ՍՊԱՍՎԱԾ ԱՅՑՙ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի կիսակառույցներից մեկն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2017 թվականի ծրագրում: Տանտիրոջՙ հիսուներկուամյա Հայկ Բաղդասարյանի եւ ընտանիքի համար, ուսումնասիրություների նպատակով կազմակերպված հերթական շրջայցն ավարտվել է հաճելի անակնկալով: Ծրագրի պահանջներին համապատասխանությունից ելնելովՙ ընտանիքին հայտարարվել է շահառու դառնալու մասին: Բաղդասարյանների տան հիմքերը փորվել են քսան տարի առաջ, երբ նրանք լիահույս էին, որ շինարարությունն ավարտին հասցնելը բարդ գործ չի լինելու: Մինչեւ օրս տանտիրոջը հաջողվել է կառուցել շինության պատերն ու այն մասամբ պաշտպանել ծածկով: Կանգ առած շինարարության պատճառով կիսակառույցը տուն դարձնելը երազանքներից այն կողմ չի անցել: Երկու տասնամյակ, Հայկի ընտանիքըՙ կինն ու հասուն երեք որդիները, ստիպված են եղել ապրել նախՙ Հայկի հայրական տանը, ապաՙ վարձով, համագյուղացու կիսավեր բնակարանում: Մեծ որդինՙ Արգիշտին, ծառայում է Հայոց բանակումՙ Մարտակերտում: Մյուս երկուսը դպրոցական են: Հարյուրից ավելի ընտանիքի երջանկություն պարգեւած գործընկեր կառույցները հերթական ընտանիքին վաղվա օրվա նկատմամբ վստահություն են ներշնչել: Բաղդասարյանների երազանքների տունը մինչեւ տարեվերջ կկառուցվի: «Անսահման ուրախ եմ: Վաղուց այսպիսի լավ լուր չէի լսել: Ամբողջ կյանքում ե՛ւ ես, ե՛ւ կինս ու որդիներս ծանր ու քրտնաջան աշխատել ենքՙ մեր տան շինարարությունն ավարտելու համար, սակայն ապարդյուն: Հազիվ կարողացել ենք հոգալ առօրյա հոգսերը: Այսօր երջանիկ օր է մեզ համար»,-ասել է ընտանիքի հայրըՙ Հայկը: «Բնակարանաշինության ծրագիրն աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներինՙ կառուցել ու վերանորոգել իրենց բնակարանը: Քանի որ Հայաստանում տան խնդիր ունեցող ընտանիքների թիվը մեծ է, մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարել. այցելում ենք, ուսումնասիրում, գնահատում կարիքի աստիճանը, ապաՙ ընտրված ընտանիքների հետ սկսում ենք շինարարական աշխատանքներն ու մինչեւ տարեվերջ ավարտին հասցնում դրանք: Ուրախ եմ այս ընտանիքի համար, ինչպես նաեւ այն բոլոր ընտանիքների, որ այս տարեվերջին բարեկարգ բնակարան կունենան` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում»,-ասել է կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը: |