RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



ՊԱՏԱՍԽԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 8885, Տպվել է` 400, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ ԿԱՄ MODUS VIVENDI

ՍԻԼՎԱ ՊԱՊԻԿՅԱՆ

Ս.թ. սեպտեմբերի 29-ին «Ազգ» շաբաթաթերթում տպագրվել էր Ն.Հովհաննիսյանի «Մինչեւ ե՞րբ վերջապես» հոդվածը իմ դոկտորական ատենախոսության մասին: Ճիշտն ասած, կարելի էր չանդրադառնալ այդ հոդվածին: Բայց քանի որ ընթերցողը կարող է թյուր կարծիք կազմել այդ հոդվածից, որոշեցի, այնուամենայնիվ, պատասխանել:

Ահա պատմությունը: 2016 թ. ապրիլի 18-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում տեղի ունեցավ իմ «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» թեմայով դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: Ատենախոսությունը երկարամյա մանրակրկիտ աշխատանքի արդյունք է եւ համառոտ գրքային տարբերակով լույս է տեսել 2011 թ.: Ատենախոսությունը քննարկվել է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի արդի հայերենի եւ հայոց լեզվի պատմության բաժինների համատեղ նիստում եւ երաշխավորվել է պաշտպանության: Պաշտպանությունը տեղի է ունեցել ըստ կանոնակարգի: Գիտխորհրդի կարծիքն այն էր, որ ատենախոսությունը բավարարում է ՀՀ ԲՈՀ-ի դոկտորական ատենախոսությանը ներկայացվող պահանջները:

Բոլոր ընդդիմախոսները բարձր են գնահատել իմ աշխատանքը: Արտաքին կարծիքը նույնպես դրական է: Ահա հատվածներ դրանցից:

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի կարծիքից.

«Ատենախոսության մեջ արծարծվող հարցերը քննված են հարուստ փաստական նյութի շրջանակներում, այդ բնագավառում դասական եւ անցյալի հայագիտության ձեռքբերումների հնարավորինս հաշվառումով, վերլուծության նկարագրական մեթոդի գործադրմամբ: Ատենախոսը հրապարակային պաշտպանության է ներկայացրել ամբողջական աշխատանք, որ գնահատելի ներդրում է հայոց լեզվի պատմական բառագիտության բնագավառում, մասնավորապես կրոնաեկեղեցական բառաշերտի քննության ոլորտում»:

Պաշտոնական ընդդիմախոս, բ.գ.դ., պրոֆ. Գ. Խաչատրյան.

«Լեզվական փաստերին զուգահեռ` աշխատանքը պարունակում է կրոնաեկեղեցական ոլորտին վերաբերող հարուստ տեղեկատվություն եւ յուրօրինակ հանրագիտարանի տպավորություն է թողնում»:

Պաշտոնական ընդդիմախոս, բ.գ.դ., պրոֆ.Ա.Աբաջյան.

«Այսպիսով, Սիլվա Վարդանի Պապիկյանի «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» դոկտորական ատենախոսությունը տեսական հարցադրումների եւ նյութի լայն ընդգրկումով, ուսումնասիրության եղանակներով եւ ստացված արդյունքներով նորույթ է»:

Պաշտոնական ընդդիմախոս, բ.գ.դ., պրոֆ. Ռ. Սաքապետոյան.

«.... Վերլուծությունները կատարված են գիտական ամենաբարձր չափանիշներով: Հեղինակը բոլոր դեպքերում իր գնահատականներում մնում է զուսպ ու անաչառ: .... Աշխատանքն իր ամբողջության մեջ արժանի է ամենաբարձր գնահատականի, ուստի պնդում եմ, որ Սիլվա Վարդանի Պապիկյանի` պաշտպանության ներկայացված «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» ատենախոսությունը բավարարում է ՀՀ ԲՈՀ-ի դոկտորական ատենախոսություններին ներկայացվող պահանջները, համապատասխանում է Ժ.02.01 թվանիշի («Հայոց լեզու») մասնագիտությանը....»:

Եղել են նաեւ դրական ուրիշ կարծիքներ` բանավոր եւ գրավոր ելույթների ձեւով:

Սրանց կողքին ատենախոսության վերաբերյալ միակ բացասական կարծիքը Նազիկ Հովհաննիսյանինն է: Ի՞նչ կա որ, սա էլ նորմալ է: Եվ աներկբայորեն կընդունեի , եթե նպատակը լիներ գիտական ճշմարտությունը վեր հանելը, ընդդիմախոսությունը կատարված լիներ բարեխղճորեն, սրտացավությամբ, լիներ անաչառ, պարունակեր խելացի, օգտակար խորհուրդներ, շահեկան առաջարկություններ, նաեւ տեղին քննադատություն: Բայց արի ու տես, որ Ն.Հովհաննիսյանի նպատակը միանգամայն այլ է: Ակնհայտորեն խեղաթյուրելով փաստերը, ավելի հաճախ դիմելով բացահայտ կեղծիքների, աշխատանքս միտումնավոր կերպով աղավաղելու միջոցով մոլորության մեջ գցել ԲՈՀ-ին` բացասական որոշում կորզելու համար:

Մինչ պաշտպանության դնելը` ատենախոսությունը երկու անգամ քննարկվել է այն բաժնում, որի աշխատակիցն է Ն.Հովհաննիսյանը: Հարց է առաջանում. եթե նա այդքան նախանձախնդիր էր ատենախոսության որակի համար, ապա ինչո՞ւ չի մասնակցել աշխատանքի քննարկմանը արդի հայերենի եւ հայոց լեզվի պատմության բաժինների համատեղ նիստերում: Նա` որպես բաժնի աշխատակից, պարտավոր էր կարդալ ատենախոսությունը, որովհետեւ բաժնի աշխատակիցների պարտականություններից մեկն էլ ատենախոսություններ կարդալը, դիտողություններ անելն է: Դրա համար նա վարձատրվում է պետության կողմից: Բայց Ն.Հովհաննիսյանը գերադասել է գործել գողեգող, ծածուկ, «ընդհատակից»: Պետք է արժանին մատուցել Ն.Հովհաննիսյանին, որ չի ալարել, թեկուզ գողունի, մանրազնին ուսումնասիրել է ատենախոսությունը, տքնաջանորեն սեւ աշխատանք կատարել, որպեսզի հետո, զրպարտությամբ, սեւացնի գիտական այն աշխատանքը, որի մասին ճանաչված լեզվաբանների կարծիքները բերեցինք քիչ առաջ:

Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը դեռ չավարտված, շատ հնարավոր է` նույնիսկ դրանից առաջ, նա իր «կարծիքը» վազեվազ հասցնում է ԲՈՀ:

Որո՞նք են Ն.Հովհաննիսյանի «քննադատական դիտողությունները»:

1. Ամենից առաջ այն , որ շարադրանքում, իբր, հղումներ չկան: Սա բացահայտ կեղծիք է. «Հայ կրոնաեկեղեցական բառապաշարը եւ նրա պատմական զարգացումը» աշխատանքը պարունակում է ....1722 ( հազար յոթ հարյուր քսաներկու) հղում: Ատենախոսության մեջ կարեւորվել է ժամանակագրությունը, քանի որ աշխատանքը տվյալ գիտակարգի պատմական քննությունն է: Այսպես` սկզբում տրվել են «Նոր հայկազեան բառարանի» տվյալները` լույս տեսած 1836-1837 թթ., Աստվածաշնչի համաբարբառի տվյալները` լույս տեսած 1895 թ., մինչդեռ Հ.Աճառյանի «Հայերեն արմատական բառարանը», որին, ըստ Ն.Հովհաննիսյանի, պետք է հղում կատարվեր, լույս է տեսել 1971-1979 թթ. (ապակետիպ օրինակը` 1926 թ. ): Աճառյանն ինքը մեծապես օգտվել է նշված բառարաններից:

Ահա մի քանի օրինակ Ն.Հովհաննիսյանի «կարծիքներում» արված դիտողություններից: Հմմտ. Աստվածաշնչի «Էլի՛,Էլի՛, լամա սաբաքթանի. որ թարգմանի, Աստուած իմ, Աստուած իմ, ընդէր թողեր զիս», աշխարհաբար` «Էլի, Էլի, լամա սաբաքթանի, որ թարգմանւում է` Աստուած իմ, Աստուած իմ, ինչու թողեցիր ինձ» (Մտթ.ԻԷ. 46, Մրկ. ԺԵ 34) նախադասության վերաբերյալ Ն.Հովհաննիսյանը գրում է.«Այնպես է ցույց տալիս, թե Ս.Պապիկյանն է գտել այն»:

Աստվածաշնչին քիչ թե շատ ծանոթ մարդը պետք է իմանար, որ այդ նախադասությունը որեւէ մեկը (տվյալ դեպքում` տողերիս հեղինակը) չէր կարող «գտնել» , քանի որ այն շատ հայտնի է եւ դարձել է թեւավոր արտահայտություն: Աստվածաշնչում ոչինչ չեն «գտնում»: Դրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են: Նույնիսկ ֆիլմերում հաճախ գործածում են հենց այս օտարալեզու նախադասությունը: Հայ մատենագրության մեջ այդ բառի առաջին վկայությունը Աստվածաշնչից է, եւ, բնականաբար, օրինակը պետք է բերվեր Աստվածաշնչից եւ ոչ թե Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանից»: ԱՃառյանն ինքն էլ օգտվել է Աստվածաշնչից: Բերել ենք նաեւ նախադասության ռուսերեն եւ հունարեն տարբերակները: «Элои, Элои: ламма савахфаний?, что значит: Боже Мой, Боже Мой, для чего Ты Меня оставил

Մեկ այլ դիտողության վերաբերյալ` դարձյալ Աստվածաշնչից` Նազովրեցի բառի մասին: Գրել եմ. « Նազովրեցի բառը Նոր կտակարանում հանդիպում է Հովհաննեսի ավետարանում.« Գրեաց եւ տախտակ մի Պիղատոս, եւ եդ ի վերայ խաչին. եւ էր գրեալ Յիսուս Նազովրեցի, Թագաւոր Հրէից» (Յովհ.ԺԹ.19):

Ն. Հովհաննիսյանը կարծում է, թե քանի որ այդ նախադասությունը կա նաեւ Կ.Դալլաքյանի «Նազովրեցի եւ հարակից հարցեր» հոդվածում (Պատմաբանասիրական հանդես, 2007, 3, էջ 186), ապա պետք է նշեի, « որ դրանք Կ.Դալլաքյանինն են»: Այսինքն` Նազովրեցի բառի վերաբերյալ Աստվածաշնչի համապատասխան համարը նշելու փոխարեն պետք է նշեի... Կ.Դալլաքյանին: Դե ինչպե՞ս գլուխդ չբռնես` հոդվածագրի այսպիսի մակարդակը տեսնելով: Բայց չէ՞ որ Կ.Դալլաքյանից բացի` այս նախադասությունը ամեն օր ասում, գրում, հնչեցնում են հարյուրավոր մարդիկ քրիստոնյա աշխարհում: Ի՞նչ է, բոլորին պետք է նշեի՞:

Նույնը վերաբերում է Բելիար բառին, որի համար հղված է Նոր կտակարանը` Բ. Կրնթ. Զ. 15-16: (Տե՛ս Ատ. էջ 201) : Ն.Հովհաննիսյանի կարծիքով` հղումը պետք է լիներ «Բառարան սուրբ գրոց»-ին:

Մեկ այլ բառի մասին` Երախա (երեխա): Ն.Հովհաննիսյանը գրում է, որ բառն ստուգաբանել է Հ.Աճառյանը: Ճիշտ չէ: ՀԱԲ-ում բառի ծագումը հստակ չէ. Աճառյանն ինքն էլ կասկածում է` ասորերենի՞ց է, թե՞ պարսկերենից է փոխառված բառը (տե՛ս Հայերեն արմատական բառարան, 2, էջ 35): Բառի բացատրությունը Ստ.Մալխասյանցինն է: Մալխասյանցը «Մշակ» թերթի 1913 թ. մայիսի 14-ի թիվ 103 համարում, ի պատասխան ընթերցող Սարիբեգ Տեր-Մելիքսեդեկյանի հարցմանը, թե ինչ տարբերություններ կան երեխայ, զաւակ եւ որդի բառերի միջեւ, գրում է.«Երեխայ կամ երախայ սկզբնապէս նշանակում էր «չը մկրտված», ինչ հասակի էլ որ լիներ: Ի միջի այլոց յիշեմ Եղիշէից մի կտոր, որտեղ ասված է, թէ Վարդանանց պատերազմի նախընթաց գիշերը քահանաները բանակում ավազան կանգնեցրին, եւ « եթէ գոյր ոք երախայ ի բազմութեան զօրուն` մկրտեցին»: Ուստի երբ մի ժամանակ հայը ասում էր, թէ նա «դեռ երեխայ է», հասկացվում էր, թէ նա դեռ մկրտված չէ: Ժամանակի ընթացքում մեր մէջ սովորութիւն դարձաւ մկրտել մանուկ հասակում (առաջ մկրտում էին չափահասութեան ժամանակ): .... Երեխայ բառի այս վերջին նշանակությունը (փոքրահասակ) ընդհանրացաւ եւ խափանեց առաջին նշանակութիւնը: Արդ` երեխայ բառը սկզբում երբեք սեռի խտրութեան համար չէ գործածվել, այլ միայն մկրտված չը լինելու, սրանից հետեւում է, որ ներկայումս երեխայ բառը կարող է նշանակել անխտիր «փոքրահասակ` թէ տղայ, թէ աղջիկ»:

Բերել եմ Ստ. Մալխասյանցի «Հայերեն բացատրական բառարանից» համապատասխան հատվածը հղումով` «Որպես բառի առաջին իմաստ` տրվում է «1.Դեռ չմկրտված (փոքր կամ մեծ), 2. Տղայ կամ աղջիկ փոքր հասակում»(ՀԲԲ, 1, 576):

Ընդհանրապես Ն.Հովհաննիսյանն այնքան է տարվել հղումամոլությամբ, որ պահանջում է հղումներ անել նույնիսկ հանրահայտ, դասագրքային ճշմարտությունների դեպքում: Այսպես` «Հայ եկեղեցում աբեղայությունը կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանն է: Կուսակրոն քահանաները կոչվում են աբեղա, երբ ստանում են վեղար. ձեռնադրվում են եպիսկոպոսի կողմից» (Ատ., էջ 184), «Ինչպես հայտնի է, տասնվեց մարգարեներից Եսայու, Եզեկիելի, Երեմիայի եւ Դանիելի մարգարեությունները կոչվում են Մեծ, մյուսները` Փոքր» (Ատ., էջ 137), «Ածանցումը հայերենում նոր բառերի կերտման կարեւոր եւ կենսունակ միջոցներից է» ,«Տերմինային բառածանցման մեջ մեծ կենսունակություն են ցուցաբերում վերջածանցները» եւ այլն: Ասացեք, խնդրեմ, այստեղ ո՞ւմ պետք է հղել եւ ինչո՞ւ:

2. Ն. Հովհաննիսյանը մեղադրում է, որ աշխատանքը իբր համակարգված չէ: Հոդվածագրին դուր չեն գալիս կատարված դասակարգումները:

Նախ` եկեք տեսնենք, թե ի՞նչ է նշանակում «համակարգել»: Ըստ Էդ.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի»` համակարգել բառն ունի հետեւյալ իմաստները. «1.Դասակարգել: 2.Կարգավորել, համակարգի վերածել: 3. Միավորել, կոորդինացնել: 4. (հնց.) Նույն կարգում դասել: 5. Տե՛ս Շարադրել (ԱՀԲԲ, էջ 800):

Տեսնենք` իմ աշխատանքը համապատասխանո՞ւմ է այս բացատրությանը:

Ատենախոսության մեջ`

1. Առաջին անգամ քննված է կրոնաեկեղեցական բառապաշարի միավորների իմաստափոխության գործընթացը գրաբարի, միջին հայերենի եւ արդի հայերենի փուլերում: Անդրադարձ է եղել բառերի տերմինացման եւ ապատերմինացման հարցերին:

2. Կատարված է կրոնաեկեղեցական բառերի ա/ բառակազմական, բ/ իմաստագործառական, գ/ հաճախականության եւ այլ առանձնահատկությունների քննություն:

3. Փոխառությունների մեջ առանձնացված են հնացած եւ այն բառերը, որոնք պահպանվել եւ գործառում են մինչեւ այժմ, նշված են բառերի թվային տվյալները:

4. Բնիկ հայերեն բառերի իմաստների եւ բառակազմական փոփոխությունների գործընթացը ներկայացված է աղյուսակներով: Բառիմաստների փոփոխությունը որոշելու համար համեմատվել են «Առձեռն բառարանի», Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանի» եւ Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» տվյալները, բառակազմական տեսակետից փոփոխությունները որոշելու համար` «Նոր հայկազեան բառարանի» եւ «Արդի հայերենի բացատրական բառարանի» տվյալները:

5. Ներկայացված են համալրման աղբյուրները` ա. ներքին` իմաստաբանական միջոց` համագործածական բառի տերմինացում, բառածանցում, բառաբարդում եւ բ. արտաքին` փոխառություններ:

6. Կատարված է շերտաբանական քննություն` ընդհանուր, հին, միջինհայերենյան, արեւմտահայերեն, բարբառային ու ժողովրդախոսակցական, նոր բառերի:

7. Ներկայացված են կրոնական բնույթի բառերի տերմինային եւ ձեւաբանական կաղապարները:

8. Նշվել են բառիմաստների փոփոխության հիմունքները` կցորդություն, նմանություն, հոգեւոր-մշակութային փոփոխություն, հասարակ անվան հատկանունացում ու հակառակը եւ այլն: Յուրաքանչյուր գլխաբառի վերջում տրված է իմաստափոխության հիմունքը:

9. Տվյալ բառի համար բերված են բաղադրությունները, հոմանիշները, դարձվածքները:

10. Մի շարք հասկացությունների համար առաջարկել ենք նոր տեսակետներ` գինեձոնություն, նեռն, առնակ:

ամակարգումը (դասակարգում, կարգավորում, միավորում, կոորդինացում...) էլ ինչպե՞ս լինում: Սա կրոնաեկեղեցական տերմինների համակարգված քննություն է` բառիմաստների փոփոխությունների ընթացքի եւ դրանց հիմնավորման շեշտադրությամբ:

Ի դեպ, աշխատանքի` համակարգված չլինելու վերաբերյալ դիտողություն չի արել մեր ընդդիմախոսներից եւ ոչ մեկը, երկու բաժինների քննարկումներում եւ արտաքին կարծիքների մեջ նույնպես այդ մասին ոչինչ չի ասվել:

3. Մյուս «մեղադրանքը» վերաբերում է բառարաններից օգտվելուն: Սա արդեն Ն.Հովհաննիսյանի մտքի նոր փայլատակումներից է: Ընդունում եմ «մեղքս». մեծապես օգտվել եմ բազում-բազում բառարաններից` հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով, համաբարբառներից: Կարելի՞ է արդյոք լեզվաբանական աշխատանք կատարել առանց բառարաններից օգտվելու: Եթե կա այդպիսի լեզվաբան, տվե՛ք անունը: Բնականաբար, տարաժամանակյա լեզվաբանական քննություն կատարելու համար անհրաժեշտ էր օգտվել ե՛ւ հին հայերենի, ե՛ւ միջին հայերենի, ե՛ւ արդի հայերենի բառարաններից, համաբարբառներից, հանրագիտարաններից. դրանք հավաքելն էլ մեծ աշխատանք է պահանջում: Օգտվել եւ բազմաթիվ օրինակներ եմ բերել հայ մատենագրությունից, լեզվաբանական աշխատություններից, ազգագրական հանդեսներից, Աստվածաշնչից, հայկական ժողովրդական էպոսից, հայ քնարերգությունից (Ն.Հովհաննիսյանի մի «հանճարեղ» գյուտն էլ այն է, թե հարկ չկար օգտվել բանաստեղծական խոսքից: Ըստ նրա` բանաստեղծական խոսքը բառապաշարի մաս չի կազմում):

Ի դեպ, բառարաններից օգտվելու հարցում նախանձելի «հետեւողականություն» է դրսեւորում հոդվածագիրը. մի դեպքում մեղադրում է, թե ինչու եմ օգտվել բառարաններից, մյուս դեպքում` թե ինչու չեմ օգտվել: Պարզ է` առաջնորդվում է տվյալ պահին իրեն ավելի ձեռնտու տարբերակով:

Իհարկե, բառարաններից անհրաժեշտաբա՛ր պետք է օգտվեի` հատկապես բառերի իմաստափոխության գործընթացը պարզելու նպատակով: Պատկերացրե՛ք, մեծ լեզվաբաններն էլ են այդ «մեղքը» գործել:

Հ.Աճառյանը բառերի իմաստների մասին գրում է. «Այստեղ հետեւել եմ սովորաբար Նոր հայկազեան բառարանին` նկատի առնելով նաեւ տուած վկայությունները.... Բայց կսխալի ընթերցողը, եթէ կարծի կամ սպասի գտնել բառարանիս մէջ բառերի բոլոր առումները կամ նշանակութեանց բոլոր նրբութիւնները եւ նրանց բացատրութիւնը օրինակներով, ինչպէս նաեւ ոճեր, դարձուածներ եւ ասութիւններ: Իմ աշխատութիւնը բացատրական չէ: Այդ նպատակի համար պէտք է դիմել Հայկազեան բառարանին եւ նոր հրատարակելի Մալխասեան բացատրական բառարանին» (տե՛ս Հայերեն արմատական բառարան, Առաջաբան, էջ 3-4):

Մ. Աբեղյանն էլ գրում է. «Իսկ ինչ վերաբերում է հայոց լեզվի բառերի զանազան նշանակություններին, այդ մասին գրեթե բան չկա ասված: Դրա համար, անշուշտ, նախ պիտի հավաքվեն բոլոր բառերը թե՛ գրավոր աղբյուրներից եւ թե՛ բարբառներից, ճշտվեն նրանց նշանակություններն ու կիրառությունները, ապա նոր առանձնապես ուսումնասիրվեն, թե մեր լեզվի բառերի զանազան առումներից ո՛րը հիմնական, ընդհանուր նշանակություն է, ո՛րը պատահական, բայց սովորական դարձած, թե ո՛ր բառը կամ բառի ո՛ր նշանակությունը գրաբարից է, միջին գրական լեզվից կամ բարբառներից: Այսպիսի հետազոտության ժամանակ չպիտի մոռացվեն, հարկավ, նաեւ օտար լեզուների ազդեցությունը» (Տե՛ս Մ.Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 163):

Տե՛ս նաեւ Ալ.Մարգարյան, Ժամանակակից հայոց լեզու, Բառագիտություն, Ե., 1993, էջ 49, 60-66:

Բառարանների՛ն էլ պարտադիր հղումներ են արվել: Եթե այդ հղումները չկատարեի , հիմա էլ դիտողություն կարվեր, թե դրանք առանց հղումների են:

Ն. Հովհաննիսյանի «ձեռքբերումներից» մեկն էլ ատենախոսությունը անվանարկելու համար առանձին հատվածներ պատճենելիս հղման մասը միտումնավոր հանելն է, որպեսզի ցույց տա , թե իբր դրանցում հղումներ չկան:

Այդպես վարվել է Ն.Հովհաննիսյանը հետեւյալ` բուտ (ատ. էջ 60), բամա (ատ. էջ 76), կորբան (ատ.էջ. 77-78), մեռոն (ատ., էջ 99), կախարդասար (ատ.էջ 127-128), բելիար (ատ.էջ 201-202), աղօթվոր (ատ. էջ 14), աղօթվորութիւն (ատ. էջ 14), կերոն (ատ. էջ 97), դեսպուտ (ատ., էջ 102) մկրտութիւն (ատ., էջ 172), իկոն (ատ., էջ 103), գուշակ բառի «մատնիչ» իմաստը (ատ. էջ 117) եւ բազմաթիվ այլ բառերի հետ, որոնք բոլորն էլ հղումներ ունեն:

Կամ էլ մեղադրում է, որ Հեննետիկոն (ատ., էջ 103-104), Իկոն (ատ. էջ 103), Հերեսիովտ (ատ. էջ 104), օրթի (ատ. էջ 108-109), Ռաբբի (ատ. էջ 75), Համակդեն (ատ. էջ 161) բառերի հղումները իմիջիայլոց կամ հարեւանցիորեն են արված:

Բայց, ասացեք, խնդրեմ, հղումը ինչպե՞ս կարող է լինել հարեւանցի կամ իմիջիայլոց: Սա էլ Ն.Հովհաննիսյանի նո՞ր հայտնագործությունն է:

Ն.Հովհաննիսյանի «քննախոսական վարպետությունը» գնալով նորանոր բարձունքներ է նվաճում: Նա իր մեղադրանքն արդեն կառուցում է.... ենթադրության վրա. «Դե,երեւի, սա էլ սխալ կլինի»... եւ ատենախոսությունից մեջբերում է մի քանի էջ ` առանց որեւէ մեկնաբանության: Իրավաբանության մեջ գործող անմեղության կանխավարկածը փոխարինում է ...մեղավորության կանխավարկածով:

3. Ն.Հովհաննիսյանի մեղադրանքներից մեկն էլ վերաբերում է եզակի վկայությամբ բառերին. իբր այնպես եմ «ցույց տալիս», թե ես եմ գտել դրանք:

Այստեղ էլ հոգուն մեծ մեղք է անում հոդվածագիրը: Եթե ուշադիր լիներ կամ դիտավորյալ չանտեսեր իրողությունը, ապա հեշտությամբ կնկատեր, որ եզակի վկայությամբ կամ նվազ հաճախական բառերի համար տրվել է նրանց ծագումը ըստ ՀԱԲ-ի, բերվել են համապատասխան բնագրային օրինակները, հիմնականում` Աստվածաշնչից, նաեւ այլ աղբյուրներից, ապա բերվել են բառարանային տվյալները: Եզակի վկայության փաստերը արձանագրված են ՆՀԲ-ում, Աստվածաշնչի համաբարբառում, ՀԱԲ-ում: (Տե՛ս ատ. էջ 50): Եզակի վկայությամբ բառը ներկայացնելու այլ տարբերակ չկա :

Ամեն հարցի քննության ժամանակ նշել եմ համապատասխան հեղինակներին, նրանց կարծիքները:

Հունական, եբրայական, ասորական փոխառությունների ամփոփումների մեջ թյուրըմբռնման տեղիք են տվել եզակի վկայություններին վերաբերող այն հատվածները, որ գրել եմ. «Այսպիսով, հունարենի միջոցով հայերենին անցած եբրայական բառերից կրոնաեկեղեցական բառաշերտին են պատկանում դրանց մոտավորապես 19 տոկոսը` 28 բառ, որոնցից`

1. հաճախական են` ալէլուիա, ամէն, գեհեն, եդեմ, մեսիա, ռաբբի, ռաբբունի, օվսաննա (ովսաննայ),

2. եզակի վկայությամբ կամ նվազ հաճախական են ազազայէլ, բամա, նեսար, քովմարիմ, բէեղզեբուղ, բելիար, դաբիր, էլ, թերափիմ, թուրէ, կորբան, պասքա, սէրսէրիմ :

Ընդդիմախոսը բերում է Յահ, Նեսար, Սէրսէրիմ, Քովմարիմ եզակի վկայությամբ բառերը, որոնք համապատասխան հատվածներում ունեն հղումներ ՆՀԲ-ին, ՀԱԲ-ին: Տարընթերցումներից խուսափելու համար եզակի վկայություններից առաջ ավելացրել եմ` ըստ բառարանների տվյալների:

բ/ Նույնաբնույթ մյուս դիտողությունը ասորական Ատեսարոն (փոխ. Դիատեսարոն), Իբրամէն (փոխ. Դիբրամէն), Սիդա բառերին է վերաբերում, որ, ըստ ՀԱԲ-ի, առաջացել են սխալ ընթերցման հետեւանքով: Յուրաքանչյուր բառի վերաբերյալ հատվածում հղված է ՀԱԲ-ը, որ նշվում է նաեւ Ն.Հովհաննիսյանի դիտողության մեջ: Ամփոփման մեջ այս բառերից առաջ ավելացրել եմ` ըստ բառարանների տվյալների:

գ/ Հունական եզակի վկայությամբ բառերը նույնպես իրենց տեղերում հղված են: Ավելացրել եմ. «Ինչպես ցույց են տալիս բառարանների տվյալները, հունական ծագում ունեցող կրոնական բնույթի բառերից 1. եզակի վկայություններ են` արիէ, դեսպուտ, էնկոմիա, իկոն, հեննետիկոն, մարտիրողոգ եւ այլն»:

Չերկարացնեմ: Նազիկ Հովհաննիսյանը երեք անգամ գրեթե նույնությամբ իր «գրախոսությունը» ուղարկել է ԲՈՀ: Երեք անգամ էլ ԲՈՀ-ի պահանջից ելնելով` ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտում կազմված հանձնաժողովները հանգամանորեն քննարկել են, արել համապատասխան եզրահանգումներ` ընդգծելով, որ Ն.Հովհաննիսյանի դիտողությունների մեծագույն մասը չի համապատասխանում իրականությանը:

Ինձ համար միանգամայն հասկանալի են Ն.Հովհաննիսյանի նյարդային ջղաձգումները. իր բանսարկության հերթական զոհը ինչո՞ւ է համառում, չի հանձնվում եւ դարձյալ ու դարձյալ դիմում է ԲՈՀ` պաշտպանելով իր իրավունքները: «Մինչեւ ե՞րբ»,- հարցնում է նեղսրտած:

Մինչեւ Ն.Հովհաննիսյանը վերջ տա իր անշնորհակալ գործունեությանը, ամենայն լավի, արժանավորի վրա ցեխ շպրտելուն, ձերբազատվի չարակամությունից, ապաշխարի եւ դարձի գա: Բայց քանի որ լավ եմ ճանաչում նրան երկար տարիների համատեղ աշխատանքի բերումով, ծանոթ եմ էությանը, գիտեմ` նա ուրիշ կերպ չի կարող ապրել. սա է նրա modus vivendi-ն:

Ուրեմն` այդ հարցի պատասխանը առայժմ բաց է մնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ