ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՈՒ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Մերձավոր Արեւելքում գլխապտույտ առաջացնող արագությամբ են զարգանում իրադարձությունները, եւ Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ բոլորի կիզակետում է, ինչպես միջնադարյան մի աճպարար, որն իր թեւքերի արանքից անընդհատ զանազան իրեր կամ աղավնիներ ու ճագարներ է հանումՙ զարմանք ու հրճվանք պատճառելով հանդիսատեսին: Դիտորդներն ու փորձագետներն անհամբեր սպասում են, թե ե՞րբ են սպառվելու նրա հնարքները, կամ թե ե՞րբ է ինքը վերջապես սխալվելու եւ գլխիվայր ընկնելու, բայց նա շարունակում է հմուտ կախարդի նման բանեցնել իր դրյուքները: Նրա տապալումը հետաձգող պատճառներից մեկը հենց միջինարեւելյան քաղաքական ամենօրյա զարգացումներն են, որոնք նոր թափ են հաղորդում նրա խաղերին: Երկրի ներսում նա զբաղված է զանգվածային «մաքրագործումներով» եւ վհուկների որսով: Նա ոչնչացնում է բանակի եւ ոստիկանության շարքերում գործող կասկածելի անձնավորություններին, բանտարկում ակադեմիական մտավորականներին եւ լրագրողներինՙ մեղադրելով նրանց Մ. Նահանգներում վտարանդի հոգեւորական Ֆեթուլլա Գյուլենի լրտեսները լինելու մեջ: Մինչ այժմ չձերբակալվածներից շատերն էլ մտահոգ են ապագայի նկատմամբ եւ նախընտրում են հեռանալ երկրից: Արեւմուտքում Թուրքիայի դաշնակիցներն ու թշնամիները հավատացած են, որ եթե նման տեմպերով շարունակվի այդ գործընթացը, Թուրքիան շուտով կզրկվի իր «ինտլեկտուալ կապիտալից»: Բայց Էրդողանը կարծես մտահոգված չէ: Նա կարիքը չունի ակադեմիկոսների, անկախ դատական համակարգի կամ մամուլի ներկայացուցիչների, որոնց հարցերին ինքըՙ Սուլթանը տրամադիր չէ պատասխանելու: Նա հույսը դրել է բնակչության 51 տոկոսի վրա, որ պաշտպանել էր իր հանրաքվեն, եւ պատրաստ է դրոշները ծածանելով հետեւել Էրդողանին հավատարիմ մնացած մոլլաների կարգադրություններին: Նրանք Էրդողանի իշխանության հենարանն են, մինչ ինքը հետապնդում է երկրի մտավորական խավին եւ սպանում քրդերին: Նա հավատացած է, որ այդ մոլեռանդ ընտրազանգվածի պաշտպանությունը վայելելով կկարողանա դիմագրավել միջազգային սպառնալիքներն ու ներքին եւ արտաքին մարտահրավերները: Այսպես, նա վերջերս ձերբակալեց ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչ Մեթին Թոփուզինՙ Ֆեթուլլա Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Ամերիկացի պաստոր Էնդրու Բրանսոնը մի տարուց ավելի գտնվում է թուրքական բանտում: Նրան ձերբակալել էին անցյալ տարվա հուլիսին երկրում հեղաշրջման փորձին հետեւած զանգվածային «զտումների» օրերին: Էրդողանը նրան պատանդ է պահում Գյուլենի հետ փոխանակելու համար, եթե եւ երբ Մ. Նահանգների իշխանությունները համաձայնվեն արտահանձնել նրան: Որպես ճնշամիջոց Մ. Նահանգները դադարեցրեց ոչ ներգաղթային այցագրերի հանձնումը թուրքերին, ինչին Անկարան պատասխանեց ամերիկացիներին թուրքական այցագրերի տրամադրումը դադարեցնելով: Լարվածությունը շարունակվում է սրվել: Այս ձերբակալությունները անողոք են քաղաքական առումով, քանի որ ծաղրի են ենթարկում երկարամյա մի դաշնակցի հեղինակությունը, բայց դրանք միտումնավոր են արված ցույց տալու համար, որ Թուրքիան արհամարհում է Մ. Նահանգներին: Ավելին, Թուրքիանՙ ՆԱՏՕ-ի առանցքային պետությունը ռազմական համաձայնություն է կնքել Ռուսաստանի հետՙ գնելու ծանր զրահատեխնիկա, է՛լ ավելի բարձր հնչեղություն հաղորդելով Ինջիրլիքի ռազմաբազայից հրաժարվելու կոչերին: Գերմանական նավատորմը այդպես էլ վարվեց, տեղափոխվելով Հորդանան, իր վրա դրված սահմանափակումների հետեւանքում: Էրդողանը ոչ մի առիթ բաց չի թողնում թունոտ ակնարկներ շպրտելու Մ. Նահանգների իշխանությունների հասցեին, այն բանի համար, որ Իրաքյան Քուրդիստանին ռազմական պաշտպանություն են ցուցաբերում եւ Սիրիայում կռվող քրդերին օժանդակում, որ Թուրքիայի սահմանին ինքնավարություն հիմնեն: Կրակին յուղ ավելացնելով, Թուրքիայի կառավարությունը միացել է Իրանին եւ Իրաքին պայքարելու անկախության համար անցկացված քրդական հանրաքվեի դեմ, հենց այն պահին, երբ նախագահ Թրամփը չեղյալ է համարում Իրանի հետ կնքված միջուկային պայմանագիրը, որի հետեւանքում նոր պատժամիջոցներ կկիրառվեն Թեհրանի հանդեպ: Էրդողանը նաեւ ավելի մեծ, գլոբալ քաղաքականության կիզակետում է: Մինչ Վաշինգտոնն ու Մոսկվան դիվանագիտական պատժամիջոցներ են կիրառում իրար հանդեպ, Թուրքիան ոչ միայն արհամարհում է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներինՙ գնելով պաշտպանական զինտեխնիկա Ռուսաստանից, այլեւ միանում է Ռուսաստանի եւ Իրանի ռազմական ուժերին Սիրիայում: Աստանայում կայացած երեք պետությունների հանդիպումը միտված էր Վաշինգտոնին Սիրիայից դուրս թողնելու մարտավարությանը: Երբ Իրաքյան Քուրդիստանը հանրաքվե անցկացրեց սեպտեմբերի 25-ին, Իսրայելը միակ պետությունն էր, որ բացահայտ կողմ արտահայտվեց դրան: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ սառած հարաբերությունները հազիվ էին մի փոքր հալչել, երբ Էրդողանը սպառնաց վերասառեցնել դրանքՙ ի պատասխան Իսրայելի դիրքորոշմանը: Այդուհանդերձ, Իսրայելը բավականին կտրուկ եւ խիստ հակադարձեց նշելով, որ որեւէ երրորդ երկրի ճնշման տակ չէ, որ ձեւավորում է իր արտաքին քաղաքականությունը: Ներկայիս Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը իրագործելու ճանապարհին են Աստանայի համաձայնությունը, որը նախատեսում է Սիրիայի քաղաքացիական բնակչության համար ստեղծել ապահով ու անվտանգ շրջաններ: Ինչպես միշտ, Թուրքիան իր շահերն է հետապնդում: Նշված համաձայնությունը իրագործելու քողի ներքո նա իր ուժերը կենտրոնացրել է Իդլիբի նահանգի մոտՙ արգելափակելով առաջին հերթին քրդերի տեղաշարժը: «Երբ մենք չենք գնում Սիրիա, Սիրիան է մեզ մոտ գալիս», ասում է նախագահ Էրդողանը, ավելացնելով. «երբեք թույլ չենք տալու ստեղծել ահաբեկչական մի միջանցք, որն սկսում է Աֆրինից եւ հասնում է մինչեւ Միջերկրական ծով», ակնարկելով Թուրքիայի հարավային սահմանի այն հատվածին, որն այժմ գտնվում է (սիրիական կողմում) քուրդ մարտիկների եւ Թահրիր էլ-Շամ կազմակերպության վերահսկողության ներքո: Ռոյթերզի մեկնաբանությամբ Թուրքիան մինչ այժմ, անցած վեցուկես տարվա պատերազմի ընթացքում, ամենամեծ պաշտպանն էր եղել Սիրիայի նախագահ Բաշար էլ Ասադի դեմ պայքարող ապստամբ խմբավորումների, բայց այժմ փոխել է իր մարտավարությունը եւ նրան տապալելու փոխարեն իր ուժերը կենտրոնացրել է իր սահմանները ջիհադիստներից եւ քրդական խմբավորումներից պաշտպանելու վրա: Թուրքիան քրդերի դեմ պայքարում է երեք ճակատներում. իր սահմաններում ոչնչացնում է PKK-ի մարտիկներին, հակադրվում է Սիրիայում քրդական անկլավի ստեղծմանը եւ Բաղդադի ու Թեհրանի համագործակցությամբ փորձում է խոչընդոտել Իրաքյան Քուրդիստանի անկախության ձգտումները: Էրդողանը գլոբալ փառասիրություններ ունի, որոնց նա կարող է հասնել եթե երկարաժամկետ, կայուն հարաբերություններ մշակի այլ երկրների հետ, մինչդեռ նա անհարատեւ գործարքներ է կնքում անընդհատ փոխելով թիրախի իր կետերը: Երեւի ժամանակ է պետք, որ իր հնարքներն ավարտվեն կամ ձախողության մատնվեն: Այնժամ նրա անկումը նույնքան դիտարժան է լինելու, որքան նրա վերելքը: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator) |