւս դիմադրող լրատվամիջոցներն աստիճանաբար անհետանում են: Խռովությունից հետո փակվել է 131 լրատվամիջոց, այդ թվում 45 թերթ եւ 16 հեռուստաալիք: Այսօրվա Թուրքիայում լրագրությունը դարձել է ամենավտանգավոր մասնագիտություններից մեկը: Երկիրը աշխարհի ռեկորդակիրն է բանտարկված լրագրողների թվով (վերջին տվյալներովՙ 115): Հուլիսի 15-ից ի վեր ազգայնական քարոզչությունը չափազանց անզուսպ է: Դրանով զբաղվում են ոչ միայն իշխանամետ լրատվամիջոցները, այլեւ իշխանություններին ի վերջո միացած բոլոր ԶԼՄ-ները: Եվ դրանք են, որ Ֆեթուլլահ Գյուլենին անվանում են հայ կամ հրեա: Սանձազերծվել են ժխտողականությունը, հրեատյացությունը եւ գերազգայնականությունը: - Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է վերաբերվել օրերս Zaman France շաբաթաթերթին, նկատի ունենալով, որ այն Անկարայի պետական ժխտողականության «հաղորդափոկերից» մեկն էր: - Ըստ իս, հուլիսի 15-ին հաջորդած զտումները շատ ավելի մտահոգիչ են մտավորականների եւ լրագրողների համար, որոնք կալանավորվեցին կամ բանտարկվեցին պարզապես քրդամետ Ozgur Gundem օրաթերթին աջակցելու կամ նախագահի միահեծանությանն ընդդիմանալու համար: Օրինակ, մտածում եմ մտավորականներ Ասլի Էրդողանի, Ահմեդ Ալթանի, Նեջմիե Ալփայի եւ շատ ուրիշների մասին: Ահաբեկումը չի սահմանափակվում բանտարկություններով եւ դատական հետապնդումներով: Մի շարք ակադեմիկոսների եւ լրագրողների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների ապագան պարզապես անորոշ է: Այսօր-վաղը ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել: Եվ այդ պարտադրված անորոշությունը հոգեբանական կտտանքի համարժեքն է: Ինչ վերաբերում է Zaman-ին եւ Zaman France-ին, նախ հարկավոր է ավելի լավ հասկանալ, թե ինչ է ներկայացնում գյուլենականների համայնքը եւ վերջին երեսուն տարիներին ինչպիսի զարգացում է ապրել Թուրքիայում, 1990-ականներից ի վեր ամերիկյան իր տարագրավայրից Գյուլենի տարածած «քարոզները» լուսավորյալ իսլամի հետք անգամ չէին կրում: Առկա էին կնատյացության, հակաաշխարհիկության եւ խավարամոլության տարրեր, որոնք մոտ էին սալաֆյան եւ վահաբյան իսլամին: Ճիշտ է, նրա խոսքերում չկային ջիհադի կամ շարիաթի հաստատման կոչեր: Այն ժամանակ Թուրքիայում նրա դաշնակիցներն էին մտավորականները եւ AKP-ի հիմնադիրներըՙ Էրդողանները, Աբդուլլահ Գյուլը, Բյուլենթ Առնչը եւ այլք: Այդ դաշինքը 2002-ին ընդգծեց AKP-ի իշխանության գլուխ անցնելը, եւ մեր հիշողության մեջ դեռ թարմ են իր սիրելի իմամի ձեռքերը համբուրող Էրդողանի պատկերները: Նրանց վեճը սկիզբ առավ 2014-ին, երբ իմամը եւ սուլթանը բախվեցին հույժ շահութաբեր մի շարք առեւտրային ոլորտների բաժանմանը. խոսքը հատկապես համալսարանի եւ ինստիտուտների ընդունելության նախապատրաստական մասնավոր դասընթացների մասին է: Սակայն տվյալ առեւտրային մրցակցությունը, անշուշտ, AKP-ի եւ գյուլենականների վեճի տեսանելի մասն էր միայն: Հաստատ է մեկ բան. դա իշխանության հետ կապված հակամարտություն էր: Գյուլենականներին հաջողվել էր թափանցել Թուրքիայի պետական մեքենայի զգայուն կենտրոններՙ դատարան, ազգային կրթության համակարգ եւ մանավանդ ուժային կառույցներ: Արդեն 1990-ականներին նրանք կարողացել էին ճեղքել բանակի շրջափակվածությունը: Նոր անդամների ընտրության սկզբունքը եւ (նաեւ արտերկրում) նրանց փայլուն կրթությանն ուղղված միջոցների հատկացումը շարժման ուժի եւ հաջողության հիմքն են: Ադ կազմակերպվածությանը գումարվում են լրատվամիջոցները (հատկապես Zaman օրաթերթը եւ Samanyolu հեռուստաաիլքը), որոնք տարածում էին տվյալ կրոնական շարժման դիրքորոշումը, որը, ի դեպ, այլեւս չպետք է համարվի քաղաքական շարժում: Եվրոպայում (եւ հատկապես Ֆրանսիայում) հանրությունը հակված է մթին ու հետադիմական խոսքեր ասող իմամի հետեւորդների խումբը համարելու Էրդողանի ֆաշիստամետ շեղման միակ զոհը: Շատերի նման ես էլ զարմացած ու շփոթված եմՙ տեսնելով, թե ինչպես Ֆեթուլլահ Գյուլենին անվանում են նույնիսկ սուֆիզմի մեծ ուսուցիչ: Իմամի եւ սուլթանի ընդհանրությունը թուրքական հասարակության իսլամացումն է, բայց մեզ առավել շատ մտահոգում է թուրքական ազգայնականության վտանգը, որը հաստատ չի փոխվել 2002-ին AKP-ի իշխանության գլուխ անցնելուց ի վեր: Այն լոկ վերածվել է սուննի ազգայնականության: Ժողովրդավարական որեւէ իդեալից զուրկ այդ հարատեւ ազգայնականության պայմաններում անհնար է հուսալ ժխտողականության վերացում եւ աշխատել երկրի մթին պատմության վրա: - Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի լսադիտողական լրատվամիջոցների եւ հատկապես Համացանցի ապագան: Արդյոք առկա՞ է քաղաքացիական հասարակության ճկունություն, թե՞ գերիշխում է ընդհանուր ճնշվածությունը: - Ինչպես արդեն ասացի, էլեկտրոնային որոշ թերթեր արդեն դարձել են այդ զտման զոհերը: Համացանցում կարծիք արտահայտող եւ ընդդիմադիր մի շարք կայքեր փակվել են: Թուրքիայում, ի դեպ, իրոք գոյություն ունի քաղաքացիական հասարակության հակազդեցությունների հապաղում, բայց դա միանգամայն հասկանալի է, քանզի ամեն մի գործողություն, հակազդեցություն, շարժում կամ բողոք սանձահարվում է, եւ գործադիր իշխանությանը դուր չեկած ամեն մի քայլի համար առկա է բանտարկության վտանգ: Բայց ես համոզված եմ, որ, ինչպես քաղաքացիական բիրտ բռնարարքների, ճնշումների, հակադեմոկրատական եւ նույնիսկ ֆաշիստամետ շեղումների մյուս ժամանակաշրջաններից հետո, այս անգամ եւս քաղաքացիական հասարակությունը կհաղթահարի դժվարությունները եւ կդառնա ավելի ուժեղ ու մարտունակ: Եվ ես նախընտրում եմ հավատալ այն ուժին, որը մոտ ապագայում վերջ կդնի Էրդողանին եւ իր սուննիական ֆաշիզմին: |