ԵՐԵՎԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ԸՆՏՐԵԼ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Մայիսի 14-ին կայացան Երեւանի ավագանու ընտրությունները: Կայացան, քանի որ ԿԸՀ-ն արդեն կազմել է նախնական արձանագրությունՙ ընտրությունների մասին, այն մեկ շաբաթից կհաստատվի եւ երեւանցիները կունենան նոր ավագանի, բայց հազիվ թե նոր քաղաքապետ: Եթե երկու խոսքով ներկայացնենք անցած ընտրությունները, ինչը կարծում եմ, Հայաստանում կանանց իրավունքների եւ լրագրողների գործունեության պաշտպանությամբ զբաղվողներն ավելի լավ կանեն, ապա մայիսի 14-ի ընտրություններին կարելի է տալ հետեւյալ խորագիրը. «Երեւանն առեւանգեցին»: Ճիշտ է, քաղաքապետի թեկնածու տիկին Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը բղավում էր, որ իր դստերն են առեւանգել, այն էլ ոստիկանները, ու քանի որ տիկին Փոստանջյանը մասնագիտությամբ իրավաբան է, հետեւաբար պետք է որ լավ իմանա, թե ինչո՞վ է տարբերվում «առեւանգել» տերմինը, օրինակ «բերման ենթարկել» տերմինից, բայց իրականում, մեծ հաշվով, առեւանգվել է Երեւանը: Բանն այն է, որ որեւէ դեպքում, երբ փոքրամասնությունը ինչ-ինչ միջոցներով, ճանապարհով, ձեւով, իրեն է ենթարկեցնում մեծամասնությանը, կամ փոքրամասնությունը խլում է այն, ինչը պատկանում է մեծամասնությանը, դա կոչվում է առեւանգում: Հիմա, Երեւանի ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է ընդհանուր ընտրողների 40 տոկոսից քիչ ավելին: Այսինքն Երեւանի բնակչության մեծամասնությունը, շուրջ 60 տոկոսը, չի մասնակցել ընտրություններին, ոմանք պարզապես Երեւանում չգտնվելու պատճառով, ոմանք ուղղակի նման թիթիզ բաներ չսիրելուց, շատերն էլ առաջադրվածներից ոչ մեկին չվստահելուց: Սա նշանակում է, որ, օրինակ, ՀՀԿ-ի ստացած ավելի քան 70 տոկոս ձայները ամբողջ Երեւանի կտրվածքով փոքրամասնություն են, Երեւանի 30 տոկոսը, ամենաշատն են փոքրամասնությունների մեջ, բայց փոքրամասնություն են: Այս առումով անիմաստ էլ է խոսել «Ելք» դաշինքի ստացած 21, եւ «Երկիր Ծիրանի»-ի ստացած շուրջ 8 տոկոս ձայների մասին, քանի որ եթե ամբողջ Երեւանը ընտրեր իր ավագանուն, ապա այս երկուսն ավելի քիչ ձայներ կհավաքեին: Ընդ որում, բացառվում է, որ ընտրություններինՙ Երեւանի բնակչության մեծամասնության մասնակցության պարագայում միայն ՀՀԿ-ի տոկոսը իջներ, իսկ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն ավելացնեին իրենց ձայները: Սա բացառվում է, քանի որ բոլոր այն երեւանցիները, ովքեր պետք է ընտրեին ՀՀԿ-ին, հաստատ գնացել եւ ընտրել են, ու չնայած ՀՀԿ ավագանու թեկնածու տիկին Նաիրա Նահապետյանն ասել է, թե «ընտրություններին չեն գնացել նրանք, ովքեր իրենց կյանքից գոհ են» (այսինքն ՀՀԿ-ի էլեկտորատը), բայց տիկին Նախապետյանի ասածներին շատ լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ ՀՀԿ թեկնածուն, քարոզարշավի ժամանակ ասել էր բառացիորեն հետեւյալը. «Պետք է կարողանանք այն ծրագրերը, որ նախանշել ենք մեր ծրագրերում, որ կարողանանք իսկապես այն ծրագրերը, որ շարունակենք: Եւ այսօր մենք ուզում ենք խնդրել ձեր քվեն, որ կարողանանք շարունակել այդ ծրագրերը, որ կարողանանք իսկապես վերջացնել այն Երեւանը, ձեր երազած Երեւանը»: Մի խոսքով, կան շատ լուրջ խոսքեր շատ լուրջ տեղերից, որոնց լուրջ վերաբերվելը վնաս է հենց այդ խոսքերն ասողների համար: Եթե ընտրություններին մասնակցեր ողջ Երեւանը, կամ գոնե մեծամասնությունը, ապա դա չի նշանակում, որ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն էին բարձրացնելու իրենց ստացած քվեների տոկոսը: Նրանք, որոնց անգամ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն համոզիչ չեն թվացել, չեն մասնակցել ընտրություններին, կնշանակի այդ մարդիկ «Ելք»-ի եւ «Երկիր Ծիրանի»-ի ընտրազանգվածն էլ չեն: Եւ ուրեմն, նախքան ԿԸՀ-ն կիրակի կհրապարակի Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, արձանագրենք մեր վերջնականը. Երեւանն, ըստ այդմ, ոչ մեկին էլ չի ընտրել: ՀՀԿ-ին ձայն տված 240 հազար 36 երեւանցին մի լավ, ԲՀԿ-ում կասեինՙ հուժկու հանրահավաքի ժողովուրդ են, բայց ոչ ամբողջ քաղաքը: «Ելք»-ին ձայն տված 70 հազար 731 երեւանցին եւս անչափ հեռու են ամբողջ քաղաք կոչվելուց, դե իսկ «Երկիր Ծիրանի» ընտրած 26 հազար 109 երեւանցիները այնքան քիչ են, որ անգամ 26 հազար 110 չեն: Ստացվում է, որ Երեւանն առաջիկա տարիներին ղեկավարելու է Երեւանի փոքրամասնությունը, մարդիկ, որոնց ստացած ձայների քանակը կարող է բավարար լինել, բայց միայն բակային, առավելագույնը թաղային բիսետկաներ ղեկավարելու համար: Ու քանի որ նրանք, այնուամենայնիվ, ողջՙ միլիոնանոց քաղաքն են ղեկավարելու, կնշանակի այդ քաղաքը նրանք առեւանգել են: Ու սրանից հետո Երեւանի ավագանին քաղաքապետի գլխավորությամբ ընդունելու է որոշումներ, կատարելու է քայլեր, որոնք ընդունելի չեն Երեւանի բնակչության մեծամասնության համար: Այդ մեծամասնությո՞ւնն է մեղավոր, որ ցուցաբերել է պասիվություն իր իսկ քաղաքի ընտրություններում: Ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Այո, որովհետեւ ընտրություններին միշտ պետք է գնալ, անգամ չարյաց փոքրագույնը ընտրելու, կամ բացառման սկզբունքով ընտրություն կատարելու համար, եւ ոչՙ քանի որ մեծամասնությունը, այն էլ ժողովրդի, երբեք մեղավոր չի լինում. ավագանու ընտրություններում ու առհասարակ բոլոր ընտրություններում հաղթած, հաղթող ու հաղթելիք ՀՀԿ-ն, կարծում եմ, կհաստատի այս խոսքերը: |