RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 14866, Տպվել է` 1660, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՂՃԻ ՎՐԱ Է ՆԱԵՎ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Ժամանակը, որի խտացող մշուշը լավատեսության նշույլ չէր թողնում բարերար Լեւոն Հայրապետյանի ճակատագրով մտահոգ մարդկանց համար, դառնում էր անհուսալի երկար եւ տագնապալի: Կդիմանա՞ արդյոք այս տարվա ձմռանը: Այս անհանգստությամբ էի ամռանը Երեւանում զրուցում ազգանվեր բարերարի կրտսեր դստերՙ Զարուհի Հայրապետյանի հետ: Գուցե Նյու Յորքում էլի՞ ցույց կազմակերպենք հարցիս պատասխանեցՙ պետք չէ, հույս կա որ առաջիկայում ինչ-որ լավ բան կլինի... Խաղաղվեցինք, զինված այդ մի կաթիլ «լավ բանի» սպասումով, այս էլ որերորդ անգամ: Սեպտեմբերին Մորդովայի մարզային դատարանի նիստում իջեցրած դատավորի մուրճը գիլյոտինի զարկին համազոր նշանակություն ունեցավ: Առողջական պատճառներով Սարանսկի մերձակա կալանավայրում իր «պատիժը» կրող 68 ամյա հայ բարերարին ժամկետից շուտ ազատ արձակելու մասին միջնորդությունը հերթական անգամ մերժվեց:

Երեք տարի առաջ Մոսկվայի օդանավակայանում հայտնի գործարար, բարերար, հայ ազգի նվիրյալ Լեւոն Հայրապետյանի անսպասելի ձեռբակալությունը վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց Սփյուռքում: Այդ օրերին Նյու Յորքի հայկական համայնքը ակտիվ մասնակցություն ունեցավ ծավալված «Ազատություն Լեւոն Հայրապետյանին» շարժմանը: Երկու անգամ հայ ազգային գործչին ազատելու պահանջով բողոքի ցույց կազմակերպվեց Նյու Յորքում ՌԴ հյուպատոսարանի առջեւ: Այս տարի գաղափար կար դրամահավաք կազմակերպել եւ Ստեփանակերտում ստեղծել Արցախի մեկենասների պատվո արահետ, ուր տեղադրվող առաջին աստղը կրելու էր Լեւոն Հայրապետյանի անունը:

Լեւոն Հայրապետյանի կյանքի ավարտի այսպիսի ոդիսականը միանգամայն սպասելի էր: Այն տեղի ունեցավ ՀՀ իշխանությունների ակտիվ լռության, նրա ճակատագրի նկատմամբ ցուցաբերած միտումնավոր անձեռներեցության արդյունքում: Ռուսական բանտից Արցախի թիվ մեկ բարերարի արտահանձնման խնդիրը այդպես էլ չդարձավ քաղաքական պատվի հարց ՀՀ իշխող վերնախավի համար, որի առաջին դեմքի հետ ծանոթ-ճանաչ, նույն հող ու ջրի մարդիկ են եղել: Դա կլիներ նախագահ Սերժ Սարգսյանի հակաքայլը գլխահատ Սաֆարովի ալիեւյան գործարքի հանդեպ, ինչը միայն հարգանքի ու երախտագիտության զգացում կառաջացներ:

Այժմ ավելորդ է անդրադառնալ «Բաշնեֆտ» - «Սիստեմա» գործարքի խառը պատմությանը, դրանում Լեւոն Հայրապետյանի հանցակցության աստիճանին, հետոՙ ցմահ ազատազրկված, մարդասպան - ահաբեկիչ Իգոր Իզմեստեւի մոր ցուցմունքին, ինչի հետեւանքով 68 ամյա հիվանդ բարերարի կյանքի համար անհամատեղելի բանտային կեցությունը երկարաձգվեց եւս 4 տարով: Համաձայն ռուսական առցանց մի հրապարակման, կալանքի այդ ժամկետի ավարտից հետո նրա դեմ նախապատրաստված էր եւս մեկ ցուցմունք...

Իր ղեկավարած «Սոբեսեդնիկ» ամսագիրը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ին Մորդովայի Գերագույն դատարանում նշանակված էր վատառողջ Լեւոն Հայրապետյանին կալանքի մեջ պահելու «Զուբովո-Պոլյանսկի» մարզային դատարանի կայացրած վճռի բողոքարկումը, սակայն առավոտյան Լեւոն Հայրապետյանի փաստաբան Խալիմ Մեշչերովին դատավորը հայտնել է, որ իր պաշտպանյալը բանտում վախճանվել է: «Ինձ համար դա մեծ հարված էր, ես չորս անգամ միջնորդություն էի ներկայացրել, որպեսզի գլխուղեղի, սրտի բազմաթիվ կաթվածներ տարած, շաքարախտով, քաղցկեղով տառապող Լեւոն Գուրգենիչին ստացիոնար բուժում տրամադրեն: Օրենքն առհասարակ ազատում է բանտից մահացու հիվանդությամբ տառապողին, բայց չգիտես ինչու դատարանը միայն հաշվի էր առնում իմ պաշտպանյալի դեմ ուղղված փաստարկները եւ անընդհատ մերժում էր հայցը: Դա նման էր պատվերի, որով նրան ոչ մի դեպքում հնարավոր չէր ազատել», հայտնել է Լեւոն Հայրապետյանի փաստաբանը:

Այն տոնը, որով պաշտոնական Երեւանն արձագանքեց մեծ բարերարի վախճանի բոթին, կասկած չի թողնում նրա փաստաբանի նշած վարկածի ճշմարտացիության վերաբերյալ: Հայրապետյանի ընտանիքին ցավակցական խոսք ուղղվեց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակի միջոցով:

Հ1 հանրային եւ Արմենիա հեռուստաընկերություններն իրենց լուրերում նրա վախճանն իրազեկեցին հպանցիկՙ չորրորդային նշանակության լուրերի շարքում:

Արցախում իր կյանքի կոչած համարձակ, ոչ ստանդարտ նախագծերով նա ապացուցեց, որ միայն մեկ բարերարի նվիրված աշխատանքով շատ բան է հնարավոր փոխել: Նա հրաժարվեց իր ստացած «Երախտագիտություն» մեդալից եւ վերադարձրեց այն արցախյան կառավարությանը Մարտակերտում իր բիզնես - ծրագրերի նկատմամբ հարուցված խոչընդոտների պատճառով, ինչը համաձայն իր տված հարցազրույցի, առաջացել էր ընտրություններում Արկադի Ղուկասյանին չհովանավորելու հետեւանքով: Շատերի կարծիքով 2014-ին, իր ձերբակալությունից ամիսներ առաջ տարածված մի տեսանյութ կարմիր գիծը հատելու էֆեկտ է ունեցել, ուր նա հանդես է եկել ՀՀ նախագահին ուղղված քննադատությամբ, նշելով Հայաստանում արտագաղթի ահագնացող փաստը:

Ցավոք, եղավ այն, ինչ եղավ... Իսկ գալո՞ւ է այն օրը, երբ փողերի լվացման, խարդախության, կոռուպցիոն բացահայտումների հետամուտ ձեռքը կհասնի նաեւ մեր երկրին: Այդ մասին գուցե Եվրոխորհրդարանում ադրբեջանական «լվացքատան» եւ նրանց պատվիրակների ահ ու սարսափ հանդիսացող Նաիրա Զոհրաբյանն ու իր ԱԺ գործընկերներն ասեն: Ինչո՞ւ նույն սկզբունքայնությունը չի գործադրվում Հայաստանի ներքին «լվացքատան» բացահայտումների հարցում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ