ՍԽՏՈՐ, ԾԱՂԻԿՆԵՐ ԵՎ ԱՐՄԵՆԸ Հ. ԱՖՅԱՆ Այս տարվա սկզբին հայաստանյան ընդդիմության գործերն ավելի լավ էին, քան հիմա: Բանն այն է, որ եթե տարվա սկզբին ՀՀԿ-ն ուներ 152 հազար անդամ, ապա հիմաՙ տարեվերջին, ունի 158 հազար անդամ: Ճիշտ է, ընթացիկ տարում ՀՀԿ-ն հազար հոգու հեռացրել է իր շարքերից, քանի որ Հանրապետականը պարբերաբար, գոնե տարին մեկ, մաքրում է իր շարքերը (տեսնես ումի՞ց, կամ ինչի՞ց), բայց դա չի նշանակում, որ ընդդիմության հնարավորություններն ավելանում են: Դրա համար պետք է ընդդիմությունը նայի ՀՀԿ-ին եւ սովորի, օրինակ, ինչպես խորքային եւ բացառիկ քաղաքականություն վարել, ինչպես հանրապետությունում մեկ հայտնի լինել (կարեւոր չէՙ ինչով), ինչպես ամենուրեք լինել, այլ ոչ թե լոկ հեռուստատեսությամբ կամ Ֆեյսբուքում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այսպիսի հաջողություններ արձանագրել ՀՀԿ-ն, ինչպես հասկանում եմ, առաջարկում է երկու բանՙ կամ միանալ ՀՀԿ-ին եւ դառնալ բացառիկ եւ խորքային քաղաքականություն իրականացնող, հանրապետությունով մեկ հայտնի, կամ էլ ընդունվել ՀՀԿ-ի քաղաքական-կուսակցական դպրոց, հետո ավարտել այն եւ բացել ընդդիմադիր կուսակցություն: Երրորդ տարբերակ չկա, ավելի ճիշտՙ երրորդ տարբերակը հեռուստատեսությունն է, որը հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունները, կարող է նպաստավոր չլինել ընդդիմության համար ՀՀԿ-ին հասնել-անցնելու գործում, կամ էլ Ֆեյսբուքն է, որը, սակայն եւս արդյունավետ չի կարող լինել, քանի որ 158 հազարանոց ՀՀԿ-ն ցանկացած պահի կարող է Ֆեյսբուք գործուղել ավելի շատ մարդ, քան ունի հայաստանյան ֆեյսբուքյան որեւէ կուսակցություն: Մի խոսքովՙ ընդդիմության գործերը լավ չեն ու հաշվի առնելով, որ եկող տարի ընտրություններ են, այն էլ խորհրդարանական, այն էլ միայն կուսակցությունների միջեւ, մոտ ապագայում ընդդիմության գործերը չեն էլ լավանալու: Եթե, իհարկե, ընդդիմությունը ամբողջ կազմով չմտնի ՀՀԿ-ի մեջ, երիտթեւերին էլ (եթե կան) չուղարկի ՀՀԿ-ի կուսակցական-քաղաքական դպրոց: Բայց մի ճանապարհ էլ կա. ճիշտ է, այն անցնելու համար մինչեւ եկող տարվա ապրիլ (խորհրդարանական ընտրություններ) քիչ ժամանակ է մնացել, բայց եթե ընդդիմությունն ուզում է երբեւէ հաջողություն ունենալ երկրում, իսկ հաջողությունն ընդդիմության պարագայում իշխանության գալն է, ապա պետք է անցնի այդ ճանապարհը: Տեսեք, ի՞նչ է անում Հանրապետականը, որպեսզի ընտրվի: Ես հասկանում եմ, որ շատերը կպատասխանենՙ ոչինչ էլ չի անում, կլինեն նաեւ պատասխաններ, թե բաՙ որքան ուզում, խփում են: Կլինեն նաեւ մարդիկ, ովքեր կպնդեն, որ կաշառք է բաժանում: Կլինեն քչերը, ովքեր անձամբ տեսած կլինեն, թե ինչպես է բաժանում, եւ ոչ մեկն այդ մասին վկայություն չի տա: Շատերի կարծիքով օգտագործում է վարչական ռեսուրսը, մի խոսքովՙ ազնիվ չի խաղում: Եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է, դրա մասին չէ, որ խոսելու ենք, այլ շատ պարզ մի բանի: Օրինակ, որպեսզի, ենթադրենք, Իջեւանի Խաշթառակ գյուղը ընտրի ՀՀԿ-ին, Հանրապետականը շքեղ մեքենաներով գնում է տվյալ գյուղ, իջնում շքեղ հագուկապով, խոսում առօրյա, իսկ ավելի շատՙ գլոբալ խնդիրներից, եթե գյուղացիները հետաքրքրվեն, ապա անգամ ամերիկացի հանրապետական Թրամփից, ու նորից նստում են իրենց շքեղ մեքենաներն ու վերադառնում են, չմոռանալով կուսակցության գրասենյակներում աշխատող աղջիկներին եւ տղաներին ասել, որ «պտիչկա» դնեն տվյալ գյուղի վրա, «արդեն եղել ենք»: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը, երբ ցանկանում է նույն բանը: Էլի նստում է իրՙ ոչ այդքան շքեղ, իսկ երբեմն էլ ավելի շքեղ մեքենաները, գնում տվյալ գյուղ, իջնում շքեղ հագուկապով, խոսում առօրյա խնդիրներից, իսկ հաճախՙ գլոբալ խնդիրներից. եթե գյուղացիները հետաքրքրվեն, նաեւ մարդու իրավունքներից, ժողովրդավարության արդի համաշխարհային միտումներից, եւ նորից նստելով ոչ այնքան շքեղ, իսկ երբեմն էլ ավելի շքեղ մեքենաներըՙ վերադառնում: Այսինքն, ըստ էության, այն ինչ անում ենՙ ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ անում է ՀՀԿ-ն: Հիմա, եթե գումարենք այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն այս ամենն անելուց բացի փող է տալիս, կամ աշխատանք է առաջարկում, կամ հստակ ու կոնկրետ տեղական կամ անձնական նշանակության հարց է, ինչպես ասում ենՙ «տուտժե» լուծում, ապա ինչո՞ւ պետք է, օրինակՙ աչաջուրցին ՀՀԿ-ին չընտրի: Չի ընտրի, եթե ընդդիմության միջոցով կարողանա իր հարցերը լուծել, չի ընտրիՙ եթե ընդդիմությունն իր շարժուձեւով, հագուկապով, խոսելու տոնով, ձեւով, դեմքի արտահայտությամբ, միմիկայով, ձեռք սեղմելով ու ամենակարեւորըՙ հանդիպումների հաճախականությամբ ու արդյունավետությամբ տարբերվի ՀՀԿ-ից: Այսինքն, ո՞վ է խանգարում ընդդիմությանը, ընդդիմադիր որեւէ կուսակցությանը, եթե իհարկե մեկ հոգանոց կուսակցություն չէ, շաբաթը մեկ անգամ գնալ մարզեր, հեռավոր գյուղեր, զրուցել մարդկանց հետ, խոսել ու ամենակարեւորըՙ լուծել նրանց խնդիրները: Ռեսուրս չունե՞ն, բա ինչպե՞ս են մրցակցում ՀՀԿ-ի հետ: Ունե՞ն, բա ինչո՞ւ չեն օգտագործում, մանավանդ երբ պնդում են, որ դիմացինը ազնիվ չի խաղում: Ընդ որում, երբ ասում ենք շաբաթը մեկ, նկատի չունենք քարոզչական ամսվա շաբաթները, նկատի ունեմ բոլոր շաբաթները, ասենքՙ ամեն ուրբաթ օր, նույն Աչաջուրի բնակիչները գիտեն, որ իրենց այցելելու է «Ցավներդ տանեմ» ընդդիմադիր կուսակցությունը, որպեսզի խոսի իրենց ցավի մասին ու... տանի: Մի խոսքով, ՀՀԿ-ին հաղթելու համար, եթե իհարկե դրա ցանկությունը կա, պետք է կա՛մ մտնել ՀՀԿ ու ներսից հաղթել, կա՛մ էլ անել այնպես, ինչպես ՀՀԿ-ն չի անում: Ցույց կտանՙ 158 հազար անդամ եւ 1938 տարածքային կազմակերպությո՞ւն, դուք էլ ցույց տվեք մարզերը, շրջանները, գյուղերը եւ գյուղացիներին: Կասեն, որ իրենք բացառիկ են եւ խորքայի՞ն, դուք էլ հարցրեք, թե վերջին անգամ ե՞րբ են Արագածի լանջերի հովիվների հետ խաշ կերել, ու քանի որ սխտոր չունեին, սխտոր տարել: Կասեն, որ իրենք ամենուրե՞ք են, դուք էլ հարցրեք նրանց, թե ի՞նչ է Երեւան-Իջեւան մայրուղու 56-րդ կիլոմետրի վրա եփած եգիպտացորեն վաճառող գյուղացի տղայի անունը: Ի դեպ, ի՞նչ է, չգիտեք, բա ինչպե՞ս եւ ինչո՞ւ եք պահանջում, որ նա ընտրի ձեզ: Եթե ուզում եք այս ճանապարհն անցնել, ապա սկսեք հենց այսօրվանից. Հայաստանը փոքր երկիր է, ամենուրեք լինել կհասցնենք մինչեւ ապրիլ: Այլ հարց է, որ ամեն տեղ չէ, որ ձեզ կհավատան: Հավատը վերականգնելու համար մինչեւ ապրիլ ժամանակը չափազանց քիչ է, բայց դա չի նշանակում, որ դուք հենց այսօրվանից չպետք է սկսեք: Տաք կհագնվեք, մարզերում հատկապես ցուրտ է: Հա, այդ տղայի անունը Արմեն է, ամառ- ձմեռ այնտեղ է, երբ եգիպտացորեն չի լինում, ծաղիկ է վաճառում, կարող եք ամբողջը գնել ու նվիրել ձեր գնացած գյուղի բոլոր կանանց եւ աղջիկներին: Եթե ձեզ չընտրեն, գոնե... կհիշեն: |