ՀՈՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Կամ հոգնել ենք հող տալուց, կամ էլ երբեք ոչ մեկին հող չենք տվել: Հասկանալի է, որ վերջինը չէ. հող շատ ենք տվել ու շատերին ենք տվել: Պարտվել ենքՙ տվել ենք, ստիպել ենՙ տվել ենք, բռնի տեղահանել ու ցեղասպանել ենՙ տվել ենք... Տալուց հոգնել ենք ու դա հասկանալի է բոլորիս համար, բացի... Կարծում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի՞ց, ոչ, Տեր-Պետրոսյանը միակը չէ, որ կողմ է հող տալուն, ավելինՙ Տեր-Պետրոսյանը միակ նախագահը չէ, որ կողմ է հող տալուն: Կողմ էր եւ Քոչարյանը, ով 2006-ին դեռեւս խոսում էր Ադրբեջանին 6,5 շրջան հետ վերադարձնելու հավանականության մասին, ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել այդ շրջանները հանձնելու պայմանները: Կողմ է եւ Սերժ Սարգսյանը, ով գտնում է, որ Արցախի Հանրապետության մաս հանդիսացող շրջաններից առնվազն 5-ը անվտանգության գոտի են, իսկ Աղդամը կոնկրետ մեր հայրենիքը չէ: Այնպես որ, ճիշտ չէ ասել, որ Տեր-Պետրոսյանը կողմ է հող հանձնելուն, ճիշտ է ասել, որ նախագահներից Տեր-Պետրոսյանն էլ կողմ է հող հանձնելուն: Այն պարագայում, երբ Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց մի խիստ ուշագրավ տեղեկատվություն: Ըստ այդմՙ միջազգային IPSC սոցիոլոգիական ընկերությունը Արցախում սոցհարցում է անցկացրել, պարզելու, թե կո՞ղմ են արդյոք արցախցիները հող տալուն (ի դեպ, ի՞նչ նպատակով): Պարզվել է, որ արցախցիների 99,7 տոկոսը դեմ է 7 շրջանները միանգամից Ադրբեջանին հանձնելուն, 99,4 տոկոսը դեմ է այդ շրջաններն անգամ փուլային տարբերակով Ադրբեջանին հանձնելուն, ավելինՙ 82 տոկոսը գտնում է, որ եթե Արցախին ստիպեն հող հանձնել, ապա արցախցիները պարտավոր են զենք վերցնել եւ թույլ չտալ այդ հողատվությունը: Ճիշտ է, սոցիոլոգիական հարցումն անցկացվել է այս տարվա հուլիսին, երբ ապրիլյան վերքերը դեռ թարմ էին, սակայն չեմ կարծում, որ հիմա արցախցիների դիրքորոշումը կարող է սկզբունքորեն կամ էականորեն փոխված լինել: Այնպես որ, մարդիկ իրենց հողը չեն հանձնում ու չեն հանձնելու, դուք ո՞ւմ հողն ենք հանձնում կամ խոսում հանձնելու հավանականության մասին: Ո՞վ ասաց, որ հողատվությունը խաղաղության հաստատման հիմքն է լինելու: Եթե անգամ միանգամից հանձնենք, 7-ն էլՙ իրար հետ, մեկ օրում, ու որպեսզի ամեն ինչ համապատասխանի սովորությանըՙ գիշերը: Խոսքն անգամ այն մասին չէ, որ Ադրբեջանը 7-ը ստանալուց հետո էլի է ուզելու, խոսքն այն մասին է, որ Ադրբեջանի հետ այդ մարդիկ ապրելու ենՙ կողք-կողքի, հարեւան գյուղ-քաղաքներում, պարտադրված խաղաղությամբ, ի դեպ, հողատվությունը պարտադրված խաղաղությունն է, իսկ վերջինս պարտադրանքով չի լինում, գոնե ժողովուրդների մեջ: Եւ ուրեմն, ասենք տվեցինք, հետո՞: Ո՞վ է երաշխավորում, որ արցախցին ու ադրբեջանցին խաղաղ են ապրելու, թվով որերո՞րդ նախագահը, կամ համանախագահը, կամ խաղաղապահը: Ի վերջո, եթե հողատվությունը միջպետական, միջազգային, միջժողովրդական խաղաղության հաստատման հիմք է կամ միջոց, ապա ինչո՞ւ հիմա հայերն ու թուրքերը (արեւմուտքի) խաղաղ չեն ապրում, չէ՞ որ այդքան հող ենք տվել, ինչ ուզել ենՙ տվել ենք, ինչքան ունեցել ենք, մեծ մասը տվել ենք, լավագույն մասը, երազանքի մասը, ծովից ծո՛վ մասը: Փաստորեն հողատվությունը խաղաղություն չի բերում, քանի որ բոլոր պատերազմները հողի համար են, գոնե մեծ մասը հաստատ հողի համար են եղել, մեր պատերազմները հաստատ հողի համար են եղել, բոլորը, ու մենք բացի վերջին դեպքիցՙ միշտ տվել ենք ու մենք միշտ խաղաղություն չենք ստացել, տալուց էլ, չտալուց էլ, ուրեմն ինչո՞ւ տանք: Ո՞ւմ տանք, թուրքի՞ն, որը հայկական հողերի հավաքածու ունի: Լավ, պարզ չէ՞, որ երբ մի ազգ իր հողերը շարունակաբար տալիս է մեկ այլ ժողովրդի, միշտ միեւնույնին, ամեն անգամ պնդելով, որ լավ է քիչը պահենք, քան ամբողջը կորցնենք, գալիս է մի օր, երբ այդ քիչն էլ չի լինում, տալու բան չի լինում, հողը, անգամ ամենասուրբ, մանավանդ ամենասուրբը ավարտվելու առանձնահատկություն ունի: Մի օր, երբ միշտ տալիս ես ու երբեք չես խրատվում, տեսնում ես, որ քե՛զ էլ չի մնացել: Նրանք, որոնց տվել ես, էլի են ուզում, ինչպես ցույց է տալիս պատմությունը, նրանք, ովքեր երաշխավորում էին, որ սա էլ տուր, էլ չես տա, լուռ հետեւում են այդ դարավոր հողազրկումիդ, ինչպես ցույց է տալիս նույն պատմությունը: Լավ, այսքան հող չունենք, այսքան հողատուներ որտեղի՞ց ունեցանք.... Հերիք չէ՞: Խրատվելը, հասկանալը եթե անգամ չի ստացվում, գոնե չե՞ք հոգնել այս դարավոր հողատվությունից, «հողՙ խաղաղության դիմաց» սուտ խոստումներից, անվտանգության երաշխիքներից, չարերի հետ բարիդրացնությունից, սեւին սպիտակ ասելուց, գերեզմաններըՙ լավագույն տղերքի, հեռվում թողնելուց, ու պատմական հայրենիք երազելուց: Բերեք փոխարենը տուն սարքենք: Ի՞նչն է շատ Հայաստանում, տան պահանջարկը, ի՞նչ հողեր են մեծամասնություն կազմում 7 շրջաններում, ամայի: Բերեք այդ հողերնՙ ամայի, մեզ էլ անտուն չթողնենք: Եկեք մեզ անտուն չթողնենք... Ու խաղաղվենք: |