RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2016-09-16 > #035, 2016-09-23 > #036, 2016-09-30 > #037, 2016-10-07 > #038, 2016-10-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016



Տոմսակ

Տեղադրվել է` 2016-09-29 22:34:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 3278, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԻՄՈՆ ՊԵՐԵԶ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

93 տարեկանում կյանքից հեռացավ մեր ժամանակաշրջանի պետական ամենահայտնի գործիչներից մեկըՙ Իսրայելի նախկին վարչապետ եւ նախագահ Շիմոն Պերեզը: Միջին Արեւելքում, հատկապես արաբ-իսրայելյան հակամարտության ասպարեզում, ամենահայտնի, միաժամանակ ամենահակասական դեմքերից մեկը, ինչպես պայքարի այդ հորձանուտում երկար ժամանակ «լող տված» իր ոխերիմ հակառակորդներըՙ Աբդել Նասեր, Յասեր Արաֆաթ, Հաֆեզ Ասադ, նաեւՙ Քադդաֆի եւ Սադդամ Հուսեյն: Հերոս ու փրկարար իրենց ժողովուրդների, եւ անգութ թշնամիՙ հարեւան ժողովուրդների համար: Մարդիկՙ ովքեր մտել են 1948 թ.ից ի վեր այդ ամենաթեժ տարածաշրջանի, հետեւաբարՙ համաշխարհային պատմության մեջ: Փոթորկուն, պայքարներով, պատերազմներով, ահաբեկչություններով, դավադրություններով ու, միաժամանակ, խաղաղության ձգտումներով եռուն մի ժամանակաշրջան, որը դեռ շարունակվում է նոր, անօրինակ ծավալումներով: Այդ դեմքերից յուրաքանչյուրն ուներ, ինչպես Շիմոն Պերեզը, իր հակասական գործունեության սեփական հիմնավորումները, մեկըՙ իր երկրի ապահովության, մյուսըՙ իր ժողովրդի իրավունքների, տակավին մյուսըՙ տարածաշրջանային լիդերության ձգտումներով: Նրանցից յուրաքանչյուրն ուրույն իր տեսակի ու խառնվածքի, նույնիսկ հագուկապի մեջ, սակայն բոլորն իրար նմանՙ մեկը մյուսին անտիթեզը լինելու հատկանիշներով, նաեւ նմանՙ թշնամանքի ու ատելության իրենց մոլուցքով:

Նրանցից էր, թերեւս ամենավառ անհատականություններից մեկը, Շիմոն Պերեզը: Մյուսներից տարբեր իր արտաքինով, իսկական պետական գործչի իր կոճկված կերպարով, թերեւս նաեւ իր զարգացածությամբ, սակայն, միեւնույնն է, նա ամբողջացնում էր մյուսներինՙ արաբ-իսրայելական հակամարտության, ինչպես նախապես ասել եմ, բիբլիական հակամարտության պարտադրանքով:

Համենայնդեպս, նա մյուս դեմքերից տարբերվում էր եւս մի հատկանիշովՙ վարպետ էր ստեղծած իր աֆորիզմներով, որոնք անձնական փորձի, դիտելու կարողության, փիլիսոփայելու հակվածության վկայությունն են կազմում: Ահա՛ դրանցից մի քանիսըՙ հիշողությամբ վերաշարադրված.

- Միջին Արեւելքում ընդամենը երկու տեսակի երկրներ կանՙ սուրբ երկրներ եւ յուղոտ երկրներ: (Անգլերեն բառախաղՙ սուրբ-holy եւ յուղոտ կամ նավթոտ- oily բառերով):

- Աշխարհում շատ են երկրները, որոնք գետ ունեն, բայց կա մի գետՙ որ երկիր ունի: (Ակնարկում է Եգիպտոսին):

- Երկու բան չի կարելի ֆոտոխցիկի առաջ անելՙ սեռական ակտը եւ Միջին Արեւելքում խաղաղության բանակցություններ վարելը:

***

Շիմոն Պերեզի մահը խորհրդանշում է մոտ 70 տարի տեւած մի ողջ ժամանակաշրջանի ավարտը: Միաժամանակՙ սկիզբը մի նոր ժամանակաշրջանիՙ նոր Մերձավոր Արեւելքի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 30-09-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ