ՀԲԸՄ-Ի ՃԱՄԲԱՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ Հ. Ծ. ՀԲԸՄ-ն հպարտությամբ հայտարարում է, որ այս տարի եւս հաջողությամբ ավարտել է տարբեր երկրներում իրականացվող իր ճամբարային գործունեությունը: Նյու Յորքի հյուսիսային մասում գտնվող Քեթսկիլ լեռների գեղատեսիլ վայրում տեղակայված «Նուբար ճամբարում» (Camp Nubar) հանգստացել եւ հրաշալի ժամանակ են անցկացրել ավելի քան 380 ճամբարականներ Հայաստանից, Ավստրալիայից, Բուլղարիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Մոնակոյից, Թաիլանդից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից եւ Մ. Նահանգներից: Իսկ այս տարվա հուլիսին Ֆրանսիայի Haute Savoie լեռներում տեղակայված «Արձակուրդային ավանում» հանգստացել են 110 ճամբարականներ Հայաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից: ՀԲԸՄ-ի Դեմիրջյան կենտրոնի ամառային ճամբարում մշակութային հետաքրքրական միջոցառումների են մասնակցել ավելի քան 190 երիտասարդներ Լիբանանից եւ այլ երկրներից: Նրանք նշել են ՀԲԸՄ-ի եւ Դեմիրջյան կենտրոնի հիմնադրման համապատասխանաբար 110 եւ 20-րդ ամյակները, ամբողջ հասույթը տրամադրելով սիրիահայերի օգնության ֆոնդին: Բուլղարահայ համայնքի համար կազմակերպված «Հայ լեռ» ճամբարում 21 երեխաներ Բուրգասից, Պլովդիվից, Վառնայից եւ Պազարչիքից Ռոդոփ լեռների գեղատեսիլ վայրում են անցկացրել իրենց ամառային հանգիստը: Իսկ «Հայ լեռ» միջազգային ամառային ճամբարում 7-ից 17 տարեկան պատանիներՙ Սոֆիայից, Ռուսից, Վիեննայից եւ ներկայիս Ավստրիայում ապաստան գտած երեք սիրիահայեր Բուլղարիայում հայկական ջերմ մթնոլորտում վայելել են բնության գեղեցկությունը: |