ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՕՀԱՆՅԱՆԻ՞ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Լրատվամիջոցներից մեկը ԼՂ կարգավորման չորս տարբերակ է մատնանշելՙ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի: Ըստ այդմ, Տեր-Պետրոսյանի «պատկերացումները դիվանագիտական եւ աշխարհաքաղաքական ոլորտներում խիստ սահմանափակ են կամ էլ այս մարդը (Հայաստանի առաջին նախագահը- Վ. Ա.) ներքուստ իրատեսական չի համարում, որ ԼՂ-ն երբեւիցե կարելի է դուրս բերել Ադրբեջանի կազմից, եւ քանի որ այդպես է, ապա Հայաստանը պետք է համակերպվի Ղարաբաղի կորստի հետ, քանի որ առանց դրա եւ առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքների ապաշրջափակման Հայաստանի զարգացումը ապագա չի կարող ունենալ» : Հեղինակին, ինչպես տեսնում ենք, լքել է ոչ միայն ողջախոհությունը, այլեւ տարրական բարեխղճությունը, կամ էլ նա պարզապես անիրազեկ է: Հակառակ դեպքում չէր նենգափոխի եւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու անհրաժեշտության փոխարեն չէր գրի «Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքների ապաշրջափակում» , ինչից տպավորություն կարող է ստեղծվել, թե Հայաստանն է շրջափակել Ադրբեջանին եւ Թուրքիային: Ինչ վերաբերում է առաջին նախագահի «համոզմունքին, որ ԼՂ-ն երբեւիցե անհնար է դուրս բերել Ադրբեջանի կազմից» , ապա բավական է մատնանշել մի փաստ. 1997թ. միջնորդների ներկայացրած եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդունված, իսկ ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կողմից մերժվածՙ ԼՂ կարգավորման փուլային տարբերակի մաս կազմած եւ ռազմական հակամարտությանը վերջ դնելու նպատակ հետապնդած համաձայնագիրը պետք է ստորագրվեր Ադրբեջանի, ԼՂՀ եւ Հայաստանի կողմից: Դա լինելու էր կողմերի խորհրդարաններում վավերացման ենթակա եւ նոր միայն ուժի մեջ մտնող միջազգային պայմանագիր, քանի որ երաշխավորներ էին հանդես գալու Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Այսինքն, այդ համաձայնագիրն ստորագրող ԼՂՀ-ն ինքնին ստանալու էր միջազգային հարաբերությունների իրավասուբյեկտությունՙ դրանից բխող կարգավիճակով եւ լիազորություններով ու, իհարկե, պարտավորություններով հանդերձ: Թե որքանով է դա «ապացուցում», որ Տեր-Պետրոսյանը «ներքին համոզմունք ունի, որ ԼՂ-ն անհնար է երբեւիցե դուրս բերել Ադրբեջանի կազմից» ՙ թողնենք հեղինակի խղճին եւ երեւակայությանը: Նա գտնում է, որ Ժիրայր Սեֆիլյանի տարբերակը տրամագծորեն հակառակ է Տեր-Պետրոսյանի առաջարկածին: Եւ եզրահանգում, որ իբրեւ երկուՙ «պարտվողական» եւ առավելապաշտական մոտեցում, Տեր-Պետրոսյանի եւ Սեֆիլյանի տարբերակները հավասարապես վտանգավոր են ու ոչ կիրառելի, եւ անցնում Սերժ Սարգսյանի մոտեցումների մեկնաբանությանը, ապա ամփոփում. «Շատերը կասեն, որ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերը իրարից չեն տարբերվում: Բովանդակային առումով այդպես էլ կա (հենց այս «անմեղ» միտքն է, ըստ երեւույթին, սույն հրապարակման գլխավոր ուղերձը- Վ. Ա.), սակայն պետք է արձանագրել եւս մեկ փաստ: Ի տարբերություն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը քաղաքական դոկտրինիոր չէ եւ շատ լավ հասկանում է այն հետեւանքները, որ կարող է լինել (գրագիտությանը նայեք- Վ. Ա.) Հայաստանի եւ Ղարաբաղի համար, բայց եւ որպես գործիչ այլ տարբերակ չունի, քանզի «երկաթե շերեփ» սարքելու շանսն անհույս կորցրել է» : Խնդիրն, ուրեմն, հեղինակի ձեւակերպմամբՙ Հայաստանում «երկաթե շերեփը սարքելու» մեջ է, եւ քանի որ Սերժ Սարգսյանն այդ «շանսը անհույս կորցրել է» , պետք է սեւեռվել նոր հնարավորություն ստեղծելու եւ նպատակն իրագործելու վրա: Այստեղից անդրադարձ է արվում ապրիլյան պատերազմին Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի վերաբերմունքին: «Եթե Սերժ Սարգսյանը հայտարարեց (որտե՞ղ, ե՞րբ- Վ. Ա.), որ այդ կորցրած տարածքները անիմաստ եւ ոչ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ էին, ապա Սեյրան Օհանյանը նշեց (որտե՞ղ, ե՞րբ- Վ. Ա.), որ պատերազմի ժամանակ միշտ էլ լինում են եւ կորուստներ, եւ ձեռքբերումներ եւ սույն փաստով չարժե ընկճվել, այլ պետք է մտածել ինչ անել, որ հետագայում ունենալ ձեռքբերումներ» ,- ուրվագծում է հեղինակը եւ եզրահանգում. «Այսպիսով կարող ենք բնութագրել հետեւյալ թեզը, որ Սեյրան Օհանյանը, չհամաձայնելով Սերժ Սարգսյանի այս գնահատականի հետ եւ որոշում ընդունելով դուրս գալ իշխանությունից (իրո՞ք- Վ. Ա.) հայտ է ներկայացնում նոր տեսակետով հանդես գալ այս հարցի շուրջ, ինչը զգալիորեն տարբերվելու է Սերժ Սարգսյանի տեսակետից» : Նախ, որտեղի՞ց է հեղինակին հայտնի դարձել, որ Սեյրան Օհանյանը ԼՂ հարցի վերաբերյալ սեփական տեսակետ ներկայացնելու հայտով է քաղաքականություն մտնում: Երկրորդ, ո՞վ է նրան հուշել, որ Սեյրան Օհանյանի տեսակետը «զգալիորեն տարբերվելու է Սերժ Սարգսյանի տեսակետից» : Չէ՞ որ պաշտպանության նախկին նախարարն ընդամենը ֆեյսբուքյան մի գրառում է արել քաղաքականության մտնելու եւ այդ միջոցով հայրենիքին ծառայությունը շարունակելու մասին եւ իր հայացքները միայն շատ ընդհանուր գծերով է ներկայացրելՙ չհստակեցնելով անգամ, թե որ դաշտում է գործելուՙ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության: Սեյրան Օհանյանը 1999թ.-ից եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ապաՙ պաշտպանության նախարարՙ պաշտոնավարելով շուրջ 10 տարի: Եւ նրա քաղաքականություն մտնելու մասին ասվածը խիստ հարաբերական է գոնե այն իմաստով, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, եթե անգամ մի կողմ թողնենք հանգամանքը, թե փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրի կյանքում ինչ դեր է վերապահված բանակին առհասարակ, բարձրաստիճան զինվորականությանըՙ մասնավորապես: Բայց տեսնենք, թե ինչ ամփոփում է արված խնդրո առարկա հրապարակման վերջում. «Այսպիսով մեր հասարակությունը շանս ունի Ստեփանակերտը եւ Երեւանը հանձնելու եւ Բաքուն գրավելու ծայրահեղ այլնըտրանքների միջեւ տեսնելու նոր, իրատեսական առաջարկՙ այս խնդիրը այնպես լուծելու համար, որպեսզի տարածաշրջանում հաստատվի արժանապատիվ խաղաղություն եւ որի արդյունքում երկու ժողովուրդներն էլ համատեղ կապրեն կողք-կողքի» : Որքանո՛վ է իրազեկված հեղինակը Սեյրան Օհանյանի «Ղարաբաղյան ավետարանին», ինչպես վերեւում ասվեց, մնում է խիստ կասկածելի: Հնարավոր է, պաշտպանության նախկին նախարարը վաղը հանդես գա բոլորովին այլ թեզերով կամ այդ մասին առհասարակ չխոսի: Ի վերջո, նա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել եւ կարող է կենտրոնանալ բացառապես ներքին կյանքի բազմաթիվ չլուծված հարցերի վրա: Բայց քանի որ նրա անունից վստահաբար կամ ենթադրաբար ինչ-որ բան ասվել է, հարկ է առնվազն երկու հարցադրում անել: Առաջին, ի՞նչ չափորոշիչներ ունի «արժանապատիվ խաղաղությունը» : Ո՞րն է այն սահմանը, մինչեւ որտեղ խաղաղությունը կլինի արժանապատիվ, իսկ անդինՙ ոչ արժանապատիվ: Հեղինակի ասածից հասկացվում է, որ Սեյրան Օհանյանի «ավետարանը» «Ստեփանակերտը եւ Երեւանը հանձնելու եւ Բաքուն գրավելու» ծայրահեղությունների միջակայքում է: Իսկ դա ներկա փաստացի իրավիճակն է, երբ ոչինչ չենք զիջում, ոչ էլ հաղթական պատերազմ ենք սկսում: Մոտեցման իրատեսականությունը մի կողմ թողնենք եւ երկրորդ հարցադրումն անենք. - Այդ դեպքում ինչպե՞ս են արդյունքում երկու ժողովուրդներն ապրելու ոչ միայն կողք-կողքի, այլեւՙ «համատեղ» : Կողք-կողքի ապրելը հասկանալի էՙ կա Ադրբեջան, կա Հայաստան, կա ԼՂՀ, հաստատված են փոխհամաձայնեցված սահմաններ: Իսկ ո՞րն է «համատեղ ապրելը» : Բաքվի 250 000 հայերը վերադառնալո՞ւ են: Եւ համարժեքորեն Հայաստան է գալու 150 000 ադրբեջանցի՞: ԼՂՀ-ից հեռացած ադրբեջանցիները վերահաստատվելու են Շուշիում եւ Ստեփանակերտում, մյուս բնակավայրերո՞ւմ: Գուցե հեղինակը «համատեղ» բառը սխալմա՞մբ է օգտագործել: Բայցՙ լուրջ. հրապարակման «մեխը», կարծես, այս ձեւակերպումն է. «Մենք պետք է ... բանակաշինությունը դարձնենք ոչ թե երկրին բեռ, այլ այս ոլորտը դարձնենք շոգեքարշ երկրի տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար, ինչպես Իսրայելում» : Գեղեցիկ է հնչում: Բայց ինչո՞ւ մինչ օրս բանակաշինությունը չէր դառնում տնտեսության մյուս ճյուղերի շոգեքարշը: Ինչո՞ւ գոնե բանակի պարենային ապահովության խնդիրը չէր լուծվում Հայաստանի եւ Արցախի գյուղատնտեսության զարգացման միջոցով... Ինչո՞ւ էր սահմանին կանգնած զինվորը գոմեշի միս ուտում... Ինչո՞ւ հայ գյուղացին կարտոֆիլի ձեռքից կրակն էր ընկնում, իսկ բանակըՙ նույն մթերքը ներկրում արտերկրից... - Ի սկզբանէ էր Բանը,- Աստվածաշունչն է ասում: |