ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ «ԿՈՇՏ ԲՅՈՒՋԵ» 2017-Ի ԾԱԽՍԵՐԸ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Որտե՞ղ են դրանք կրճատվելու, որտե՞ղՙ ավելանալու Այն, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը գնալու էր ոչ ամբոխահաճո քայլերի, քչերի համար էր ենթադրելի: Համաշխարհային տնտեսական կացությունը եւ նրա թելադրած ազդեցությունները մեր տնտեսության վրա, նախորդ կառավարություններին հարկադրել էին գնալու սոցիալական նոր լարվածություն չստեղծելու ճանապարհով: Դրա համար, մի կողմից նոր վարկեր էին վերցնում միջազգային ֆինանսական կառույցներից, մյուս կողմից անվճռականություն ցուցաբերում անհրաժեշտ բարեփոխումներ կատարելու ուղղությամբ, քանի որ դրանք կարող էին հավելյալ սոցիալական դժգոհություն առաջացնել: Ակնհայտ է, որ նման քաղաքականությունը երկրի նախագահի պահանջն էր: Սակայն, ակնհայտ է նաեւ, որ պոպուլիստական քաղաքականությամբ հեռու չես գնա եւ գալու է ժամանակը, որպեսզի կատարվեն ցավոտ քայլեր: Հակառակ դեպքում, տնտեսական իրողությունները կստիպեն գնալ ավելի ցավոտ քայլերի, այնպես, ինչպես դա եղավ Հունաստանում մեկ-երկու տարի առաջ: Բյուջե 2017-ում եկամուտների եւ ծախսերի կրճատումը, որը թելադրված էր արտաքին պարտքը կառավարելի դարձնելու անհրաժեշտությամբ, նման քայլերից առաջինն էր: Եվ այսպես, ինչպե՞ս են փոխվելու վարչապետի բնորոշած «կոշտ բյուջե»-ի ծախսերը: Սոցիալական, հանրային ծառայություններ եւ պաշտպանությունՙ ծախսերը ավելացել են Բյուջե 2017-ի նախագծով ծախսերը նախատեսվում է կրճատվել 13 մլրդ դրամովՙ բյուջե 2016-ի համար նախատեսված ծախսերի համեմատ: Եթե նկատի ունենաք, որ այս տարի բյուջեի եկամուտները մոտ 80 մլրդ դրամով ավելի քիչ կհավաքվեն նախատեսվածից, ինչի մասին ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ապա ենթադրվում է, որ փաստացի ծախսերն էլ 90-100 մլրդ դրամով ավելի քիչ կլինեն: Եկող տարվա բյուջեի համար էլ իրատեսական է համարվել այդ նույն չափով ավելի քիչ ծախսերը: Այդուհանդերձ, երեք հիմնական ուղղություններով ծախսերն ավելանալու են: Բյուջե 2017-ի համար նախատեսված 1 տրլն 360 մլրդ դրամի ծախսերի առյուծի բաժինը, ինչպես միշտ, ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտինՙ 408 մլրդ 883 մլն դրամ: Այս տարվա 405 մլրդ 395 մլն դրամի փոխարեն սոցիալական ծախսերը եկող տարի աճելու են մոտ 3,5 մլրդ դրամով: Հիմնական ավելացումը նախատեսված է ծերության համար ծախսերումՙ մոտ 2,5 մլրդ դրամով: Ենթադրաբար, ծախսերի ավելացումն այստեղ պայմանավորված է կենսաթոշակ ստացողների թվի ավելացման հեռանկարով: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարն արդեն հայտարարել է սոցիալական առումով եւս մեկ ցավոտ եւ պարտադրված որոշմանՙ կենսաթոշակի չափի բարձրացման եկող տարի նախատեսված չլինելու մասին: Երկրորդ խոշոր ծախսային բաժնիՙ «ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների» համար ծախսերը եկող տարի կազմելու են 276 մլրդ 527 մլն դրամ կամ մոտ 15 մլրդ դրամով ավելի, քան այս տարի: Սակայն, այստեղից ավելի քան 7 մլրդ դրամով կրճատվելու են «օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ» տողով կատարվող ծախսերը, որից մոտ 1 մլրդ դրամը կրճատվելու է կոնկրետ «օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծախսերը, մոտ 5 մլրդ դրամովՙ «ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ» ծախսերը: Փոխարենը, այս տարի զգալիորեն, մոտ 20 մլրդ դրամով ավելանալու է պետական պարտքի գծով գործառնությունները, այսինքնՙ արտաքին պարտքի սպասարկումը, կազմելով 119 մլրդ դրամ: Երրորդ խոշոր ծախսային բաժինը եկող տարի նույնպես ավելանալու է: Երկրի պաշտպանության համար նախատեսված ծախսերը կազմելու են 209 մլրդ 755 մլն դրամ կամ մոտ 1,7 մլրդ դրամով ավելի այս տարվա բյուջեում պաշտպանության համար նախատեսված ծախսերի համեմատ: Առողջապահության եւ մշակույթի ծախսերըՙ անփոփոխ, «տնտեսական հարաբերություններ»-ում եւ «բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ»-ումՙ կտրուկ կրճատում Ինչ վերաբերում է մյուս ծախսային ուղղություններին, ապա եւս մեկ խոշոր ծախսային ուղղությանՙ կրթության համար նախատեսված ծախսերն եկող տարի նվազելու են մոտ 3,5 մլրդ դրամով կազմելով 128 մլրդ 719 մլն դրամ: Սակայն, հիմնական ուղղություններովՙ տարրական ընդհանուր կրթություն, միջնակարգ ընդհանուր կրթություն, բարձրագույն կրթություն ծախսերն գրեթե անփոփոխ են մնալու: Նվազելու են «կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունները»` ավելի քան 3,5 մլրդ դրամով: «Հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեության» համար նախատեսված է 101 մլրդ 764 մլն դրամի ծախսՙ նախորդ տարվանից մոտ 1,4 մլրդ դրամով ավելի, որից մոտ 1 մլրդ դրամը ոստիկանության ծախսերի ավելացմանն է ուղղվելու: Զգալիորենՙ մոտ 22 մլրդ դրամով կրճատվել է «տնտեսական հարաբերություններ» կոչվող ծախսային ուղղությունը, կազմելով 92 մլրդ 870 մլն դրամ: Մասնավորապես, մոտ 4 մլրդ դրամով կրճատվել են ոռոգման համար ծախսերը, 9 մլրդ դրամովՙ վառելիքի եւ էներգետիկայի ծախսերը, 9 մլրդ դրամովՙ տրանսպորտի ծախսերը: Առողջապահության համար նախատեսված ծախսերը չնչին չափով են նվազել եւ, ըստ էության, գրեթե մնացել են նույնը անցյալ տարվա համեմատՙ 85 մլրդ 680 մլն դրամ: Անփոփոխ են մնացել թե՛ արտահիվանդանոցային, թե՛ հիվանդանոցային ծառայությունների ծախսերը: Անփոփոխ են մնացել «հանգստի, մշակույթի եւ կրոնի» ծախսերըՙ 26 մլրդ դրամ, իսկ ահա «բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայություններ» ծախսերը կրկնակի կրճատվել ենՙ այս տարվա 26,9 մլրդ դրամի փոխարեն, եկող տարի նախատեսվելով 13,5 մլրդ դրամ: Շրջակա միջավայրի պահպանության համար ծախսերն, ընդհակառակը, ավելանալու ենՙ մոտ 4 մլրդ դրամով, որն ուղղվելու է աղբահանության ծախսերի կտրուկ ավելացմանը: Փոքր չափովՙ մոտ 300 մլն դրամով կավելանան կառավարության պահուստային ֆոնդի համար նախատեսված ծախսերըՙ կազմելով 8,3 մլրդ դրամ: Այսպիսով, բյուջե 2017-ի ծախսերի պատկերից պարզ է դառնում, որ կառավարությունն, այդուհանդերձ, պահպանել եւ որոշ դեպքերում ավելացրել է կենսական նշանակություն ունեցող ծախսերըՙ սոցիալական ոլորտ, առողջապահություն, պաշտպանություն, հասարակական կարգի պահպանում: Փոխարենը, կրճատել են այն ծախսերը, որոնք առաջնահերթ չեն, այդ թվում պետական կառավարման պահպանման ծախսերը: Միաժամանակ, դժվարության հավաքվող եկամուտների արդյունավետ եւ նպատակային ծախսման ուղղությամբ անելիքներ դեռ շատ կանՙ առաջին հերթին հենց պետական կառավարման համակարգում: |